Ի՞նչ ընդհանրություն կա ChatGPT-ի և մարդու միջև

22 մայիսի, 2023  22:05

Արհեստական բանականությունը, որով աշխատում է ChatGPT չատբոտը, կարող է ազնիվ չլինել իր պնդումներում զրուցակցին հաճոյանալու նպատակով, ճիշտ այնպես, ինչպես դա անում է պրակտիկանտը, որը ցանկանում է հաճոյանալ գործատուին: Նման կարծիք է հայտնել Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Իթան Մոլլիկը։

Նրա կարծիքով՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքները կարող են շատ օգտակար լինել, նույնիսկ անկախ նրանից, որ դրանք հակված են փաստական սխալներ թույլ տալու։ Նրանց «վարքագիծը», ըստ գիտնականի, երբեմն նման է մարդու վարքագծին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդուն, որը լավ ծանոթ չէ գիտելիքների որոշակի ոլորտին:

«Ավելի լավ է դրա մասին մտածել այնպես, ինչպես մարդու դեպքում, օրինակ՝ ինչպես պրակտիկանտի դեպքում: Արհեստական բանականությունն անվերջ պրակտիկանտ է, որը մի քիչ ստում է և երբեմն ցանկանում է դրանով ավելի երջանիկ դարձնել իր վերադասին»,- ասել է Մոլլիկը:

Ըստ նրա՝ արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել մարդուն մի շարք հարցերում, այդ թվում՝ նամակներ գրելով։ Բայց, ինչպես պրակտիկանտների դեպքում, բավարար արդյունքներ ստանալու համար արհեստական բանականությունը մարդու ղեկավարման կարիքն ունի:

«Մարդը պետք է օգնի նրան, ոչ թե հակառակը։ Արհեստական բանականությունը չի կարող անսխալական լինել, բայց այն կարող է շատ ժամանակ խնայել ձեզ համար՝ անելով առաջին քայլը տհաճ առաջադրանքը լուծելու համար»,- եզրափակել է Մոլլիկը։

Նա նաև նշել է, որ իր ուսանողներից պահանջում է օգտվել ChatGPT-ից, որպեսզի ավելի լավ հասկանան, թե որն է դրա առավելությունը և ինչ առաջադրանքներ անելիս են մարդիկ ավելի լավ:


 
 
 
 
  • Արխիվ