Պատմության մեջ առաջին անգամ կապիկի ուղեղը միացրել են համակարգչին․ կենդանին կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը (լուսանկար)

8 մայիսի, 2023  12:04

Չինացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ նեյրոհամակարգչային ինտերվենցիոն ինտերֆեյսը միացրել են (BCI) ոչ մարդանման կապիկի ուղեղին: Գիտափորձի արդյունքում կենդանին կարողացել է կառավարել ռոբոտացված ձեռքը։ Նախկինում նմանատիպ փորձեր անցկացվել են ոչխարների վրա։

Գիտափորձն իրականացրել են Նանկայի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Դուան Ֆենի գլխավորությամբ՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակ հիվանդանոցի և Shanghai HeartCare Medical Technology Co բժշկական ընկերության մասնագետների հետ համատեղ։

Գիտնականները դիմել են նվազագույն ինվազիվ վիրահատության․ առանց կապիկի գանգի տրեպանացիայի՝ սենսորներն ուղեղի անոթների և սագիտալ սինուսի միջով հասցրել են գլխուղեղի շարժիչային կեղև: Սա հնարավորություն է տվել հայտնաբերել և հավաքել էլեկտրաէնցեֆալոգրամի (EEG) ազդանշանները, ինչի շնորհիվ կենդանին կարողացել է ակտիվորեն կառավարել ռոբոտացված ձեռքը։

nankai-china-experiment

Նեյրոհամակարգչային ինտերֆեյսի ստեղծման ուղղությամբ աշխատում է նաև Իլոն Մասկին պատկանող ամերիկյան Neuralink ընկերությունը։ Այնուամենայնիվ, այստեղ խոսքը ինվազիվ մեթոդի մասին է, իսկ չինացի գիտնականների կիրառած տեխնոլոգիան չի պահանջում գանգի տրեպանացիա (գանգը չեն ծակում), ավելի քիչ տրավմատիկ է և ավելի անվտանգ հիվանդի համար։

Ինտերվենցիոն BCI-ը, ինվազիվ և ոչ ինվազիվ BCI-ի հետ մեկտեղ, կենսաբանական գիտությունների սեգմենտի երեք հիմնական լավագույն տեխնոլոգիաներից է, որոնք այսօր գտնվում են գիտահետազոտական և փորձարարական փուլում: Ինտերվենցիոն BCI-ը, որի միջոցով հնարավոր է ուղեղը միացնել համակարգչին վիրահատական նվազագույն միջամտությամբ, ավելի քիչ վնասակար է, քան ինվազիվ տեխնոլոգիան և միաժամանակ ապահովում է էլեկտրաէնցեֆալոգրամի գրանցման ավելի լավ որակ, քան ոչ ինվազիվ տեխնոլոգիան:

Ավանդական ինվազիվ և ոչ ինվազիվ BCI-ի համեմատ՝ ինտերվենցիոն BCI-ը համատեղում է ազդանշանների ճանաչման կայունությունն ու անվտանգությունը, «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Դուան Ֆենը (նկարում աջից չորրորդը):

nankai-china

«Կենդանիների վրա առաջին փորձարկման հաջողությունը բեկում է՝ զրոյից մինչև մեկ, սակայն կլինիկայում հաջողության հասնելը 1-ից մինչև 100-ը տևող գործընթաց է, այնպես որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Beijing Daily-ին տված հարցազրույցում ասել է գիտափորձի մասնակից, Կապիտալ բժշկական համալսարանին կից գործող Xuanwu հիվանդանոցի նյարդավիրաբույժ Մա Յունցզեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ