Չինական «Չժուժուն» ռովերը Մարսի վրա հեղուկ ջրի համեմատաբար թարմ հետքեր է հայտնաբերել

2 մայիսի, 2023  14:12

Չինական «Չժուժուն» մարսագնացը, որը, հավանաբար, այլևս չի կարողանա շարունակել աշխատանքը դրա վրա կուտակված փոշու պատճառով, կարողացել է Մարսի ցածր լայնություններում հայտնաբերել հեղուկ ջրի առկայության մասին վկայող համեմատաբար թարմ հետքեր: Դա վկայում է, որ այդ տարածքները կարող են պոտենցիալ կերպով բնակեցված լինել: Ավելին, դա հակասում է նախկին ենթադրություններին, որ Մարսի վրա ջուրը կարող է գոյություն ունենալ միայն պինդ կամ գազային վիճակում։

Ինչպես տեղեկացնում է Scitechdaily.com-ը, բացահայտումն արվել է այն վայրի ավազաթմբերում հանքանյութերի մորֆոլոգիական առանձնահատկությունների ու կազմության վերլուծության շնորհիվ, որտեղ աշխատել է մարսագնացը: Հեղուկ ջրի առկայության ապացույցը հաստատել է ռովերից ստացված տվյալների վերլուծությունը, որը գնահատվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի կողմից: Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ակադեմիայի այլ բաժիններ։ Արդյունքներն արդեն հրապարակվել են Science Advances ամսագրում։

mars_watter_01.jpg (463 KB)

Նախորդ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ նախկինում Մարսի վրա հսկայական քանակի ջուր է եղել, սակայն մթնոլորտի կորստին զուգահեռ փոխվել է մոլորակի կլիման։ Արդյունքում, շատ ցածր ճնշումը և այլ գործոնները հանգեցրել են նրան, որ այսօր Մարսի վրա հեղուկ ջրի գոյատևումը չափազանց դժվարացել է: Գիտնականների շրջանում տարածված է այն կարծիքը, որ ջուրը մոլորակի վրա կարող է գոյություն ունենալ միայն պինդ և գազային վիճակում։

Այնուամենայնիվ, Phoenix սարքի ռոբոտացված ձեռքի վրայի կաթիլները ցույց են տվել, որ աղի ջուրը կարող է հայտնվել մարսյան ամառվա ընթացքում մոլորակի բարձր լայնություններում, իսկ սիմուլյացիան ցույց է տվել, որ հեղուկ ջրի ի հայտ գալու կլիմայական պայմանները կարող են ժամանակավորապես առաջանալ Մարսի որոշ գոտիներում, թեև մինչև վերջերս մոլորակի ցածր լայնություններում հեղուկ ջրի գոյության մասին տեսանելի ապացույցներ չկային:

Տեղեկությունը համալրում են «Չժուժուն»-ի կատարած բացահայտումները։ Մարսն ուսումնասիրելու առաքելության շրջանակում մարսագնացը 2021-ի մայիսի 15-ին վայրէջք է կատարել մոլորակի մակերեսին՝ Ուտոպիայի հարթավայրում: Ռովերի տեսախցիկների և սենսորների օգնությամբ ուսումնասիրվել են վայրէջքի գոտում ավազաթմբերի տարբեր հատկություններ և դրանց կազմը։ Պարզվել է, որ ավազաթմբերի մակերևութային շերտը հարուստ է հիդրատացված սուլֆատներով, հիդրատացված սիլիցիումով, երկաթի օքսիդ պարունակող հանքանյութերով և, հնարավոր է, քլորիդներով:

Գիտնականների կարծիքով՝ ավազաթմբերի մակերեսի այս բնութագրերը կապված են հեղուկ աղի ջրի առկայության հետ, որն առաջացել է ավազաթմբերի՝ աղ պարունակող մակերեսների վրա թափված սառույցի կամ ձյան հալչելու հետևանքով։ Մասնավորապես, ավազաթմբերի աղի շնորհիվ ջուրը ցածր ջերմաստիճաններում պահպանել է հեղուկ վիճակը, իսկ չորանալուց հետո առաջացել են մասնիկներ/հանքային նյութերի կեղևներ, որոնք հետագայում ճաքճքել են։ Ջուրը նաև այլ հետքեր է թողել ավազաթմբերի մակերեսին, որոնց տարիքը գնահատվում է 0,4-1,4 միլիոն տարի։ Գիտնականները ենթադրում են, որ բևեռային սառցե շերտից ջրի գոլորշու տեղափոխումը ժամանակին հանգեցրել է ավազաթմբերի վրա հեղուկ ջրի հետքերի ի հայտ գալուն։

mars_watter_02.jpg (701 KB)

Չինացի գիտնականների հայտնագործությունները վկայում են հեղուկ ջրի գոյության մասին Մարսի ստորին լայնություններում, որտեղ շատ ավելի տաք է, քան վերին լայնություններում։ Չինացի գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունները չափազանց կարևոր են Մարսի կլիմայի էվոլյուցիան ուսումնասիրելու, կյանքի համար նպաստավոր միջավայր գտնելու և կյանքի հետագա որոնման հարցում կարևոր հուշումներ ստանալու համար։


 
 
 
 
  • Արխիվ