Չինաստանը խոստովանել է, որ «Չժուժուն» մասրագնացը դուրս չի եկել «քնի ռեժիմից»

26 ապրիլի, 2023  12:04

Չինաստանը հայտարարել է, որ Մարսի վրա գտնվող իր «Չժուժուն» ռովերը «քնի» ռեժիմում մնացել է շատ ավելի երկար, քան նախատեսվում էր: Հնարավոր է, որ այն դուրս է եկել շարքից։ 

Սարքն այս ռեժիմին էր անցել գրեթե մեկ տարի առաջ։ Միջադեպի պատճառ էր դարձել ավազի և փոշու չափից ավելի կուտակումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ռովերի մշակողին։

Չինական կրակի աստծո պատվին անվանված մարսագնացը «քնի» ռեժմի էր անցել 2022-ի մայիսին, իսկ երբ սկսվել էր մարսյան ձմեռը, դրա մարտկոցներն սկսել են ավելի քիչ լույս ստանալ, ինչի հետևանքով նվազել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սարքը պետք է «արթնանար» դեկտեմբերին, սակայն դա տեղի չի ունեցել՝ հավանաբար փոշու անկանխատեսելի ծավալով կուտակման պատճառով։

NASA-ի տվյալների համաձայն՝ մարսագնացը չի շարժվել առնվազն սեպտեմբերից: 240 կիլոգրամանոց ռովերը Մարսի վրա բարեհաջող վայրէջք էր կատարել 2021-ի մայիսին։ Այն հագեցած է գիտական ​​գործիքների հավաքածուով, այդ թվում՝ բարձր լուծաչափով տեսախցիկով։

Մարսագնացի առաքելությունն է ուսումնասիրել Մարսի վրայի հողն ու մթնոլորտը, որոնել հնագույն կյանքի նշաններ, ներառյալ սառույցը և ստորերկրյա ջրերը: «Չժուժուն» կոնստրուկտորի խոսքով՝ սարքը 358 օր ուսումնասիրել է Մարսի մակերեսը և անցել 1921 մետր տարածություն, թեև այն նախատեսված էր ընդամենը երեք ամսվա աշխատանքի համար։

Նշենք, որ Մարսի վրա ներկայում աշխատում է ևս երկու ռովեր՝ ամերիկյան Perseverance-ը և Curiosity-ն. առաջինը մոլորակն ուսումնասիրում է արդեն երկու տարի, իսկ երկրորդը կատարում է իր առաքելությունը ավելի քան տասը տարի։


 
 
 
 
  • Արխիվ