Հայ մասնագետների ստեղծած և արհեստական բանականությամբ աշխատող HR Drone-ը կօգնի աշխատանք գտնել

19 ապրիլի, 2023  17:24

Հայ մասնագետները ստեղծել են արհեստական բանականությամբ աշխատող առաջին հարթակը HR-ների համար. նորարար HR Drone-ի նպատակն է՝ օգնել լավագույն ընկերություններին իրենց թափուր հաստիքները համալրել հնարավորինս հեշտ և արագ:

HR Drone-ը ոչ միայն աշխատակազմի համալրման համակարգ է, այլև HR/Recruiter-ներին տալիս է տեխնոլոգիական գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը: Օրինակ՝ ChatGPT-ի օգնությամբ կարող են վայրկյանների ընթացքում ստեղծել գրավիչ աշխատանքային հայտարարություններ:

Գործատուներն ու կադրերի որոնմամբ զբաղվող մասնագետները hrdrone.am-ում կարող են օգտվել աշխատանք փնտրողների հասանելի բազայից՝ ըստ պահանջվող հմտությունների:

HR-Drone-2

Հարթակն առաջարկում է մի շարք առավելություններ ինչպես աշխատանքային նոր հնարավորություններ դիտարկող օգտատերերի, այնպես էլ HR մասնագետների համար։ Դրանցից են՝ անանուն պրոֆիլներ, ԱԲ-ի միջոցով մի քանի ակնթարթում բովանդակալից աշխատանքային հայտարարությունների գեներացում, թեկնածուների համապատասխանության գործառույթ, անմիջապես հարթակից չատի միջոցով կապ նախընտրած թեկնածուի հետ, մի շարք ինտեգրացիաներ (Slack, Telegram և այլն)։

Ստարտափի համահիմնադիրներն են Արամ Սահրադյանն ու Նարեկ Հակոբյանը: Արամը, երկար տարիներ ապրելով Էստոնիայում, 2019-ին Նարեկի հետ հիմնել է ՏՏ աութսորսինգ ընկերություն Հայաստանում, սակայն ոլորտը սկսել է ուսումնասիրել ու աշխատել դեռ 2007-ից: HR Drone-ը նրանց առաջին ստարտափն է:

HR-Drone-1

Հիմնադիրները պատմում են, թե ինչն է դրդել ստեղծելու HR Drone-ը. «Միասին տարիներ շարունակ հաջող բիզնես ունենալով՝ որոշեցինք բացել մեր սեփական գաղափարով ստարտափը: Նոր թիմակիցներին գտնելու գործընթացը մեզ համար մարտահրավեր էր, որոշեցինք լուծում գտնել, և այսպես ծնվեց HR Drone-ը»:

Հարթակն ունի AI Matching-ի գործառույթ, որը փորձի և նախընտրելի աշխատավարձի հիման վրա գրանցված մասնագետի էջը կներկայացնի այն ընկերություններին, որոնք փնտրում են հենց նրան:

HR-Drone-3

HR Drone հավելվածը պարզ գործիք է գործատուների և մասնագետների համար՝ միշտ լինել տեղեկացված աշխատաշուկայից։ Թեկնածուն այստեղ հնարավորություն ունի լինել ինչպես ակտիվ օգտատեր, որն այս պահին նոր աշխատանքի կարիք ունի, այնպես էլ պասիվ, որը աշխատում է, սակայն դեմ չի լինի լսել հետաքրքիր առաջարկներ։ Ի դեպ, օգտատերերն անանուն են, և իրենք են որոշում առաջարկ անող ընկերության հետ կիսվել իրենց տվյալներով, թե՝ ոչ. նրանք բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ առաջարկը հետաքրքրում է։


 
 
 
 
  • Արխիվ