BloombergGPT. նոր նեյրոցանցը հասկանում է ֆինանսներից և կարող է օգնել ռիսկերի գնահատման հարցում

14 ապրիլի, 2023  13:44

Bloomberg լրատվական գործակալությունը մշակել է BloombergGPT նեյրոցանցը, որը հասկանում է ֆինանսներից ու բիզնեսից և կարող է պատասխանել դրանց առնչվող հարցերին։ Մասնավորապես, այն կարող է անհրաժեշտ հուշումներ անել ֆինանսիստներին, լրագրողներին և այլոց, արագ վերլուծել ֆինանսական տվյալները՝ օգնելով ռիսկերի գնահատման, ֆինանսական տրամադրությունները գնահատելու հարցում և, հնարավոր է, նույնիսկ ավտոմատացնի հաշվապահական հաշվառումն ու աուդիտը:

BloombergGPT-ն աշխատում է OpenAI ընկերության ստեղծած ChatGPT-ի նման, բայց այն հիմնված չէ այդ ընկերության մշակումների վրա: Ի տարբերություն ChatGPT-ի, այն ուսուցանվել է վերջին 20 տարիների ընթացքում լրատվական գործակալության կողմից հավաքած մեծ թվով ֆինանսական փաստաթղթերի հիման վրա. դրանք արժեթղթերի վերաբերյալ փաստաթղթեր են, մամուլի հաղորդագրություններ, նորություններ և հրապարակումներ այլ պարբերականներից: Նոր նեյրոցանցում պարունակվող ինֆորմացիայի մոտ 50%-ը վերցված է GitHub-ից, Wikipedia-ից և YouTube սուբտիտրերից։

Ինչպես տեղեկացնում է Forbes-ը, արհեստական բանականությամբ աշխատող այս նեյրոցանցի ​​ ուսուցանման համար 8-ական NVIDIA A100 40 ԳԲ հզորությամբ գրաֆիկական պրոցեսոր ունեցող 64 սերվեր հաշվարկներ է կատարել մոտ 53 օր: Այս աշխատանքը պահանջում է հսկայական հաշվողական հզորություններ, ուստի BloombergGPT մոդելը մշակելու համար Bloomberg-ը համագործակցում է NVIDIA-ի և Amazon Web Services-ի հետ:

Քանի որ յուրաքանչյուր գրաֆիկական պրոցեսոր տասնյակ հազարավոր դոլար արժե, բայց արհեստական բանականության ուսուցանման համար օգտագործվում է համեմատաբար կարճ ժամանակով, BloombergGPT թիմը որոշել է չգնել նոր գրաֆիկական քարտեր և հաշվարկները կատարելու համար օգտագործել AWS ամպային ծառայությունները: Քանի որ ամպային մեկ սերվերի վարձակալության վճարը, ըստ AWS-ի գովազդի, կազմում է ժամում 33 դոլար, ստացվում է, որ միայն մոդելների ուսուցանման վրա ծախսվել է ավելի քան 2,7 միլիոն դոլար։

Bloomberg-ը չի նախատեսում ստեղծել չատբոտ ChatGPT-ի հետ մրցակցելու համար, այլ ցանկանում է օգտագործել այս գործիքը՝ ընդլայնելու իր Terminal ծառայության ֆունկցիոնալությունը, արհեստական ​​բանականության մոդելի հնարավորություններն օգտագործելով, ֆինանսական շուկան ուսումնասիրելու և վերլուծելու համար։


 
 
 
 
  • Արխիվ