Թարմացում՝ WhatsApp-ում․ մեկ օգտահաշիվն այսուհետ կարող է օգտագործվել միաժամանակ 4 սարքում

12 ապրիլի, 2023  13:45

WhatsApp-ի նոր՝ Companion ռեժիմը թույլ կտա մեկ օգտահաշիվն օգտագործել չորս տարբեր սարքերում։ Երկար ժամանակ այս ռեժիմը հասանելի էր միայն սահմանափակ թվով օգտատերերի, սակայն այժմ այն ​​հայտնվել է WhatsApp 2.23.8.2 բետա տարբերակում՝ Android սարքերի համար։

Ինչպես տեղեկացնում է Wabetainfo-ն, նույն օպերացիոն համակարգով աշխատող տարբեր սարքերում միևնույն WhatsApp օգտահաշիվն օգտագործելու հնարավորությունը կարող է շատ օգտակար լինել նրանց համար, ովքեր մի քանի սմարթֆոն կամ պլանշետ են օգտագործում իրենց հիմնական սմարթֆոնի հետ մեկտեղ։

Companion ռեժիմի շնորհիվ օգտատերերի բոլոր չատերն ավտոմատ կերպով կսինխրոնացվեն նույն օգտահաշվին միացված բոլոր չորս սարքերի միջև:    

Առայժմ այս նորամուծությունը հասանելի է միայն WhatsApp-ի բետա տարբերակում, իսկ թե երբ այն հասանելի կդառնա բոլորին, հայտնի չէ։ Դեռևս տվյալներ չկան այն մասին, թե երբ են ծրագրավորողները պլանավորում նմանատիպ գործառույթ գործարկել iOS սարքերի համար նախատեսված հավելվածի տարբերակում։

2.23.8.2 բետա տարբերակում գործարկվել է ևս մեկ նոր գործառույթ, որի նպատակն է բարձրացնել օգտատերերի գաղտնիության մակարդակը. այն թույլ է տալիս արգելափակել առանձին չատերը՝ դրանց մուտք տրամադրելով միայն մատնահետքի կամ գաղտնաբառի միջոցով և այդպիսով պաշտպանելով օգտատիրոջ նամակագրությունը երրորդ կողմերից:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին առաջին անգամ նախատեսվում է փոխել նաև WhatsApp-ի Android տարբերակի դիզայնն ու ինտերֆեյսը․ այն ավելի նման կդառնա iOS տարբերակին. նավիգացիոն պանելն էկրանի վերևից կտեղափոխվի ներքև:


 
 
 
 
  • Արխիվ