Կարո՞ղ է GPT-4-ը փոխարինել բժիշկներին․ ԱԲ-ն կարողացել է մի քանի վայրկյանում հիվանդին ճիշտ ախտորոշում տալ

10 ապրիլի, 2023  10:28

GPT-4-ը ապագայում կարող է օգտագործվել բժշկական ոլորտում: Հարվարդի տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության մասնագետ, դոկտոր Իսահակ Քոհանը և նրա գործընկերները պարզել են, որ ախտորոշման հարցերում արհեստական բանականությունը (ԱԲ) գերազանցել է շատ բժիշկների: Անգամ բժշկի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ քննություն է հանձնել։

Հարցերի 90%-ի դեպքում GPT-4-ը բժշկական արտոնագրի քննության հարցերին ճիշտ է պատասխանել, և նրա պատասխանները գերազանցել են ոչ միայն ChatGPT-ին՝ հիմնված GPT-3-ի և GPT-3.5-ի վրա, այլ նաև որոշ գործող բժիշկների արդյունքներին, որոնք արդեն ունեն արտոնագիր:

GPT-4-ը ցույց է տվել, որ այն ոչ միայն գիտի բազմաթիվ բժշկական փաստեր, այլև կարող է հիանալի թարգմանիչ լինել։ ԱԲ-ն շատ լավ գլուխ է հանել մի հիվանդի հիվանդության պատմությունից, որը գրված է եղել պորտուգալերենով։ Այն կարողացել է տերմիններով լի այդ տեխնիկական տեքստը վերափոխել նյութի, որը կարող էր հասկանալ անգամ վեցերորդ դասարանցին: ԱԲ-ն նաև օգտակար խորհուրդներ է առաջարկել բժիշկներին, թե ինչպես ճիշտ շփվել հիվանդների հետ: Բացի դրանից, GPT-4-ը լավ է կատարել ծավալուն հետազոտությունների վերաբերյալ հաշվետվությունների մշակումը՝ ակնթարթորեն ամփոփելով դրանց բովանդակությունը:

ԱԲ-ն այնպես է ներկայացրել իր պատասխանները, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե հետազոտողների հետ խոսում է «իսկական» բանականությունը, ինչպես մարդու բանականությունն է։ Բայց ուշադիր լինելու դեպքում է կարելի է նկատել, որ ԱԲ-ն իր դատողություններում դեռ սահմանափակված է շաբլոններով և չգիտի, թե ինչպես լիարժեք հիմնավորել որևէ բան՝ հասկանալով պատճառահետևանքային կապերը։

Հետազոտողներն ԱԲ-ին տրամադրել են իրական բուժառուի տվյալները, որպեսզի տեսնեն, թե արդյոք այն կարող է գլուխ հանել դրանից, ինչպես դա կանի բազմամյա փորձ ունեցող և երկար տարիներ ուսումնասիրությամբ զբաղվող բժիշկը: Եվ, ի զարմանս նրանց, ԱԲ-ն կարողացել է հիվանդի մոտ հազվագյուտ հիվանդություն ախտորոշել։

Այս փորձի մասին դոկտոր Քոհանը պատմել է «AI Revolution in Medicine» գրքում, որը նա գրել է անկախ լրագրող Քերի Գոլդբերգի և Microsoft-ի հետազոտական ​​հարցերով փոխնախագահ Փիթեր Լիի հետ միասին:

Նրա խոսքով՝ մի կողմից, իմաստ ունի ուրախանալ, որ տեսանելի ապագայում նման օգտակար գործիքը հասանելի կլինի միլիոնավոր մարդկանց, բայց, մյուս կողմից, դեռ բավականին դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այս հարթակն անվտանգ դարձնել օգտատերերի համար, քանի որ GPT-4-ը միշտ չէ, որ տալիս է ճիշտ պատասխաններ, և Քոհանի գրքում մեջբերվում են դրա սխալների բազմաթիվ օրինակներ:

Գրքի հեղինակների խոսքով՝ լուրջ սխալների ռիսկը նվազագույնի հասցնելու համար կարելի է GPT-4-ով մի քանի սեանս անցկացնել, որպեսզի ԱԲ-ն կարողանա «վերընթերցել» կամ «ստուգել» իր իսկ աշխատանքը «թարմ հայացքով»։ Նաև լավ կլինի նրա աշխատանքի ստուգումը վստահել խնդրից հասկացող մասնագետին։ 


 
 
 
 
  • Արխիվ