Ջեյմս Ուեբը Երկրին շատ նման TRAPPIST-1b մոլորակում մթնոլորտ չի հայտնաբերել

29 մարտի, 2023  21:40

Ժայռոտ TRAPPIST-1b էկզոմոլորակը, որը պտտվում է TRAPPIST-1 կարմիր գաճաճի շուրջ, շատ նման է Երկրին եւ գիտնականները ակնկալում էին, որ այնտեղ կարող են կենսաբանական կյանքի զարգացման համար պայմաններ լինել։ Սակայն Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի վերջին դիտարկումները ոչնչացրեցին այս բոլոր հույսերը. աստղադիտակը մոլորակի վրա մթնոլորտ չի հայտնաբերել, հետեւաբար այնտեղ կյանք էլ դժվար թե գոյություն ունենա։

TRAPPIST-1 համակարգը գտնվում է Արեւից 40 լուսային տարվա հեռավորության վրա եւ բաղկացած է 7 մոլորակներից։ TRAPPIST-1b էկզոմոլորակը ամենամոտն է աստղին եւ 1,4 անգամ մեծ է մեր Երկրից: Ջերմաստիճանն այնտեղ, ինչպես պարզվել է, հասնում է 230 աստիճան Ցելսիուսի։ Այն չափվել է միջին ինֆրակարմիր դիապազոնի Mid-Infrared Instrument (MIRI)տեսախցիկի միջոցով: Սակայն գիտնականները չեն գտել մթնոլորտի կողմից լույսի վերաբաշխման կամ ածխաթթու գազի կամ այլ նյութերի կողմից դրա կլանման հետքեր, ինչը նշանակում է, որ այս մոլորակի վրա մթնոլորտի առկայությունը քիչ հավանական է:

Այս հայտնագործությունը տխրեցրել է գիտնականներին: Թոմաս Գրինը՝ Կալիֆոռնիայում NASA-ի Էյմս հետազոտական կենտրոնի Տիեզերական գիտության եւ աստղակենսաբանության բաժնի աստղաֆիզիկոսը, որը ղեկավարում է դիտարկումները, Space.com-ի ասել է, որ այլ արդյունքի հույս ուներ:

«Որոշ տեսաբաններ կանխագուշակում էին, որ մոլորակը խիտ մթնոլորտ է ունենալու, մինչդեռ մյուսները կարծում էին, որ այն կարող է եւ չլինել,- ասել է Գրինը,- ես ավելի շատ հիասթափված էի, քան զարմացած՝ տեսնելով, որ այնտեղ մթնոլորտ չկա»։

Մյուս կողմից, գիտնականները առանձնապես հույս չունեին, որ այս էկզոմոլորակում կարող է կյանք լինել։ Բանն այն է, որ TRAPPIST-1b-ի եւ աստղի միջեւ հեռավորությունը Արեւին եւ Երկրին բաժանող հեռավորության ընդամենը 1/100 է։ Այս մոլորակը 40 անգամ ավելի մոտ է իր աստղին, քան Մերկուրին մեր Արեւին: Չնայած TRAPPIST-1-ը այդքան վառ չի փայլում, ինչպես Արեւը, TRAPPIST-1b-ը, միեւնույն է 4 անգամ ավելի շատ լույս է ստանում, քան Երկիրը: 

Այնուամենայնիվ, գիտնականները դեռ հույս ունեն այս համակարգում ինչ-որ հետաքրքիր բան գտնել. այն ունի առնվազն 3 մոլորակ՝ TRAPPIST-1e, 1f–ը եւ 1g–ը, որոնց վրա, նրանց կարծիքով, կան պայմաններ հեղուկ վիճակում ջրի գոյության համար, եւ տեսականորեն այս մոլորակների վրա կարող են պայմաններ լինել կենսաբանական կյանքի համար:

Կարմիր գաճաճների չափը ինչպիսին TRAPPIST-1-ն է, սովորաբար Արեւի չափի ընդամենը 0,08–0,6–ն է: Սակայն, սա Ծիր Կաթինի աստղերի ամենատարածված տեսակն է. գիտնականների կարծիքով, մեր գալակտիկայում այդպիսի աստղերը մոտ 10 անգամ ավելի շատ են, քան արեւանման աստղերը: Ավելին, ժայռոտ մոլորակների մոտ 95 տոկոսը, որոնք մոտավորապես Երկիր մոլորակի չափ են, պտտվում են TRAPPIST-1-ի նման  աստղերի շուրջ: Դրա համար գիտնականներին այդքան հետաքրքիր է այդ համակարգը․ դրա ուսումնասիրումը կօգնի հասկանալ, որ օբյեկտներում կարող են  կյանքի առաջացման համար պայմաններ գոյություն ունենալ։

Հարկ է նշել, որ Հաբբլ եւ Սպիտցեր (որն արդեն չեն օգտագործում) աստղադիտակների միջոցով նախորդ դիտարկումները TRAPPIST-1 համակարգի ոչ մի մոլորակում մթնոլորտի հետքեր չեն հայտնաբերել։ Սակայն Գրինը եւ իր գործընկերները չեն բացառում, որ TRAPPIST-1b-ում, այնուամենայնիվ, կարող է շատ բարակ մթոլորտ լինել, որը տարբերվում է Արեգակնային համակարգի մոլորակների մթնոլորտներից։

Հունիսին գիտնականները նախատեսում են TRAPPIST-1b-ի նոր դիտարկումներ անցկացնել՝ օգտագործելով այլ երկարության ալիքներ եւ դիտարկելով մոլորակի ուղեծրի մեծ մասը։ Գրինը չի բացառում, որ նոր ուսումնասիրությունը կօգնի բացահայտել մթնոլորտի նոր տեսակներ։

Իսկ այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։


 
 
 
 
  • Արխիվ