Solana Mobile ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի Saga անդրոիդ սմարթֆոնը web3-ի երկրպագուների համար: Սարքում ներկառուցված է Solana Mobile Stack, այն գործիքների և գործառույթների հավաքածու է, որը թույլ է տալիս օգտվել Solana dApp հավելվածներից, զբաղվել թոքենների առքուվաճառքով, ստեղծել NFT-ներ և խաղալ առցանց խաղեր:
Սմարթֆոնի թողարկումը նախատեսված է 2023 թ․ ապրիլի 13-ին։
Ինչպես տեղեկացնում է Gizmochina.com-ը, շատերը մինչ այժմ գրեթե ոչինչ չեն լսել Solana Mobile-ի մասին։ Այս ապրանքանիշը հիմնադրել են Essential-ի նախկին աշխատակիցները։ Մի քանի ամիս առաջ ընկերությունը հայտարարեց, որ այս տարվա ընթացքում կներկայացնի իր առաջին սմարթֆոնը։ Այժմ հայտնի է դարձել, որ առաջին Saga սմարթֆոնները հասանելի կլինեն շնորհանդեսի օրը՝ ապրիլի 13-ին:
Սկզբում ապրանքանիշը կոչվում էր OSOM (իսկ դրա առաջին սմարթֆոնը պետք է կոչվեր OSOM OV1), սակայն հետագայում այն վերանվանվեց, իսկ սմարթֆոնն ինքն ավելի բարեհունչ անուն ստացավ։
Ըստ Solana Mobile-ի՝ Saga-ն «կրիպտոյի պատմության հաջորդ գլուխն է, որը նոր ստանդարտ է սահմանում բջջային սարքերում web3-ի հետ աշխատելու համար»:
Նրանց կարծիքով՝ կրիպտոտեխնոլոգիաների տեղափոխումը շարժական սարքեր կհանգեցնի այդ տեխնոլոգիաների ավելի լայն կիրառմանը, ընդ որում՝ և՛ մշակողները, և՛ օգտատերերը կսկսեն դրանք ավելի լավ հասկանալ։
Հաղորդվում է, որ սմարթֆոնը կունենա 6,67 դյույմանոց OLED էկրան, 512 ԳԲ ներկառուցված հիշողություն, 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և ներկառուցված անվտանգության չիպ: Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 8+ Gen 1 բջջային հարթակի վրա։
Սարքը կունենա նաև 50 ՄՊ Sony IMX766 հիմնական տեսախցիկի սենսոր՝ զուգակցված 12 ՄՊ Sony IMX373 գերլայնանկյուն ոսպնյակի հետ: Կլինի նաև 16 ՄՊ տեսախցիկ սելֆիի և տեսազանգերի համար։ Ակնկալվում է, որ այն նաև կունենա Bluetooth 5.0-ի և հետևի վահանակի մատնահետքի սկաների աջակցություն: Սարքը սնուցվելու է 4100 մԱ/ժ մարտկոցով և կունենա անլար լիցքավորման աջակցություն։
Ինչպես արդեն նշվեց, սարքը կունենա նաև նոր կառուցված Solana Mobile Stack, որն օգտագործում է Qualcomm-ի չիպում ներկառուցված անվտանգության ֆունկցիաները: Ըստ փորձագետների՝ սա «Android-ի ֆրեյմվորք է, որը թույլ է տալիս ծրագրավորողներին Solana-ում դրամապանակների և հավելվածների համար բջջային հարուստ փորձառություններ ստեղծել»:
Նոր սմարթֆոնի գինը դեռ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ այն կարժենա մոտ 1000 դոլար։
ամիս
շաբաթ
օր