Տիեզերքի 10 հիանալի տեսարան, որ ֆիքսել է James Webb աստղադիտակը

13 մարտի, 2023  13:35

NASA-ի 10 միլիարդ դոլար արժողությամբ James Webb տիեզերական աստղադիտակը տիեզերք է դուրս բերվել 2021 թ․ դեկտեմբերի 25-ին Ֆրանսիայից։ Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում աշխատող աստղադիտակը 2022 թ․ հունվարի 24-ին ժամանել է իր նոր տիեզերական «տուն»՝ Լագրանժի կետ 2 կոչվող տարածք և այդ պահից ի վեր տիեզերքից հիասքանչ տեսարաններով լուսանկարներ է ուղարկում Երկիր: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Լուսանկարում Արարման սյուներն են, որոնք փոշու և գազի ամպեր են։ Արարման սյուները գտնվում են Օձեր համաստեղությունում՝ Երկրից մոտ 7000 լուսատարի հեռավորության վրա, և Արծվի միգամածության մասն են կազմում: Նախկինում դրանք լուսանկարել է նաև Hubble աստղադիտակը, սակայն իրենց դետալներով այդ լուսանկարներն էապես զիջում են James Webb-ի լուսանկարներին։

Այս լուսանկարում James Webb-ը ֆիքսել է WR140 հեռավոր աստղը։ Այն շրջապատված է խորհրդավոր օղակներ, որոնք գիտնականներին բավականին շփոթեցրել են: WR140 աստղն իր ջրածնի մեծ մասը դուրս է նետել տիեզերք և շրջապատված է փոշով:

Այս պատկերում, որն արվել է 2022 թ․ նոյեմբերի 16-ին, տիեզերական ավազե ժամացույցն իր կենտրոնում թաքցնում է նորաստեղծ աստղ կամ նախաաստղ: Բոցավառվող այս տեսարանը աստղադիտակները չեն կարողացել ֆիքսել գազի և փոշու խիտ և մութ ամպի պատճառով, որը հայտնի է L1527 անունով և տեսանելի է միայն ինֆրակարմիր լույսի ներքո:

Լուսանկարում Պանդորայի կլաստերն է, որը գտնվում է Երկրից մոտ 3,5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։ Լուսանկարն արվել է James Webb-ի ինֆրակարմիր սպեկտրի մերձակա տիրույթում աշխատող NIRCam տեսախցիկով, որն աննախադեպ մանրամասներ է ֆիքսում։ Կիրառվել է նաև James Webb-ի Ultradeep NIRSpec սարքը։

Սա Նեպտունի առաջին լուսանկարն է, որն արել է James Webb-ը։ Պատկերում տպավորիչ մանրամասներով երևում են սառցե հսկայի շուրջն առկա օղակները: Վերջին 32 տարվա մեջ սա Նեպտունի լավագույն պատկերն է համարվում։ Նեպտունի հարավային կիսագնդի պայծառ բծերը մեծ բարձրության վրա գտնվող սառցե ամպեր են, որոնք արտացոլում են արևի լույսը նախքան այն կկլանի ամպերում առկա մեթանը։

 

2022 թ․ սեպտեմբերի 26-ին NASA-ի DART զոնդը հարվածեց Դիդիմը աստերոիդի շուրջը պտտվող Դիմորֆ աստերոիդին՝ դրա ուղեծիրը փոխելու համար: James Webb-ը հետևել է այս առաքելությանը և մի շարք լուսանկարներ արել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Դիդիմը-Դիմորֆ աստերոիդների համակարգը պայծառացել հարվածից հետո։

Այս պատկերում առաջին անգամ բացահայտվել են Տարանտուլայի միգամածությունում (նախկինում կոչվում էր 30 Doradus) գտնվող երիտասարդ աստղերը: James Webb-ի բարձր լուծաչափի ինֆրակարմիր տեսախցիկը հիանալի մանրամասնությամբ ցուցադրում է երիտասարդ աստղերին, ինչպես նաև հետևի ֆոնում երևացող հեռավոր գալակտիկաները: Տարանտուլայի միգամածությունը գտնվում է Երկրից մոտ 161,000 լուսատարի հեռավորության վրա՝ Մագելանի մեծ ամպում:

Սա Ուրվական համաստեղությունն է, որը պաշտոնապես հայտնի է որպես NGC 628 կամ Messier 74։ Որոշ աստղագետների կողմից ստացել է «կատարյալ պարույր» անունը, քանի որ գալակտիկան շատ սիմետրիկ է: Պատկերն ստացվել է James Webb-ի միջին ինֆրակարմիր գործիքի միջոցով (MIRI): Գալակտիկան նախկինում բազմիցս նկարվել է այլ սարքերով, ինչպիսիք են Hubble տիեզերական աստղադիտակը և Wide-Field Infrared Survey Explorer (WISE), բայց James Webb-ի այս պատկերը ցույց է տալիս գալակտիկան բոլորովին նոր լույսի ներքո:

Յուպիտերի կոմպոզիտային այս պատկերն արվել է James Webb-ի աստղադիտակի ինֆրակարմիր մերձակա տիրույթի տեսախցիկով (NIRCam) և ցուցադրում է Յուպիտերի համակարգը տպավորիչ մանրամասնությամբ: Լուսանկարում տեսանելի են գեղեցիկ բևեռափայլեր և գազային հսկայի շուրջը պտտվող թույլ օղակներ: Տեսանելի են նաև Յուպիտերի երկու արբանյակները՝ Ամալթեան ձախում գտնվող պայծառ կետն է, իսկ Ադրաստեան խամրած կետն է օղակների եզրին՝ Ամալթեայի և Յուպիտերի միջև:

Wolf-Lunmark-Melotte անունով միայնակ գաճաճ գալակտիկայի այս աստղազարդ պատկերն ստացվել է James Webb-ի մերձակա ինֆրակարմիր տիրույթի տեսախցիկով: Այն հետաքրքիր է աստղագետների համար, քանի որ ամենահեռավոր անդամներից է տեղական գալակտիկաների խմբի, որում գտնվում է նաև Ծիր Կաթին գալակտիկան:

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում