Օգտատերերը երկար ժամանակ խնդրում էին Twitter-ում ավելացնել հրապարակումների խմբագրման կոճակը։ Վերջապես նրանց խնդրանքը լսել են։ Երկար սպասված գործառույթը առաջինը կունենան Twitter Blue-ի բաժանորդները Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Այնուհետեւ՝ ԱՄՆ-ում։ Թե երբ գործառույթը հասանելի կդառնա այլ տարածաշրջաններում, այդ թվում եւ մեր՝ դեռ հայտնի չէ։
Ինչպե՞ս է աշխատելու կոճակը:
Եթե Twitter Blue-ի բաժանորդը նկատի, որ իր գրառման մեջ վրիպակ կա, նա կկարողանա խմբագրել այն հրապարակումից 30 րոպե հետո։ Գրառման մեջ փոփոխություններ կարելի կլինի անել հինգ անգամ, ավելին, այլ օգտատերեր հնարավորություն կունենան տեսնել ե՛ւ սկզբնական տեքստը, ե՛ւ փոփոխությունների պատմությունը։ Խմբագրված հաղորդագրության տակ հայտնվում է տեղեկություն վերջին խմբագրման ժամանակի մասին, եւ եթե սեղմեք այդտեղ, հնարավոր կլինի տեսնել սկզբնական տեքստը։
Համաձայն աջակցության էջում հրապարակված տեղեկության՝ դուք կարող եք խմբագրել միայն բնօրինակ եւ մեջբերված գրառումները։ Ընդ որում՝ գրառումների շատ տեսակներ խմբագրել չի լինի, օրինակ՝ մեկ մարդու գրառումների ամբողջական շարքը (threads), պատասխանները (replies), վերահրապարակված գրառումները (retweets), ամրագրված գրառումները (pinned tweets), վճարովի բաժանորդագրությամբ Super Follow եւ կողմնակի հավելվածներում ստեղծված գրառումները։
Սեպտեմբերի վերջին Twitter-ը ցույց է տվել կոճակի աշխատանքը՝ հրապարակելով թեստային գրառում եւ խմբագրելով այն։
hello
— Twitter Blue (@TwitterBlue) September 29, 2022
this is a test to make sure the edit button works, we’ll let you know how it goes
Իսկ այժմ Twitter-ը տեղեկացրել է, որ գործառույթը հասանելի է Twitter Blue-ի օգտատերերին Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, հերթի մեջ ԱՄՆ-ն է։
test went well, Edit Tweet is now rolling out to Twitter Blue members in Canada, Australia, and New Zealand!
— Twitter Blue (@TwitterBlue) October 3, 2022
US coming soon pic.twitter.com/7NNPRC0t1I
Նշենք, որ Twitter Blue-ի բաժանորդագրությունն արժե ամիսը 5 դոլար։
ամիս
շաբաթ
օր