Խաբեության ի՞նչ սխեմաներ են կիրառվում առցանց շուկաներում և ինչպե՞ս խուսափել դրանցից

26 հունիսի, 2024  22:18

Առցանց շուկաների աճող ժողովրդականությունը գրավում է բազմաթիվ խաբեբաների: Garda ընկերությունների խմբի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Վիկտոր Իևլևը Gazeta.Ru-ին պատմել է, թե որոնք են չարագործների կողմից կիրառվող խաբեության ամենատարածված սխեմաները։

Ցուցակի առաջին տեղում է ֆիշինգը: Հարձակվողները ստեղծում են կեղծ կայքեր, որոնք նման են հայտնի առցանց շուկաների կայքերին և տարբեր մեթոդներով մոլորեցնում են օգտատերերին և համոզում, որպեսզի տվյալ կեղծ հարթակում մուտքագրեն իրենց անձնական և բանկային քարտի տվյալները:

Երկրորդ ամենահաճախ կիրառվող սխեման ենթադրում է հետևյալը․ չարագործները գնորդին ուղղորդում են որևէ մեսենջեր հետագա հաղորդակցության համար և վճարման համար կեղծ հղումներ են տրամադրում: Արդյունքում միջոցները գնում են ոչ թե վաճառողի, այլ խաբեբաների հաշվին:

«Որոշ դեպքերում խաբեբաները ներկայանում են որպես վաճառողներ և հայտնում, որ ապրանքն անհասանելի է և առաջարկում են գումարը վերադարձնել ֆիշինգային կայքի միջոցով: Սա վնասում է ոչ միայն օգտատերերին, այլև խանութների հեղինակությանը»,- ասել է փորձագետը։

Խաբեբաներից պաշտպանվելու համար Իևլևը խորհուրդ է տալիս հետևել կիբեռհիգիենայի տարրական կանոններին։ Մասնավորապես,

օգտագործել ուժեղ գաղտնաբառ, չկցել աշխատավարձի քարտն առցանց շուկայի անձնական հաշվին, մնացորդը պարբերաբար լրացնել հատուկ առցանց գնումների համար նախատեսված քարտով, չանցնել վաճառողի տրամադրած հղումներով, ուշադիր ուսումնասիրել խանութների մասին ակնարկներն ու վարկանիշները:

«Եթե նկատում եք կասկածելի գործունեություն, դիմե՛ք տեխնիկական սպասարկման կենտրոն և չեղարկեք բոլոր չավարտված պատվերները»,- խորհուրդ է տվել նա։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2027-ը էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը համաշխարհային մանրածախ վաճառքում կկազմի 25%:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում