Ինչպե՞ս է կրիպտոարժույթների փոխարժեքի անկումն ազդել Google-ի գովազդային բիզնեսի վրա
Կրիպտոարժույթների փոխարժեքների անկումը, որը որոշ շրջանակներ կրիպտոձմեռ են անվանում, ազդել է բիզնեսի շատ ոլորտների վրա, և ոչ միայն նրանց, որոնք ուղղակիորեն կապված են կրիպտոաշխարհի հետ: Google կորպորացիայի գովազդային բիզնեսը նույնպես նկատելիորեն տուժել է:
Ինչպես հայտնում է CNBC, 2022 թ․ երրորդ եռամսյակում Google-ի գովազդային եկամուտների աճը կտրուկ դանդաղել է և կազմել ընդամենը 6%: Մասնագետների խոսքով սա 2013-ից ի վեր աճի նվազագույն տեմպն է, բացառություն է կազմել ընդամենը մեկ եռամսյակ համաճարակի սկզբին:
Ներկայիս անկման պատճառներից մեկը մասնագետների գնահատմամբ ֆինանսների և կրիպտոարժույթների ոլորտում աշխատող ընկերությունների կողմից գովազդային ծախսերի կրճատումն է։
«Երրորդ եռամսյակում մենք իսկապես որոնման կոնկրետ ուղղություններով նկատել ենք որոշ գովազդատուների կողմից ծախսերի կրճատում,- ասել է Google-ի կոմերցիոն տնօրեն Ֆիլիպ Շինդլերը,- Օրինակ՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում մենք նկատել ենք անկում ապահովագրության, վարկերի, հիփոթեքների և կրիպտոարժույթների ենթաբաժիններում»:
Իր մեկնաբանություններում նա, թեև առանց հավելյալ մանրամասների և պարզաբանումների, երկու անգամ հիշատակել է կրիպտորարժույթների արժեզրկման խնդիրը և դրա բացասական ազդեցությունը գովազդային բիզնեսի վրա:
2022 թ․ կրիպտոարժույթը սկսել է կտրուկ արժեզրկվել, քանի որ ներդրողները, չցանկանալով գործ ունենալ ռիսկային ակտիվների հետ, վաճառել են նախորդ տարիներին գնված թվային արժույթները և դրանց հետ փոխկապակցված ակցիաները: Արդյունքում այս տարի բիթքոյնը (Bitcoin) և էթերեումը (Ethereum) կորցրել են արժեքի շուրջ 60%-ը, իսկ Coinbas կրիպտոարժութային փոխանակման կետի բաժնետոմսերն արժեզրկվել է ավելի քան 70%-ով:
Ոլորտը նաև լրջորեն տուժել է կրիպտոոլորտում աշխատող մի շարք ընկերությունների սննկացման պատճառով. այս շարքում առավել հայտնի են Celsius Network-ը, Voyager Digital-ը և Three Arrows Capital-ը:
Մյուս ընկերությունները ստիպված են եղել կրճատել ծախսերն ու հեռացնել աշխատակազմի մի մասին: Օրինակ՝ Blockchain.com-ը ստիպված է եղել կրճատել աշխատակազմի 25%-ին, Coinbase-ը՝ 18%, իսկ Crytpo.com-ն այս տարի առհասարակ երկու փուլով կրճատումներ է իրականացրել:
Շուկայում հենց այս իրավիճակն սկսեցին անվանել կրիպտոձմեռ:
Չնայած ներկա դժվարություններին՝ Google-ի ղեկավարությունը հույս ունի, որ կրիպտոարժույթի շուկայում խնդիրները ժամանակավոր բնույթ ունեն, և իրավիճակը հետագայում կգնա դեպի լավը:
Google-ը վերջերս հայտարարել է Coinbase կրիպտո փոխանակման կետի հետ համագործակցության ամրապնդման մասին. 2023-ից Google-ի ամպային ծառայությունների համար հնարավոր կլինի վճարել կրիպտոարժույթով, չնայած այդ գործառույթը առայժմ հասանելի է լինելու ոչ բոլոր օգտատերերին:
Եվ դա կրիպտոյի հետ կապված միակ գործառույթը չէ: Վերջերս Google-ը ծառայությունների և գործառույթների ամբողջական շարք է գործարկել. Ethereum-ի դրամապանակի բալանսն այժմ հայտնվում է Google-ում հասցեի որոնման դեպքում: Իսկ BNB Chain-ը համագործակցում է Google Cloud-ի հետ նախնական փուլերում Web3 և բլոկչեյն ստարտափերի աճին նպաստելու նպատակով։
ամիս
շաբաթ
օր