Google-ը կհամագործակցի Coinbase-ի հետ. ամպային ծառայությունների համար հնարավոր կլինի վճարել կրիպտոարժույթով

12 հոկտեմբերի, 2022  12:06

2023-ից Google-ի ամպային ծառայությունների համար կարելի է վճարել կրիպտոարժույթով։ Google Cloud Next կոնֆերանսի ժամանակ ընկերությունը հայտարարել է, որ կկարողանա կրիպտոարժույթով վճարումներ ստանալ Coinbase կրիպտոբորսայի հետ ինտեգրվելու միջոցով։

Google-ը և կրիպտովճարումը

Կրիպտոարժույթով հնարավոր կլինի վճարել միայն Google Cloud Platform-ով, որը ամպային ծառայություններ է մատուցում։ Այն կիրականացվի Coinbase Commerce ծառայության հետ ինտեգրվելու միջոցով: Հայտնի է, որ Coinbase-ը բոլոր գործարքներից իր մասնաբաժինը կստանա, սակայն գործարքի այլ մանրամասներ չեն բացահայտվում:

Վճարման նոր եղանակը հասանելի չի լինի բոլորին. սկզբում Web3 ոլորտում աշխատող որոշ հաճախորդներ կկարողանան վճարել կրիպտոարժույթով։ Սակայն ակնկալվում է, որ ապագայում Google-ը կընդլայնի այն հաճախորդների թիվը, որոնց նույնպես հասանելի կլինի այս գործառույթը։

Google-ը նախատեսում է նաև օգտագործել Coinbase Prime-ը, որը Coinbase-ի պահառության ծառայությունն է:

«Մենք ցանկանում ենք Web3-ի մշակումն ավելի արագ և հեշտ դարձնել, և Coinbase-ի հետ այս համագործակցությունը կօգնի ծրագրավորողներին մեկ քայլ ավելի մոտենալ այդ նպատակին», - ասել է Google Cloud-ի գործադիր տնօրեն Թոմաս Կուրիանը:

Այս գործարքը կարող է օգնել Google-ին՝ զարգացնելու իր ամպային բիզնեսը և ընկերությունն ավելի մրցունակ դարձնելու մի սեգմենտում, որտեղ նրա հիմնական մրցակիցները իրենց հաճախորդներին դեռ թույլ չեն տալիս ծառայությունների համար վճարել կրիպտոարժույթով:

Այլ կրիպտոծառայություններ

Ամպային ծառայությունների համար կրիպտովճարումների ներդրումը կրիպտոարժույթի հետ կապված Google-ի առաջին նորամուծությունը չէ: Ընկերությունը վերջերս ավելացրել է այլ հնարավորություններ և ծառայություններ. Ethereum դրամապանակի մնացորդն այժմ երևում է Google-ում հասցե որոնելու ժամանակ, իսկ BNB Chain-ը համագործակցում է Google Cloud-ի հետ՝ վաղ փուլերում Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտներում ստարտափների աճին աջակցելու համար:

Coinbase-ի բաժնետոմսերն աճել են 6%-ով

Google-ի հետ համագործակցության մասին հայտնի դառնալուց հետո երեքշաբթի օրվա ցերեկային առևտրի ժամանակ Coinbase-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 6%-ով՝ հասնելով 71,32 դոլարի։

«Մենք հավատում ենք, որ սրան կհետևեն ավելի շատ գործընկերություններ ավանդական խաղացողների հետ: Երկարաժամկետ հեռանկարում կրիպտոտնտեսության ընդլայնմանը զուգահեռ Coinbase-ն ավելի շատ նման կլինի թվային ակտիվների իրացման ինտեգրված գործիքի, քան կրիպտոբորսայի՝ մաքուր խաղով»,- ասում է Oppenheimer ընկերության վերլուծաբան Օուեն Լաուն:

Նշենք, որ Coinbase Commerce-ն աշխատում է 10 կրիպտոարժույթների հետ, այդ թվում՝ Bitcoin, Dogecoin, Ethereum և Litecoin: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ