Android 15-ի նոր գործառույթն ավտոմատ կկողպի հեռախոսը, եթե այն գողանան

16 մայիսի, 2024  12:10

Google-ը թողարկել է այս աշնանը ներկայացվելիք Android 15 օպերացիոն համակարգի երկրորդ բետա տարբերակը, որը ներառում է անվտանգության մի շարք նոր գործառույթներ։ Դրանցից մեկի շնորհիվ, օրինակ, սմարթֆոնի էկրանն անմիջապես կողպվում է, երբ օգտատիրոջից գողանում կամ նրա ձեռքից խլում են սմարթֆոնը։

Android 15-ի անվտանգության որոշ նոր գործառույթներ հետագայում կհայտնվեն նաև Android-ի հին տարբերակներում՝ դրանք հասանելի դարձնելով շատ ավելի շատ օգտատերերի համար:

Theft Detection կոչվող նոր գործառույթը ճանաչում է բջջային սարքի անսովոր և հանկարծակի շարժումները, ինչը կարող է վկայել այն մասին, որ ինչ-որ մեկը խլում է հեռախոսը օգտատիրոջ ձեռքից կամ սարքը գողանում է սեղանից: Որպեսզի պոտենցիալ չարագործը չկարողանա հասանելիություն ստանալ սարքի տվյալներին, հեռախոսի էկրանն ավտոմատ կերպով կողպվում է: Համակարգը նաև հետևում է, թե արդյոք սարքը հեռակառավարման միջոցով փորձում են կոտրել և եթե այո, ապա ավտոմատ անջատում է այն ցանցից:

theft_detect_2.jpg (113 KB)

Google-ը նաև առաջարկում է հեռախոսի էկրանը հեռակա կարգով կողպելու նոր միջոց, եթե այն հայտնվի սխալ ձեռքերում: Դա անելու համար հարկավոր է պարզապես այցելել Android.com/lock կայք, որտեղ պետք է մուտքագրել ձեր հեռախոսահամարը և պատասխանել անվտանգության հարցին: Դրանից հետո սարքը կկողպվի: Այս գործառույթները հասանելի կլինեն Google Play ծառայությունների ապագա թարմացմամբ Android 10 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

remote lock.jpg (53 KB)

Android 15-ում նաև ներկայացվում է անվտանգության նոր գործառույթ, որը կոչվում է Private Space: Այն թույլ է տալիս հավելվածներն ու տվյալները տեղադրել սմարթֆոնի առանձին` թաքնված տարածքում, որը կարող է կողպվել PIN կոդով: Google-ը նաև ավելացրել է սարքը պարտադրված կերպով վերագործարկելու և գործարանային կարգավորումների վիճակի բերելու դեմ պաշտպանության միջոց: Այս դեպքում համակարգը հաջորդ կարգավորման ժամանակ կպահանջի մուտքագրել սմարթֆոնի սեփականատիրոջ տվյալները (անուն, ծածկագիր և այլն)։

Android Play Protect-ը ևս թարմացում է ստացել։ Այն ստուգում է, թե ինչպես են հավելվածներն օգտագործում սարքից իրենց պահանջած թույլտվությունները, որպեսզի սարքը զերծ պահի ֆիշինգից և խարդախության այլ միջոցներից: Հնարավոր վնասակար հավելվածների մասին տեղեկություններն ուղարկվում են Google-ին՝ հետագա ստուգման համար: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ