Apple ընկերության iOS օպերացիոն համակարգով աշխատող հավելվածների App Store առցանց խանութի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ Ըստ DownDetector ծառայության տվյալների՝ օգտատերերը 352 հաղորդում են ներկայացրել տարբեր խնդիրների մասին։
Օգտատերերի մոտ 90%-ը խնդիրներ է ունեցել խանութ մուտք գործելու հետ կապված, ևս 6%-ը՝ App Store-ի վեբ տարբերակը օգտագործելիս, 4%-ի մոտ խնդիր է եղել նույնականացման հետ կապված։Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե ինչն է եղել առցանց խանութի աշխատանքի խափանման պատճառը, նաև պարզ չէ, թե արդյոք առկա խնդիրները շտկվել են։ Այս տարվա հունիսին Apple-ի ծրագրային ապահովման ճարտարագիտության հարցերով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին հարցազրույցներից մեկի ժամանակ ակնարկել էր, որ ընկերությունն App Store-ին այլընտրանք է փնտրում։
Ակնկալվում էր, որ iPhone-ում App Store-ի այլընտրանքը անմիջապես կհայտնվի iOS 17 օպերացիոն համակարգում: Սակայն Apple-ը չի հիշատակել այս մասին ո՛չ WWDC23-ի ժամանակ, ո՛չ էլ ավելացրել է հնարավորությունը նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակում։ Միևնույն ժամանակ, iPhone-ում App Store-ից բացի, այլ հարթակի միջոցով հավելվածներ ներբեռնելու հնարավորությունը iOS-ում պետք է հայտնվի մինչև հաջորդ տարվա սկիզբ, որպեսզի Apple-ի սմարթֆոնները կարողանան համապատասխանել եվրոպական օրենսդրության պահանջներին։
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ X հավելվածը (նախկինում՝ Twitter) կարող է հեռացվել App Store և Google Play խանութներից՝ կանոնները խախտելու համար, եթե սոցցանցը հրաժարվի օգտատերերին սև ցուցակում ավելացնելու հնարավորությունից։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում