Apple-ն App Store-ին այլընտրա՞նք է փնտրում․ ի՞նչ է մտադիր անել ընկերությունը

16 հունիսի, 2023  16:11

Apple-ի ծրագրային ապահովման ճարտարագիտության հարցերով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին լրագրող Ջոն Գրուբերի փոդքաստի ուղիղ եթերում ակնարկել է App Store-ին այլընտրանք փնտրելու մասին, տեղեկացնում է 9To5Mac-ը։

Ակնկալվում էր, որ iPhone-ում App Store-ի այլընտրանքը անմիջապես կհայտնվի iOS 17 օպերացիոն համակարգում: Սակայն Apple-ը չի հիշատակել այս հնարավորությունը ո՛չ WWDC23-ի ժամանակ, ո՛չ էլ ավելացրել է հնարավորությունը նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակում։

Միևնույն ժամանակ, iPhone-ում App Store-ից բացի, այլ հարթակի միջոցով հավելվածներ ներբեռնելու հնարավորությունը iOS-ում պետք է հայտնվի մինչև հաջորդ տարվա սկիզբ, որպեսզի Apple-ի սմարթֆոնները կարողանան համապատասխանել եվրոպական օրենսդրության պահանջներին։

Փոդքասթի ժամանակ Ֆեդերիգին ուղղակիորեն չի պատասխանել հարցին, թե երբ կհայտնվի App Store-ի այլընտրանքը iOS-ում։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ ընկերությունն աշխատում է դրա վրա և ցանկանում է համոզվել, որ այս հարցում ճիշտ է վարվում օգտատերերի նկատմամբ: Միաժամանակ Ֆեդերիգին ասել է, որ Apple-ն աշխատում է ԵՄ-ի հետ և քննարկում է իր լուծումների համապատասխանությունը ԵՄ պահանջներին։

9To5Mac-ը համոզմունք է հայտնում, որ Apple-ը երրորդ կողմի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելու համակարգի մասին մանրամասներ չի բացահայտի մինչև iOS 17-ի թողարկումը, որը տեղի կունենա 2023-ի աշնանը՝ նոր iPhone-ների թողարկման հետ մեկտեղ:


 
 
 
 
  • Արխիվ