ԱՄՆ ֆոնդային շուկաները նախորդ շաբաթն ավարտել են խառը դինամիկայով։ Dow Jones–ը շաբաթվա ընթացքում աճել է 1.05%-ով՝ ոչ տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտների աճի հաշվին։ Միևնույն ժամանակ, S&P 500-ը նվազել է 0.63%-ով, Nasdaq-ը՝ 1.62%-ով՝ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկման պատճառով։
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատելու մասին ԴՊՀ որոշումից մեկ օր անց, Ուոլ Սթրիթը կարճ ժամանակով վերականգնեց աճի տեմպը, S&P 500 ինդեքսը հոկտեմբերիցի վեր առաջին անգամ փակվեց պատմական առավելագույն մակարդակում՝վկայելով, որ շուկայում տեղի է ունենում ռոտացիա, այլ ոչ թե նահանջ։Ներդրողները միջոցները դուրս էին բերում արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտի գերագնահատված բաժնետոմսերից և միջոցները տեղափոխում ֆինանսական ու հումքային ոլորտներ։
Հաջորդ օրը Ուոլ Սթրիթը կրկին կտրուկ անկում գրանցեց՝ արհեստական բանականության փուչիկի շուրջ շարունակվող մտավախությունների և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունների կտրուկ աճի ֆոնին։ Անկման մեջ մեծ մասնաբաժին էին կազմում տեխնոլոգիական բաժնետոմսերը։ Ներդրողների զգուշավորությունը կապված էր Դաշնային պահուստային համակարգի հայտարարության հետ, որ գնաճը երկրում դեռևս չափազանց բարձր է։ Սա բարձրացրել էր պարտատոմսերի եկամտաբերությունները և հարված հասցրել Broadcom, Oracle և Nvidia ընկերությունների բաժնետոմսերին։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումից հետո համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը գրանցել են ամենամեծ շաբաթական ներհոսքը վերջին հինգ շաբաթների ընթացքում՝ ապահովելով 12.9 միլիարդ դոլարի ներհոսք։ Դրամական ֆոնդերից արտահոսք է գրանցվել, պարտատոմսային ֆոնդերը գրանցել են կայուն ներհոսք 34-րդ շաբաթ անընդմեջ, իսկ ոսկու ֆոնդերի նկատմամբ բարձր պահանջարկ է գրանցվել հինգերորդ շաբաթն անընդմեջ, ինչը ցույց է տալիս, որ ներդրողները շարունակում են մնալ ակտիվ, սակայն զգուշավոր։
Անցած ուրբաթ օրը Rivian ընկերության բաժնետոմսերը գրեթե 18%-ով թանկացել են այն բանից հետո, երբ վերլուծաբանները դրական են գնահատել էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերության որոշումը՝ հրաժարվել Nvidia—ի չիպերից, մշակել սեփական ինքնավար վարորդական չիպերը և ընդլայնել արհեստական բանականության կիրառումը։ Ընկերության հաջորդ սերնդի R2 մոդելները, որոնք սպասվում են 2026 թվականին, արդեն կօգտագործեն նոր չիպերը։
Հինգշաբթի օրը Oracle ընկերության բաժնետոմսերը նվազել են շուրջ 13%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է ոչ լավատեսական կանխատեսումներ և հայտարարել, որ արհեստական բանականության ենթակառուցվածքներում իր ծախսերը կտրուկ կաճեն։ Oracle–ի անկումը հանգեցրել է նաեւ Nvidia-ի բաժնետոմսերի անկմանը։ Վաճառքի այս ալիքն ընդգծել է շուկաներում աճող անհանգստությունը, որ արհեստական բանականության վրա կատարվող ծախսերը զգալիորեն գերազանցում են ընկերությունների իրական ֆինանսական եկամուտները։
Հինգշաբթի օրը ոսկու գինը հասել է ամսվա առավելագույն մակարդակին։ Վերաֆինասնավորման տոկոսադրույքը նվազեցնելը թուլացրել է դոլարը և խթանել թանկարժեք մետաղների նկատմամբ պահանջարկը։ Ոսկին թանկացել է 1.2%-ով՝ հասնելով մոտ 4,280 դոլարի մեկ ունցիայի դիմաց։
Դեկտեմբերի 5–ին վերջին երկուսուկես տարվա առավելագույն մակարդակին հասնելուց մեկ շաբաթ անց՝ անցած չորեքշաբթի ռուսական ռուբլին թուլացել է՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազելով շուրջ 0.8%-ով, չինական յուանի նկատմամբ՝ 1%-ով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտնել է, որ նոյեմբերին արտահանողները վաճառել են ավելի քիչ արտարժույթ, քան մեկ ամիս առաջ, ինչն էլ թուլացրել է ռուբլու դիրքերը։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արբանյակային կապի և հեռարձակման լուծումներ մատուցող EchoStar Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 30.94%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $107.37)։ Հաջորդը իրական ժամանակում տվյալների հոսքերի մշակման հարթակ առաջարկող Confluent, Inc.–ն է՝ 29.86% աճով ($30.05)։ Եռյակը եզրափակում է հրթիռների արտադրությամբ և արձակմամբ զբաղվող Rocket Lab Corporation–ը՝ 25.35% աճով ($61.49)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է բարձր արագության տվյալների փոխանցման կիսահաղորդչային լուծումներ մշակող Credo Technology Group Holding Ltd–ն է, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 18.25%–ով ($143.91)։ Հաջորդը փոքր մոդուլային ատոմային ռեակտորների նախագծմամբ զբաղվող Oklo Inc.–ն է՝ 16.48% անկումով ($87.42)։ Եռյակը եզրափակում է տվյալների կենտրոնների էներգետիկ և սառեցման ենթակառուցվածքներ մատակարարող Vertiv Holdings Co–ն է՝ 14.68% անկումով ($161.27)։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսային կետով՝ կատարելով այս տարվա արդեն երրորդ նվազեցումը։ ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը միաժամանակ հայտարարել է, որ հետագայում համակարգը կթուլացնի նվազեցումների տեմպը։ Այս պահի կանխատեսումներով՝ հնարավոր է ընդամենը մեկ նվազեցում 2026 թվականին և ևս մեկը՝ 2027-ին, քանի որ գնաճը դեռեւս մնում է բարձր։
Սեպտեմբերին ԱՄՆ առևտրի բացասական հաշվեկշիռը կտրուկ նվազել է՝ հասնելով ավելի քան հինգ տարվա ամենացածր մակարդակին, քանի որ արտահանումը զգալիորեն աճել է, իսկ ներմուծումը գրանցել միայն աննշան աճ։ Առևտրային դեֆիցիտը կրճատվել է 10.9%-ով՝ կազմելով 52.8 միլիարդ դոլար։
2025 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հոկտեմբերի 5–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 15.6 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.3701 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.33 տոկոս:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





