Ամերիկյան ֆոնդային շուկաները երկրորդ շաբաթն անընդմեջ փակվել են աճով։ S&P 500-ն աճել է 0.31%–ով, Dow Jones-ը՝ 0.5%-ով, իսկ Nasdaq-ը՝ 0.91%–ով։ Ներդրողներին խրախուսել են տնտեսության վերաբերյալ դրական կանխատեսումները եւ ավելի մեծ վստահությունը, որ Դաշնային պահուստային համակարգը հաջորդ շաբաթ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։


Եվրոպական շուկաները շաբաթը փակել են «համեստ» աճով․ համաեվրոպական STOXX 600 ինդեքսը բարձրացել է 0.4%–ով։ Աճի խթանը կրկին ամերիկյան շուկայի վերաբերյալ դրական կանխատեսումներն են։ Եվրոպական շուկաների շաբաթական աճն ապահովել են ավտոմոբիլային, տեխնոլոգիական և հումքային ռեսուրսների ոլորտները։ Citigroup-ը STOXX 600-ի համար 2026 թվականի տարեվերջի նշաձողը սահմանել է 640–ի սահմանում։ Այս թիրախը ներկայիս մակարդակից մոտ 10.5% բարձրացում է ենթադրում։


Երկուշաբթի օրը ոսկու գները փոքր-ինչ բարձրացել են՝ հասնելով մոտ $4,206 մեկ ունցիայի դիմաց։ Ներդրողների սպասումները, որ ԱՄՆ Կենտրոնական բանկն այս շաբաթ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թուլացրել է դոլարը՝ հասցնելով վերջին մեկ ամսվա նվազագույն մակարդակին։ Թուլացած դոլարը ոսկին ավելի մատչելի է դարձնում այլ երկրների գնորդների համար, ինչն էլ նպաստել է ոսկու պահանջարկի աճին։


Philips-ի բաժնետոմսերն անցած հինգշաբթի նվազել են ավելի քան 6%–ով՝ արձանագրելով ամենամեծ անկումը փետրվարից ի վեր։ Պատճառը Citigroup-ի կանխատեսումն է, որ ընկերության աճը կարող է սպասվածից դանդաղ լինել։ Citigroup–ն ընդգծել է, որ Philips-ը կանխատեսում է վաճառքների աճ մինչև 2026 թվականը, սակայն դրանք հավանաբար այնքան բարձր չեն լինի, որքան կանխատեսում էին որոշ վերլուծաբաններ։


Nvidia-ն 2 միլիարդ դոլարի չափով մասնաբաժին է ձեռք է բերել Synopsys-ում։ Ներդրումները կատարվելու են  ԱԲ-ով կառավարվող նախագծման գործիքներ մշակելու նպատակով։ Համագործակցության մասին հայտարարությունից հետո Synopsys-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 5%-ով, իսկ Nvidia-ի բաժնետոմսերը՝ 1.4%-ով։


Արհեստական բանականության ոլորտում «պղպջակ» չկա՝ հայտարարել է SK Group-ի նախագահ Չեյ Թեյվունը։ Հարավկորեական ընկերությունը, որը հիշողության չիպեր է մատակարարում Nvidia-ի ԱԲ համակարգերի համար, անցյալ տարի բաժնետոմսերի 214% աճ է գրանցել՝ տվյալների կենտրոնների բարձր պահանջարկի և ԱԲ բումի ֆոնին ռեկորդային շահույթի շնորհիվ։ Չեյ Թեյվունը հայտարարել է՝ ԱԲ ընկերությունների բաժնետոմսերն իսկապես աճել են «չափազանց արագ», եւ գուցե շուկայական շտկման ենթարկվեն, սակայն ներդրումները երկարաժամկետ հեռանկարում լիովին արդարացված են։


Հնդկաստանը պատրաստվում է խիստ միջոցներ կիրառել IndiGo-ի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ ավիաընկերությունը այս ամիս չեղարկել է ավելի քան 2,000 չվերթ՝ անձնակազմի պակասի պատճառով, ինչը հանգեցրել է լուրջ խափանումների ուղևորափոխադրումների ոլորտում։ Ճգնաժամը մտահոգություններ է առաջացրել շուկայում IndiGo-ի գերիշխանության շուրջ և հանգեցրել ընկերության բաժնետոմսերի կտրուկ՝ 17% անկման։


Netflix-ը 72 միլիարդ դոլարով ձեռք կբերի Warner Bros Discovery-ի հեռուստատեսային և կինոստուդիաները, ինչպես նաև ստրիմինգի բիզնեսը․ գործարքն աշխարհի խոշորագույն ստրիմինգային հարթակին վերահսկողություն կտա կարևոր ֆրենչայզների նկատմամբ։ Խոշորածավալ այս գնումը կգտնվի հակամենաշնորհային խիստ վերահսկողության տակ ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Հայտարարությունից հետո Warner Bros Discovery-ի բաժնետոմսերը բարձրացել են, իսկ Netflix-ի բաժնետոմսերը՝ փոքր-ինչ նվազել։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ուղեծրային բջջային կապի տեխնոլոգիաներ մշակող AST SpaceMobile, Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 31.53%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $73.92)։ Հաջորդը տվյալների պահպանում և կիբերանվտանգություն ապահովող ամպային ծառայություններ մատուցող Rubrik, Inc.–ն է՝ 24.45% աճով ($86.27)։ Եռյակը եզրափակում է կիսահաղորդիչների և միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող Microchip Technology Incorporated–ը՝ 22.83% աճով ($65.81)։


Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է պահեստների ավտոմատացման և ԱԲ լոգիստիկ համակարգերի մատակարար Symbotic Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 28.73%–ով ($59.70)։ Հաջորդը տվյալների պահպանման համակարգերի ոլորտում առաջատար Pure Storage, Inc.–ն է՝ 20.83%անկումով ($70.43)։ Եռյակը եզրափակում է մեդիա և ժամանցի ոլորտում գործող Paramount Skydance Corporation–ը՝ 16.57% անկումով ($13.37)։


Morgan Stanley-ն փոխել է իր կանխատեսումները և այժմ ակնկալում է, որ Դաշնային պահուստային համակարգը դեկտեմբերին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով։ Թրեյդերները նույնպես դեկտեմբերի 9–10-ի նիստում տոկոսադրույքի նվազեցման հավանականությունն այժմ գնահատում են մոտ 87%։


ԱՄՆ սպառողական ծախսերը սեպտեմբերին աճել են ընդամենը 0.3%–ով՝ ցույց տալով, որ տնտեսությունը կորցնում է իր դինամիկան, քանի որ բարձր գները և ավելի թույլ աշխատաշուկան նվազեցնում են պահանջարկը։ Գնաճը բարձր է մնացել․ PCE գնային ինդեքսն էլ սեպտեմբերին աճել է 0.3%–ով և տարվա կտրվածքով՝ 2.8%–ով, ինչը պայմանավորված է ապրանքների և էներգակիրների ավելի բարձր արժեքով, այդ թվում՝ մաքսատուրքերով։


Ըստ Միչիգանի համալսարանի անցկացրած հարցման՝ ԱՄՆ–ում սպառողական տրամադրությունների ինդեքսը փոքր-ինչ բարելավվել է դեկտեմբերի սկզբին՝ հասնելով 53.3-ի՝ նոյեմբերի 51.0-ի համեմատ։ Գնաճի սպասումները թուլացել են․ սպառողները կանխատեսում են 4.1% գնաճ առաջիկա մեկ տարվա ընթացքում և 3.2%՝ հաջորդ հինգ տարիների կտրվածքով, սակայն ընդհանուր գնահատականները դեռ մնացել են զգուշավոր, քանի որ ընտանիքները շարունակում են զգալ բարձրացված ծախսերի ճնշումը։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։