Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ուռուցքաբանական ախտորոշման և թեստավորման ոլորտում գործող Exact Sciences Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 50.53%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $100.90)։ Հաջորդը նյարդաբանական և օնկոլոգիական հազվագյուտ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ մշակող Jazz Pharmaceuticals plc–ն է՝ 25.42% աճով ($176.93)։ Եռյակը եզրափակում է ոչ ինվազիվ գենետիկական թեստավորման առաջատար Natera, Inc.–ը՝ 12.90% աճով ($230.63)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ենթակառուցվածքային ինժեներական և շինարարական ծառայություններ մատուցող AECOM–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 22.47%–ով ($103.52)։ Հաջորդը նոր տվյալների պահպանման լուծումների մշակմամբ զբաղվող SanDisk Corporation–ն է՝ 21.20% անկումով ($200.27)։ Եռյակը եզրափակում է մաքուր էներգիայի և էլեկտրոլիզ տեխնոլոգիաների ոլորտում գործող Bloom Energy Corporation–ը՝ 19.57% անկումով ($89.99)։
Ամերիկյան շուկաներն անցած շաբաթը փակել են անկմամբ․ Dow Jones-ը նվազել է 1.9%-ով, S&P 500-ը՝ շուրջ 2%-ով, իսկ Nasdaq-ը՝ 2.7%-ով։ Գլխավոր պատճառը տեխնոլոգիական ոլորտի բաժնետոմսերի գերագնահատված լինելու վերաբերյալ մտահոգություններն էին եւ դեկտեմբերին Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շուրջ անորոշությունը։
Eli Lilly ընկերության արժեքն անցած շաբաթ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Այսպիսով՝ քաշի նվազեցման իր դեղերի մեծ պահանջարկի շնորհիվ Eli Lilly–ն դարձել է առաջին դեղագործական ընկերությունը, որը միացել է 1 տրիլիոն դոլարից ավել շուկայական արժեք ունեցող ընկերությունների ակումբին, որտեղ հիմնականում տեխնոլոգիական հսկաներն են։
Bitcoin-ի արժեքը հասել է յոթ ամսվա նվազագույնին՝ մոտ 80,000 դոլար՝ նախորդ շաբաթվա ընթացքում նվազելով 12%-ով։ Bitcoin-ի անկումը պայմանավորված է նրանով, որ ներդրողներն այժմ սկսում են խուսափել ռիսկային ակտիվներից՝ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի բարձր գների և տոկոսադրույքների կրճատման շուրջ անորոշության պատճառով։
Բաժնետոմսերի համաշխարհային ֆոնդերը գրանցել են ներհոսքի իններորդ շաբաթն անընդմեջ՝ 4.43 մլրդ դոլար։ Պարտատոմսային ֆոնդերը ներգրավել են 10.55 մլրդ դոլար՝ շարունակելով 31 շաբաթ անընդմեջ աճը, իսկ ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը ներգրավել են 5.2 մլրդ դոլար։ Մինչդեռ դրամական շուկայի ֆոնդերը երկրորդ շաբաթն անընդմեջ արտահոսք են ունեցել, այս անգամ՝ 7.51 մլրդ դոլարի։
Տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը շարունակում են ընթացքը դեպի ռեկորդային՝ 75 մլրդ դոլարի ներհոսք 2025 թվականի ընթացքում՝ հայտարարել է Bank of America-ն։ Տեխնոլոգիական ֆոնդերը շաբաթվա ընթացքում գրանցել են 4.4 մլրդ դոլարի ներհոսք, մինչդեռ կրիպտոֆոնդերից դուրս է բերվել 2.2 մլրդ դոլար։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը գրանցել են 8.8 մլրդ դոլար ներհոսք՝ ամենամեծը ապրիլից ի վեր։
Nvidia-ն հայտնել է, որ նախորդ եռամսյակում ընկերության եկամուտները կազմել են 57 մլրդ դոլար, ինչը 62%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ գերազանցում է փորձագետների կանխատեսումները։ Այս աճի գլխավոր շարժիչը եղել է ԱԲ տվյալային կենտրոնների համար նախատեսված չիպերի մեծ պահանջարկը, որոնց վաճառքը հասել է 51 մլրդ դոլարի։ Թեպետ Nvidia-ն այժմ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունն է, մի շարք ներդրողներ մտահոգություններ ունեն, որ ԱԲ ոլորտի բաժնետոմսերի գները չափազանցված են։
Alphabet-ի բաժնետոմսերն աճել են մոտ 6%–ով և հասել ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ը գնել է ընկերության մոտ $4.9 մլրդ արժողությամբ բաժնետոմսեր։ Այս ներդրումը գնահատվում է որպես վստահության նշան Alphabet-ի ԱԲ ռազմավարության հանդեպ։ Alphabet-ի բաժնետոմսերն այս տարի արդեն աճել են 46%–ով։
2025 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. օգոստոսի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 12.3 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98.0514 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.4 տոկոս:
ԱՄՆ-ում սեպտեմբերին ստեղծվել է 119,000 նոր աշխատատեղ, ինչը օգոստոսի համեմատ մի փոքր ավելի լավ ցուցանիշ է, սակայն աշխատաշուկան դեռ անկայուն է։ Գործազրկության մակարդակը բարձրացել է՝ 4.3%-ից հասնելով 4.4%-ի, ինչը վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային գրասենյակը հայտարարել է, որ եթե Թրամփի ներմուծումների բարձր մաքսատուրքերը պահպանվեն մինչև 2035թ., ապա ԱՄՆ բյուջեի պակասուրդը կնվազի մոտ 3 տրիլիոն դոլարով, ոչ թե 4 տրիլիոնով, ինչպես ավելի վաղ կանխատեսվում էր։ Վերանայումը պայմանավորված է նոր տվյալներով և մաքսատուրքերի վերջին փոփոխություններով։ Թրամփը պնդում է, որ նոր սակագները մեծ գումարներ են ներգրավել բյուջե, իսկ քննադատները ասում են, որ դրանց հետևանքով ներմուծվող ապրանքները թանկանում են սպառողների համար։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





