Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ողնաշարի վիրաբուժական իմպլանտներ մշակող Globus Medical, Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 38.91%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $83.89)։ Հաջորդը տվյալների պահպանման լուծումների մշակմամբ եւ արտադրությամբ զբաղվող SanDisk Corporation–ն է՝ 20.14% աճով ($239.48)։ Եռյակը եզրափակում է հեռահաղորդակցական սարքավորումների ոլորտում գործող Lumentum Holdings Inc.–ը՝ 19.13% աճով ($240.11)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է քիմիական նյութեր առաջարկող DuPont de Nemours, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 51.26%–ով ($39.80)։ Հաջորդը էներգետիկ ըմպելիքներ արտադրող Celsius Holdings, Inc.–ն է՝ 31.06% անկումով ($41.52)։ Եռյակը եզրափակում է քվանտային հաշվարկային տեխնոլոգիաներ մշակող Rigetti Computing, Inc.–ը՝ 23.72% անկումով ($33.77)։
ԱՄՆ ֆոնդային շուկաները նախորդ շաբաթն ավարտել են խառը դինամիկայով․ Nasdaq-ը շաբաթվա ընթացքում մոտ 3% անկում է գրանցել։ Սա այս ինդեքսի ամենամեծ շաբաթական անկումն է ապրիլից ի վեր, պատճառը՝ ներդրողների մտահոգություններն էին՝ կապված տնտեսական անորոշության և տեխնոլոգիական բաժնետոմսերի գերագնահատման հետևանքով ռիսկի նկատմամբ հետաքրքրության նվազմամբ։ S&P 500-ը–ն աճել է 1.6%–ով, Dow Jones–ը՝ 1.2%–ով։ Այս ինդեքսների աճը պայմանավորված է Կոնգրեսում ԱՄՆ կառավարության «shutdown»–ի հաղթահարման վերաբերյալ կանխատեսումներով։
Եվրոպական ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են անկումով․ STOXX 600-ը շաբաթվա վերջում նվազել է 0.6%–ով։ Շաբաթվա ընթացքում գրանցված անկման պատճառը նույնն էր, ինչ ամերիկյան բորսաների դեպքում՝ տեխնոլոգիական ոլորտի անկումը, որը տեխնոլոգիական բաժնետոմսերի եվրոպական STXE 600 ինդեքսի դեպքում կազմել է 2.1%։ Խոշոր բանկերի ոլորտում անկումը կազմել է 0.9%, մինչդեռ ավտոարդյունաբերական բաժնետոմսերը աճել են 0.6%–ով՝ Չինաստանից չիպերի մատակարարումների հնարավոր վերականգնման սպասումների շնորհիվ։
Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը վերջին շաբաթում զգալի՝ 22.37 միլիարդ դոլարի ներհոսք են արձանագրել։ Պարտատոմսերի ֆոնդերը ունեցել են 10.37 միլիարդ դոլարի ներհոսք՝ գրանցելով շարունակական աճի 29-րդ շաբաթն անընդմեջ։ Դրամական շուկայի ֆոնդերը նույնպես արձանագրել են 146.95 միլիարդ դոլարի ներհոսք, ինչն անցած տասն ամիսների ամենաբարձր մակարդակն է։ Ոսկու եւ թանկարժեք մետաղների ֆոնդերը երկրորդ շաբաթն անընդմեջ արձանագրել են անկում՝ 554 միլիոն դոլարի չափով։
ԱՄՆ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Novo Nordisk-ի և Eli Lilly-ի բաժնետոմսերի գները նվազել են․ ընկերությունները համաձայնել են նվազեցնել քաշի նվազեցման դեղերի՝ Wegovy–ի և Zepbound–ի գները։ Այս քայլից հետո Novo Nordisk-ի բաժնետոմսերը նվազել են 3.7%–ով, իսկ Eli Lilly-ինը՝ 2.7%–ով, սակայն վերլուծաբանները նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում վաճառքի ծավալների աճը կարող է փոխհատուցել գների նվազեցումը։
Snap-ի բաժնետոմսերը ընկերության և Perplexity AI-ի միջև $400 միլիոն արժողությամբ գործընկերության մասին հայտարարությունից հետո աճել են 16%-ով, այնուհետև նախաշուկայական վաճառքում՝ ևս 18%-ով։ Այս համագործակցությունը թույլ կտա Snapchat-ում արհեստական բանականության վրա հիմնված որոնում ներդնել և մրցել TikTok-ի ու Meta-ի հետ։
Super Micro Computer-ի բաժնետոմսերը նախաշուկայական վաճառքի ընթացքում նվազել են ավելի քան 9%-ով՝ ընկերության եռամսյակային հասույթի և շահույթի սպասվածից ցածր արդյունքների պատճառով, ինչը պայմանավորված է GPU սերվերների նախագծման փոփոխությունների հետևանքով մատակարարումների ուշացումներով։ Ընկերությունը հայտարարել է, որ մոտ $1.5 միլիարդ եկամուտ տեղափոխվել է հաջորդ եռամսյակ հաճախորդների կողմից կոնֆիգուրացիաների փոփոխությունների հայտերի պատճառով։ Չնայած դրան՝ Super Micro-ն բարձրացրել է տարեկան հասույթի կանխատեսումը 33 միլիարդ դոլարից մինչև առնվազն 36 միլիարդ դոլար՝ զգալիորեն գերազանցելով վերլուծաբանների գնահատականը։
Քվանտային համակարգիչների մշակմամբ զբաղվող չորս ամենախոշոր ընկերությունների բաժնետոմսերը այս տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ թանկացել են։ Այսպես կոչված «Քվանտային քառյակ»–ը՝ Rigetti, IonQ, D-Wave Quantum և Quantum Computing Inc. ընկերությունները, դեռ շահութաբեր չեն։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս ընկերությունների ապագայի հարցում գնահատականներն ուռճացված են, ոմանք էլ՝ ընդհակառակը, շարունակում են լավատես մնալ՝ նշելով, որ այս ոլորտը կարող է ապահովել հաջորդ տեխնոլոգիական թռիչքը։
ԱՄՆ Սենատը կիրակի օրն ընդունել է օրինագիծ, որը կարող է վերացնել կառավարության «shutdown»–ը, որը կաթվածահար էր արել պետական ծառայությունները։ Օրինագիծը նախատեսում է կառավարության ֆինանսավորում մինչև 2026թ. հունվարի 30-ը և ներառում է երեք ամբողջական ֆինանսական տարվա բյուջետային օրինագծերի փաթեթ։ Դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել որոշ պետական ծախսերի շուրջ։ Դոնալդ Թրամփը քվեարկությունից առաջ ասել է. «Թվում է՝ շատ մոտ ենք կառավարության վերաբացմանը»։
ԱՄՆ սպառողների վստահության մակարդակը նոյեմբերին նվազել է՝ հասնելով 50.3-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022թ. հունիսից ի վեր։ Սպառողները մտահոգված են տնտեսության հեռանկարներով՝ կապված երկրի պատմության մեջ ամենաերկար shutdown-ի հետ։ Տնային տնտեսությունների 62%–ն առաջիկա տարում կանխատեսում է գործազրկության մակարդակի աճ՝ նախորդ ամսվա 52%-ի համեմատ։
ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցի համաձայն՝ սննդամթերքի համաշխարհային գների ինդեքսը հոկտեմբերին երկրորդ ամիսն անընդմեջ անկում է ապրել՝ կազմելով 126.4 միավոր, ինչը 21.1%-ով ցածր է 2022-ի մարտի առավելագույն մակարդակից։ Սա հիմնականում պայմանավորված է շաքարի գների 5.3%, կաթնամթերքի գների 3.4% անկումով։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





