Հայաստանը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա։ Այդ գործընթացի առանցքում է ՏՀՏ գործատուների միության ամենամյա խոշոր նախաձեռնություններից՝ Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը 2019-ից ի վեր դարձել է ոլորտի ինքնության և զարգացման կարևոր խորհրդանիշներից մեկը։ Այս տարի անցկացվեց արդեն իններորդ գագաթնաժողովը, որի բովանդակությունը, մասշտաբները և միջազգային ընդգրկումը վկայում են այն մասին, որ Հայաստանը գնալով ավելի բարձր տեղ է գրավում տեխնոլոգիական էկոհամակարգում։

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշում է, որ գագաթնաժողովի խորքային առաքելությունն ուղղված է ոչ միայն մասնագիտական համայնքին, այլ երկրի ռազմավարական ապագային.

«Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիաները պետք է հասնեն ցանկացած համայնք, դպրոց և ցանկացած երիտասարդի։ Մենք պատրաստում ենք հետագա սերունդ՝ արհեստական բանականության սերունդ, որոնք պատրաստ կլինեն դառնալ մեր ապագա տեխնոլոգիական հենասյուները։

Իմաստն այն է, որ Հայաստանը դարձնենք աշխարհի ամենակարևոր տեխնոլոգիական կենտրոններից մեկը, որ մեր մասին խոսեն ոչ միայն որպես այն հին երկիրը, այլ որպես այն երկիրը, որտեղ լավ ռոբոտներն են ծնվում», - ասում է նա։

6 տարում՝ 150 մասնակիցից մինչև 1000

2019-ին առաջին Silicon Mountains-ը անցկացվեց Մատենադարանում՝ ընդամենը 150–180 մասնակիցներով։ Այսօր, ըստ Մուսայելյանի, մասնակիցների թիվը հասնում է 800–1000-ի, ինչը Հայաստանի համար «բավական մեծ ցուցանիշ է»։ Նա շեշտում է․

«Տարիների ընթացքում հասկացանք, որ պահանջարկը մեծ է։ Մենք աճեցինք թե՛ որակապես, թե՛ բովանդակությամբ, և այսօր արդեն կարողանում ենք ներգրավել ամենահետաքրքիր բանախոսներին ու ներկայացնել ամենաարդիական թեմաները»։

Այս աճի շարժիչ ուժը, ըստ նրա արհեստական բանականության նկատմամբ արտասովոր մեծ հետաքրքրությունն է։

Արհեստական բանականությունը՝ բոլոր ոլորտների մեջ

Այս տարվա Silicon Mountains-ը կենտրոնացած էր արհեստական բանականության անատոմիային։ Թեմաները բազմազան էին՝ բիոտեխնոլոգիայից մինչև գինեգործություն, կիսահաղորդիչներից մինչև ստարտափներ, վենչուրային ներդրումներից մինչև կրթական նորարարություններ։

Մուսայելյանի խոսքով՝ դա պատահական չէ։ ՏՀՏ ոլորտը հնարավոր չի համարել որպես առանձին փակ ոլորտ։ Այն այսօր ներկա է բոլոր ճյուղերում։ Արհեստական բանականության դեպքում դա առավել տեսանելի է․

Գագաթնաժողովը գնում է դեպի մարզեր

Silicon Mountains-ը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է նաև մարզերում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում և COAF Սմարթ կենտրոնում։

Մուսայելյանը բացատրում է․

«Մարզային համաչափ զարգացումը ամբողջությամբ հնարավոր չէ ապահովել աշխարհում ոչ մի երկրում։ Բայց եթե ուշադրություն չդարձնես, իրավիճակը շատ ավելի վատ կլինի։ Մեր նպատակն է անել հնարավորինը, որպեսզի մարզերը նույնպես ունենան տեխնոլոգիական հասանելիություն»

Նա ընդգծում է, որ մարզերում ոչ միայն միջոցառումներ են իրականացվում, այլ նաև համայնքային ներկայացուցիչներ և տեղական ընկերություններ են ներգրավվում՝ ձևավորելով «ոչ պաշտոնական, բայց գործող» զարգացման ռազմավարություն։

Միջազգային երազանքը՝ Silicon Mountains-ը Սիլիկոնյան հովտում

Գագաթնաժողովի հաջորդ մեծ նպատակը միջազգային տարածումն է։

«Սկզբից ի վեր մենք գիտեինք, որ եթե ուզում ենք Silicon Mountains-ը իրապես դառնա համաշխարհային հարթակ, այն պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից։ Մեր ամենամեծ երազանքը այն Սիլիկոնյան հովտում կազմակերպելն է»,– ասում է Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ արդեն քննարկումներ են տարվում, այդ թվում՝ պետական մարմինների հետ։

Global IT Award-ի մրցանակակիրները՝ որպես Հայաստանի տեխնոլոգիական դեսպաններ

Գագաթնաժողովի հիմնական բանախոսներն ամեն տարի լինում են Global IT Award-ի մրցանակակիրները՝ համաշխարհային ազդեցություն ունեցող գիտնականներ, ինժեներներ և տեխնոլոգիական առաջնորդներ։

Այս տարվա գլխավոր բանախոսն էր Վինսենտ Ռոշը, Analog Devices-ի նախագահն ու ղեկավարը։

«Նման մարդկանց պարզապես հրավիրել և բերել Հայաստան հնարավոր չէ․ նրանց համար պետք է լինի հատուկ վերաբերմունք ու հատուկ նպատակ։ Նրանք այցելում են, ստանում են պետական բարձր պարգև, այցելում են մի շարք կենտրոններ և հետագայում դառնում են Հայաստանի դեսպանները տեխնոլոգիական աշխարհում»,– ասում է Մուսայելյանը։

Նման այցելությունները, ըստ նրա, մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային ճանաչելիությանը․

«Այս մարդիկ մեծ տպավորություններով են հեռանում և պատմում են մեր երկրի հնարավորությունների մասին։ Դա ամենաուժեղ մեթոդներից է ցույց տալու, որ Հայաստանը հին, գողտրիկ երկիր լինելուց բացի՝ արագ զարգացող տեխնոլոգիական կենտրոն է»։

AI կրթություն դպրոցներում. STEP AI ծրագիր

ՏՀՏ միության ամենակարևոր նախաձեռնություններից մեկը STEP AI ծրագիրն է, որն արդեն սկսում է գործել 15 դպրոցներում։ Ծրագիրն ուղղված է 10–12-րդ դասարանների աշակերտներին և ներառում է․ Python ծրագրավորում, մեքենայական ուսուցում, արհեստական բանականության հիմունքներ։

Մուսայելյանի խոսքով, եթե երեխաներին վաղ տարիքից ներկայացնես այս հմտությունները, նրանք շատ ավելի հեշտ կհարմարվեն փոփոխվող աշխատաշուկային։ ԱԲ-ը փակելու է որոշ մասնագիտություններ, բայց նրանք, ովքեր տիրապետում են հիմունքներին և կարողանում են օգտագործել տեխնոլոգիան, դառնալու են ավելի բարձրակարգ մասնագետներ։

Հայաստանի պոտենցիալը միկրոէլեկտրոնիկայում և բարդ ինժեներական լուծումներում

Ըստ Մուսայելյանի՝ Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի և չիպ դիզայնի ոլորտներում։

«Հայաստանում վերազգային ընկերությունների կոնցենտրացիան շատ ավելի բարձր է, քան ամբողջ տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ այդ ընկերությունները վստահում են Հայաստանին և հասկանում են, որ այստեղ կարող են գտնել բարձրակարգ ինժեներներ և բարդ խնդիրների լուծումներ»,– ընդգծում է նա։

Հայաստանը, նրա խոսքով, վաղուց դուրս է եկել «էժան աշխատուժի» երկրի պատկերացումից․ «Հայաստանը դառնում է որակյալ տեխնոլոգիական արտադրանք ստեղծող և արտահանող երկիր», - ասում է նա։