Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Bloom Energy Corporation–ը։ Էներգագեներատորների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 28.35%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $111.50)։ Հաջորդը Հարավային Կորեայում էլեկտրաէներգիայի առաջատար արտադրող Korea Electric Power Corporation–ն է՝ 22.38% աճով ($15.31)։ Եռյակը եզրափակում է գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության ոլորտում գործող Bunge Global SA–ն՝ 20.71% աճով ($97.50)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է տվյալների կենտրոնների չիպերի նախագծմամբ զբաղվող Astera Labs, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 22.51%–ով ($159.80)։ Հաջորդը ամպային հաշվարկների լուծումներով զբաղվող Nebius Group N.V.–ն է՝ 12.46% անկումով ($113.44)։ Եռյակը եզրափակում է ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի մատակարար Kratos Defense & Security Solutions, Inc.–ը՝ 12.16% անկումով ($83.12)։
Ամերիկյան ֆոնդային շուկաները նախորդ շաբաթը փակեցին աճով, քանի որ ներդրողների մտահոգությունները առևտրային պատերազմի առնչությամբ նվազեցին, իսկ բանկային ոլորտի հաջող ֆինանսական հաշվետվությունները մեծացրին վստահությունը տնտեսության նկատմամբ։ S&P 500-ը շաբաթվա ընթացքում աճեց 1.7%–ով, Nasdaq-ը՝ 2.1%–ով, իսկ Dow Jones–ը՝ 1.6%–ով։
Ոսկու գինը շաբաթվա սկզբին պատմական բարձր մակարդակի հետո շաբաթվա վերջին նվազեց 2.2%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 4,230.60 դոլարի։ Պատճառն այն էր, որ բանկային համակարգի հարցում մտավախությունների թուլացման ֆոնին անվտանգ ակտիվների նկատմամբ պահանջարկը թուլացավ։
Նույն պատճառով աճեցին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունները՝ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասավ 4.01%–ի, իսկ 30-ամյայինը՝ 4.60%։ ԱՄՆ դոլարը նույնպես ամրապնդվեց՝ հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ աճելով 0.16%–ով։ ԱՄՆ ֆոնդային շուկային այս շաբաթ կարևոր փորձություն է սպասում՝ խոշոր ընկերությունները պետք է հրապարակեն եռամսյակային հաշվետվությունները, սեպտեմբերի սպառողական գների ինդեքսը կհրապարակվի ուրբաթ՝ ինը օրով ուշացումով։ Սրանցից է կախված լինելու, թե Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցում ինչ որոշում կկայացնի առաջիկա նիստին։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ տոկոսադրույքը կնվազեցվի 0.25 տոկոսային կետով։
Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերն անցած շաբաթ 2.17 միլիարդ դոլարի ներդրում են ապահովել՝ գրանցելով ներհոսքի չորրորդ շաբաթն անընդմեջ։ Պարտատոմսերի ֆոնդեր ներհոսքը դանդաղել է՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի, սակայն պետական պարտատոմսերի պահանջարկը բարձրացել է՝ հասնելով վերջին հինգ ամիսների ամենաբարձր մակարդակին։ Ներդրողները 6.7 միլիարդ դոլար են դուրս բերել դրամական ֆոնդերից, մինչդեռ ոսկու ֆոնդերը գրանցել են 2.8 միլիարդ դոլարի աճ։
Ray-Ban բրենդի արտադրող EssilorLuxottica ընկերության բաժնետոմսերն աճել են 14%-ով՝ հասնելով պատմական առավելագույնին, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքն ավելացել է 20 միլիարդ դոլարով։ Սա տեղի է ունեցել Meta Platforms-ի հետ համատեղ մշակված արհեստական բանականությամբ Ray-Ban Meta ակնոցների մեծ պահանջարկի շնորհիվ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2035 թ․ ընկերությունը կվաճառի մոտ 60 միլիոն խելացի ակնոց։
Դեղագործական Novo Nordisk ընկերության բաժնետոմսերի գները նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընկերության հայտնի Ozempic դեղամիջոցի գները պետք է «շատ ավելի ցածր» լինեն՝ 150 դոլար ներկայիս 1,000 դոլարի փոխարեն։ Novo-ի բաժնետոմսերը նվազել են 6.3%–ով, Lilly-ինը՝ ավելի քան 3%–ով, իսկ Zealand Pharma-ինը՝ 7%–ով։ Ներդրողները մտավախություն ունեն, որ ԱՄՆ գնային նոր քաղաքականությունը կարող է նվազեցնել քաշի իջեցման և շաքարային դիաբետի դեղերի արտադրողների շահույթը։
Ներդրումների կառավարմամբ զբաղվող Man Group-ի (EMG.L) բաժնետոմսերը հասել են վեցամսյա առավելագույնին՝ աճելով 2.6%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ իր կառավարման տակ գտնվող ակտիվները մեկ տարում աճել են 22%-ով՝ հասնելով ռեկորդային 213.9 միլիարդ դոլարի։
Oracle-ը հայտարարել է, որ իր ամպային ենթակառուցվածքի եկամուտները 2030 ֆինանսական տարում կհասնեն 166 միլիարդ դոլարի՝ կազմելով ընկերության ընդհանուր վաճառքների մոտ 75%-ը։ Oracle-ը ակնկալում է 225 միլիարդ դոլարի ընդհանուր եկամուտ և մեկ բաժնետոմսի հաշվով 21 դոլար շահույթ, ինչը գերազանցում է վերլուծաբանների սպասելիքները։ Հայտարարությունից հետո Oracle-ի բաժնետոմսերն աճել են 3%-ով, սակայն հետագա առևտրի ընթացքում նվազել մոտ 2%-ով։
2025 թվականի հոկտեմբերի 14-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 19.4 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2054թ. հոկտեմբերի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 26.9 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.6530 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.9784 տոկոս:
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. օգոստոսի 3–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 15,4 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.1338 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.8442 տոկոս:
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2025 հարկային տարվա ընթացքում նվազել է 41 միլիարդ դոլարով՝ հասնելով 1.8 տրիլիոնի։ Սա պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերի շնորհիվ գրանցված եկամուտների աճով և կրթության ոլորտի ծախսերի կրճատմամբ։ Մաքսային մուտքերը հասել են ռեկորդային՝ 195 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 118 միլիարդով։ Ընդհանուր բյուջետային եկամուտները կազմել են 5.235 տրիլիոն դոլար՝ 6%-ով ավելի, իսկ ծախսերը՝ 7.01 տրիլիոն՝ նախորդ տարվա համեմատ 4%–ով ավելի։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





