Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է թոքաբանական և սրտանոթային հիվանդությունների բուժման դեղամիջոցներ արտադրող United Therapeutics Corporation–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 31.42%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $400.52)։ Հաջորդը էլեկտրոնային արտադրական ծառայություններ և բարձր տեխնոլոգիական լուծումներ տրամադրող Celestica Inc.–ն է՝ 24.61% աճով ($242.68)։ Եռյակը եզրափակում է օպտիկական ցանցային լուծումներ մշակող Ciena Corporation–ը՝ 24.18% աճով ($116.69)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է դիզայնի և համատեղ աշխատանքի ծրագրային հարթակ մշակող Figma, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 21.94%–ով ($54.86)։ Հաջորդը սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրությամբ զբաղվող lululemon athletica inc.–ն է՝ 17.01% անկումով ($167.80)։ Եռյակը եզրափակում է արհեստական բանականության համար ամպային հաշվարկային ենթակառուցվածք տրամադրող CoreWeave, Inc.–ը՝ 13.54% անկումով ($89.09)։
ԱՄՆ ֆոնդային բորսաներն անցած ուրբաթ կարճ ժամանակով հասան ռեկորդային բարձր մակարդակների։ Պատճառը օգոստոսին աշխատաշուկայի՝ սպասվածից շատ ավելի թույլ ցուցանիշներն էին, ինչը մեծացրեց ներդրողների սպասումները, որ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի մինչև կես տոկոսով կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ավելի ուշ, սակայն նույն՝ աշխատաշուկայի ցուցանիշների պատճառով բաժնետոմսերի գներն անկում ապրեցին, քանի որ ներդրողների մոտ տնտեսության թուլացման շուրջ մտահոգություններ առաջացան։ Արդյունքում շաբաթվա կտրվածքով Dow Jones-ը նվազեց 0.3%-ով, S&P 500-ը աճեց 0.3%-ով, իսկ Nasdaq-ը աճեց 1.1%-ով։
HSBC-ն բարձրացրել է S&P 500 ինդեքսի տարեվերջի կանխատեսումը՝ 6,400-ից հասցնելով 6,500–ի՝ հաշվի առնելով, որ երկրորդ եռամսյակի կորպորատիվ շահույթները գերազանցել են սպասումները։ Այս պահի դրությամբ S&P 500-ի ընկերությունների գրեթե 80%-ը գերազանցել է շահույթի կանխատեսումները։
Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը վերջին երեք շաբաթվա ընթացքում ամենամեծ շաբաթական ներհոսքն են գրանցել։ Սեպտեմբերի 3-ին ավարտված շաբաթվա ընթացքում այդ ֆոնդերը 10.65 մլրդ դոլար են ներգրավել, ինչը հիմնականում պայմանավորված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հույսերով։ Պարտատոմսերի ֆոնդերը շարունակել են գումար ներգրավել 20-րդ շաբաթն անընդմեջ՝ ընդհանուր 18.74 մլրդ դոլար, իսկ դրամական շուկայի ֆոնդերը ամենաբարձր ցուցանիշն են ունեցել վերջին չորս շաբաթների ընթացքում՝ 57.59 մլրդ դոլար։
Broadcom-ի բաժնետոմսերն ուրբաթ օրը բարձրացել են 15%-ով, երբ ընկերությունը հայտարարել է արհեստական բանականության չիպերի նոր՝ 10 միլիարդ դոլարի պատվեր ստանալու մասին։ Պատվիրատուի անունը չի նշվում, բայց վերլուծաբանները ենթադրում են, որ խոսքը OpenAI-ի մասին է, և կանխատեսում են, որ Broadcom-ի ԱԲ չիպերի վաճառքները 2026 թվականին կարող են գերազանցել 40 միլիարդ դոլարը՝ նախկինում կանխատեսվող 30 միլիարդ դոլարի փոխարեն։
Salesforce-ի բաժնետոմսերը մեկ օրում նվազել են մոտ 8%-ով, երբ ընկերությունը ներկայացրել է երրորդ եռամսյակի շահույթի ոչ այնքան բարենպաստ կանխատեսում՝ նշելով, որ ԱԲ–ի մեջ ներդրումներից վերադարձները կարող են ավելի երկար ժամանակ պահանջել, քան սպասվում էր։ Ընկերությունը ակնկալում է $10.24–$10.29 միլիարդի շահույթ, ինչը փոքր-ինչ ցածր է վերլուծաբանների կանխատեսումներից:
American Bitcoin Corp-ի բաժնետոմսերի գինը կտրուկ՝ ավելի քան երկու անգամ բարձրացել է անցած ուրբաթ՝ շուկայական դեբյուտի ժամանակ։ Դոնալդ Թրամփի երկու որդիներն այս ընկերությունում ունեն 20% բաժնեմաս՝ մոտ $1.5 միլիարդ արժողությամբ։ Ընկերությունը Թրամփ ընտանիքի ընդլայնվող կրիպտո բիզնեսի մաս է կազմում։
Alphabet-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 9%-ով այն բանից հետո, երբ ԱՄՆ դատարանը որոշել է չմասնատել Google-ը. ընկերությունը կարող է պահպանել վերահսկողությունը Chrome-ի և Android-ի նկատմամբ։ Արդյունքում ընկերության արժեքը բարձրացել է մոտ $210 միլիարդով, մեկ բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային՝ $231.31-ի։
Apricot Capital առաջատար ներդրումային ընկերությունը հայտարարել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի միջազգային հեղինակավոր ISO/IEC 27001:2022 հավաստագիր ստանալու մասին։ TÜV AUSTRIA ավստրիական կազմակերպության կողմից անկախ աուդիտի արդյունքում ստացված այս հեղինակավոր Հավաստագիրը վկայում է, որ ընկերության ներքին քաղաքականությունները, ընթացակարգերը և վերահսկողական մեխանիզմները համապատասխանում են միջազգային ամենախիստ ստանդարտներին։ Apricot Capital-ից հավելել են, որ ընկերությունը շարունակելու է պահպանել տեղեկատվական անվտանգության ամենաբարձր չափանիշները՝ պարբերաբար վերանայելով և զարգացնելով իր տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը, ապահովելով վստահելիություն թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ հաճախորդների համար։
ԱՄՆ-ում աշխատատեղերի աճն օգոստոսին կտրուկ դանդաղել է. Աշխատանքի շուկայում ավելացել է ընդամենը 22,000 աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը 4.2%-ից բարձրացել է մինչև 4.3%,ինչը ներդրողների շրջանումԴաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելի ագրեսիվ նվազեցնելու վերաբերյալ սպասումներ է առաջացրել ։
ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հուլիսին կտրուկ աճել է՝ 32.5%-ով՝ հասնելով 78.3 միլիարդ դոլարի, ինչը 3 միլիարդով գերազանցում է տնտեսագետների կանխատեսումը։ Պակասուրդիաճի պատճառը ներմուծումների աճն է՝ 5.9%-ով, մինչդեռ արտահանումն աճել է միայն 0.3%-ով։ Առևտրային հաշվեկշռի պակասուրդը կարող է 3-րդ եռամսյակում բացասական ազդեցություն ունենալ երկրի ՀՆԱ-ի աճի վրա։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





