Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է NIO Inc.–ը։ Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 31.81%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $6.34)։ Հաջորդը կադրային ծրագրային ապահովման ոլորտում գործող Dayforce Inc.–ն է՝ 30.86% աճով ($69.20)։ Եռյակը եզրափակում է ցանցային սարքավորումներ արտադրող Ubiquiti Inc.–ը՝ 26.67% աճով ($510.23)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է շինանյութերի արտադրությամբ զբաղվող James Hardie Industries plc–ն, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 29.30%–ով ($20.51)։ Հաջորդը պահեստավորման ավտոմատացման լուծումներ մշակող Symbotic Inc.–ն է՝ 12.06% անկումով ($46.23)։ Եռյակը եզրափակում է էլեկտրոօպտիկական բաղադրիչներ արտադրող Fabrinet–ը՝ 10.75% անկումով ($294.35)։


Անցած շաբաթվա վերջին բաժնետոմսերի գները բարձրացել են այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ակնարկել է սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման մասին ։ Արդյունքում Dow Jones-ը փակվել է ռեկորդային բարձր մակարդակի վրա՝ շաբաթվա կտրվածքով գրանցելով 2.1% աճ։ S&P 500-ը շաբաթը փակել է 1.2% աճով, մինչդեռ Nasdaq-ը նվազել է 0.6%–ով, քանի որ ներդրողները գումարները դուրս են բերել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից և ուղղել դրանք դեպի ավելի էժան բաժնետոմսեր։


UBS Global Wealth Management-ը բարձրացրել է S&P 500-ի տարեվերջյան կանխատեսումը՝ 6,200-ից հասցնելով 6,600-ի․ սա վերջին երկու ամսում արդեն երկրորդ բարձրացումն է։ Ընկերությունը դա կապում է կայուն եռամսյակային շահույթների եւ առևտրային լարվածության թուլացման հետ։ Բորսայում ցուցակված ընկերությունների շուրջ 80%–ն  այս սեզոնին գերազանցել է շահույթի կանխատեսումները, ինչը հիմնականում պայմանավորված է արհեստական բանականության կողմից խթանվող աճով։


 Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման ֆոնին ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ նվազել է։ 2-ամյա եկամտաբերության պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է գրեթե 10 բազիսային կետով՝ հասնելով 3.69%-ի, իսկ 10 տարեկան պարտատոմսերինը՝ 6 բազիսային կետով՝ հասնելով 4.27%-ի։ Նավթի գները փոքր-ինչ աճել են՝ Brent տեսակի նավթի գինը հասել է $67.85-ի։


Դաշնային պահուստային համակարգի նախագահ Փաուելի հայտարարությունից հետո եվրոպական բաժնետոմսերը նույնպես աճել են՝  հասնելով հնգամյա առավելագույնին։  Համաեվրոպական STOXX 600-ն աճել է 0.4%-ով և գրանցել երրորդ անընդմեջ շաբաթական աճը։


Oգոստոսի 20-ին ավարտված շաբաթվա ընթացքում համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդեր ներհոսքը կտրուկ նվազել է․ այս ֆոնդերում միայն $2.27 մլրդ է ներդրվել, մինչդեռ նախորդ շաբաթ այս ցուցանիշը $19.29 մլրդ էր։ Համաշխարհային պարտատոմսային ֆոնդերը մնացել են պահանջված՝ մեկ շաբաթում գրանցելով $18.82 մլրդ զուտ ներհոսք։


ԱՄՆ կառավարությունը համաձայնել է ձեռք բերել Intel-ի 10% բաժնեմասերը՝ այդ կերպ նպատակ ունենալով աջակցել դժվար վիճակում հայտնված ընկերությանը։ Կառավարությունը կգնի Intel-ի՝ $8.9 մլրդ արժողությամբ 433.3 միլիոն բաժնետոմս։ Այս տեղեկության տարածվելուց հետո Intel-ի մեկ բաժնետոմսի գինն աճել է  5.5%–ով։


2025 թվականի օգոստոսի 25-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 1.2 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. մարտի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3.7 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 96.0249 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.9270 տոկոս:


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը ակնարկել է սեպտեմբերի 16-17-ի նիստին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու մասինՓաուելն ընդգծել է աշխատաշուկայում ռիսկերի աճը, նաեւ ասել, որ գնաճը դեռ մտահոգության առարկա է։ Նրա խոսքով՝ իրենք դեռեւս զգուշավորություն կցուցաբերեն՝ հետեւելով աշխատաշուկայայի առաջիկա զարգացումներին եւ գնաճի տեմպին։


Անցած շաբաթ ԱՄՆ-ում գործազրկության նպաստի դիմում ներկայացնող անձանց թիվն աճել է 11,000-ով՝ հասնելով 235,000-ի, ինչն ամենամեծ աճն է վերջին երեք ամիսների ընթացքում եւ ցույց է տալիս, որ օգոստոսին ԱՄՆ աշխատաշուկան մնացել է թույլ։ ԱՄՆ–ում գործազրկության նպաստ ստացողների թիվը աճել է 30,000-ով՝ հասնելով 1.972 միլիոնի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին չորս տարում։ Վերջին երեք ամիսների ընթացքում նոր աշխատատեղերի աճը կազմել է միայն 35,000։ Բիզնեսների կողմից նոր աշխատատեղերի բացման ցածր ցուցանիշը մասնագետները բացատրում են առևտրային ճնշումներով։


Օգոստոսին ԱՄՆ-ում բիզնես ակտիվությունն արագացել է։ Աճը գլխավորել է արտադրական ոլորտը, որը գրանցել է պատվերների ամենամեծ աճը 18 ամսվա ընթացքում։ Արտադրական ոլորտի PMI-ը բարձրացել է մինչեւ 53.3՝ հուլիսի 49.8-ից, հիմնականում նոր պատվերների շնորհիվ, մինչդեռ ծառայությունների ոլորտը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 55.4-ի։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։