Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Reddit, Inc.–ը։ Սոցիալական մեդիա հարթակի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 26.05%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $188.64)։ Հաջորդը էլեկտրական գեներատորների և էներգետիկ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող Generac Holdings–ն է՝ 23.36% աճով ($193.63)։ Եռյակը եզրափակում է գենային թերապիայի ոլորտում առաջատար Alnylam Pharmaceuticals–ը՝ 22.20% աճով ($401.80)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է դիաբետի բուժման և GLP-1 դեղամիջոցների ոլորտում համաշխարհային առաջատար Novo Nordisk–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 32.79%–ով ($48.19)։ Քաշի նվազեցման հայտնի Wegovy դեղամիջոց արտադրող դանիական ընկերությունը այս անկման պատճառով դուրս է մնացել Եվրոպայի STOXX 600 ցուցակի խոշորագույն 10 ընկերությունների շարքից։ Հաջորդը թվային արժույթների առևտրի հարթակ Coinbase Global–ն է՝ 19.65% անկումով ($314.69)։ Եռյակը եզրափակում է մասնագիտացված մետաղների և առաջադեմ նյութերի արտադրությամբ զբաղվող ATI Inc.–ը՝ 19.23% անկումով ($76.72)։


ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթվա վերջին աշխատանքային օրը կտրուկ անկում են գրանցել՝ չնայած շաբաթվա ընթացքում ուժեղ դիրքերում էին։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը նվազել է 2.36%-ով, Nasdaq-ը՝ 2.17%-ով, իսկ Dow Jones-ը՝ 2.92%-ով։ Ներդրողներին անհանգստացրել են ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի, Բրազիլիայի, Հնդկաստանի և Թայվանի նկատմամբ, ինչպես նաև աշխատաշուկայի՝ սպասվածից ավելի թույլ ցուցանիշները։ 


Եվրոպական շուկաները նույնպես անկում են ապրել օգոստոսի 1-ին, ինչի արդյունքում շաբաթվա կտրվածքով STOXX 600 ինդեքսը նվազել է 1.9%-ով, իսկ գերմանական DAX-ը՝ 2.7%-ով։ Անկման պատճառը կրկին Թրամփի սահմանած նոր՝ բարձր մաքսատուրքերն են, այդ թվում՝ 39% շվեյցարական ապրանքների վրա, որոնք մտահոգություններ են առաջացրել ներդրողների  շրջանում։ Անկմանը նպաստել է նաեւ առողջապահական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ նվազումը այն բանից հետո, երբ Թրամփը եվրոպական դեղագործական հսկաներին կոչ էր արել ԱՄՆ-ում իջեցնել դեղերի գները:


 Ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերը շաբաթն ավարտել են զգալի ներհոսքով՝ ներգրավելով շուրջ 6.34 միլիարդ դոլար, ինչը վերջին երեք շաբաթների ընթացքում առաջին դրական արդյունքն էր։ Ներդրողների վստահությունը պայմանավորված էր ԱՄՆ-ի և հիմնական առևտրային գործընկերների միջև համաձայնության շուրջ լավատեսությամբ, ինչպես նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ այդ թվում՝ Microsoft-ի և Meta-ի հաջող եռամսյակային հաշվետվություններով։ Պարտատոմսերի ֆոնդերը շարունակել են 15 շաբաթ անընդմեջ ներհոսքի միտումը՝ ավելացնելով 6.08 մլրդ դոլար, մինչդեռ դրամային շուկայի ֆոնդերն ունեցել են 1.89 մլրդ դոլարի արտահոսք։


Amazon-ի բաժնետոմսերը ուրբաթ օրը նվազել են 7%-ով, քանի որ ներդրողները մտահոգված են, որ Amazon Web Services (AWS) ամպային ծառայությունների բաժինը Microsoft Azure-ից և Google Cloud-ից հետ է մնում արհեստական բանականության մրցավազքում։ AWS-ը երկրորդ եռամսյակում ներկայացրել է եկամտի 17.5% աճ՝ գերազանցելով շուկայի սպասումները, սակայն զգալիորեն զիջել է Microsoft-ի 39% և Google-ի 32% աճին։


Reddit ընկերության բաժնետոմսերը ուրբաթ օրն աճել են 15%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է եռամսյակային արդյունքներ, որոնք գերազանցել են շուկայի ակնկալիքները։ Սա մեծացրել է ներդրողների վստահությունը՝ հատկապես արհեստական բանականության վրա հիմնված գովազդային գործիքների և ակտիվ օգտատերերի ներգրավվածության առումով։


Ֆերարիի բաժնետոմսերը հինգշաբթի օրը գրանցել են ընկերության ամենամեծ՝ 12% մեկօրյա անկումը վերջին 9 տարվա ընթացքում։ Շքեղ սպորտային ավտոմեքենաներ արտադրողը կանխատեսումներին համապատասխան ֆինանսական արդյունքներ է ներկայացրել, սակայն հայտնել է որոշ մոդելների գները ԱՄՆ-ում նվազեցնելու մասին։


Qualcomm-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը նվազել են գրեթե 5%-ով, քանի որ շուկան անհանգստացած է Apple-ի հետ համագործակցության հնարավոր դադարեցմամբ։ Ընկերությունը հայտարարել է, որ Apple-ը դադարեցնելու է Qualcomm-ի մոդեմային չիպերի օգտագործումը 2025-ի փետրվարից՝ սկսած iPhone 16e մոդելից, ինչը կարող է բացասաբար ազդել ապագա վաճառքների վրա։


Arm Holdings-ի բաժնետոմսերը հինգշաբթի վաղ առավոտյան նվազել են գրեթե 13%-ով, երբ ընկերությունը հայտարարել է սեփական չիպերի արտադրության մեջ մեծ ներդրումներ կատարելու ծրագրերի մասին, ինչը կարող է նվազեցնել ապագա շահույթները։ Մինչեւ այս ընկերությունն իր չիպերի նախագծումը պատվիրում էր, օրինակ, Nvidia-ին և Amazon-ին։ Նոր ռազմավարությամբ Arm-ը կարող է մրցակից դառնալ այս ընկերություններին։ Բացի այդ, ընկերության եկամուտների կանխատեսումը մնացել է սպասվածից ցածր՝ առևտրային աճող լարվածության պայմաններում, ինչը խոչընդոտում է սմարթֆոնների շուկայում պահանջարկին։


2025 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. օգոստոսի 3–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 13.7 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4277 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1250 տոկոս:


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն անցած շաբաթ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել, իսկ նախագահ Ջերոմ Փաուելի մեկնաբանություններից վերլուծաբանները եզրակացրել են, որ սեպտեմբերին տոկոսադրույքների նվազեցման հավանականությունը 50%–ից ցածր է։ Նա նշել է, որ Թրամփի մաքսային և տնտեսական քաղաքականության հնարավոր ազդեցությունը գնաճի վրա չափազանց բարձր է՝ դրամավարկային քաղաքականությունը մեղմացնելու համար։

ԱՄՆ աշխատանքի շուկայի «ճեղքերն» ավելի են խորանում. հուլիսին նոր աշխատատեղերի աճը գրեթե կանգ է առել՝ կազմելով ընդամենը 73,000։ Սա վկայում է տնտեսության թուլացման մասին՝ պայմանավորված գործատուների զգուշավորությամբ և ներգաղթային հոսքերի նվազմամբ։ 


ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում կազմել է 3%՝ արտահանման դրական ցուցանիշների շնորհիվ, սակայն տնտեսական ակտիվության հիմնային թուլությունը պահպանվում է։ Փորձագետները զգուշացնում են, որ սպառողական ծախսերի թուլացումը և բիզնես հատվածի զգուշավորությունը կարող են առաջիկայում էլ ավելի նվազեցնել տնտեսության աճի տեմպերը։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։