Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Joby Aviation–ը։ Էլեկտրական օդային տաքսիների արտադրությամբ զբաղվող ստարտափի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 47.67%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $17.78)։ Հաջորդը հազվագյուտ մետաղների արդյունահանմամբ զբաղվող MP Materials Corp.–ն է՝ 40.15% աճով ($63.22)։ Եռյակը եզրափակում է փոքր ռեակտորներով ատոմակայանների նախագծմամբ զբաղվող NuScale Power Corporation–ը՝ 34.07% աճով ($50.25): Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է առողջապահական ապահովագրությամբ զբաղվող Elevance Health–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 18.66%–ով ($277.09): Հաջորդը լաբորատոր վերլուծական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Waters Corporation–ն է` 18.53% անկումով ($287.53):  Եռյակը եզրափակում է առողջապահական ապահովագրություն և պետական ծրագրերի կառավարում իրականացնող Centene Corporation–ը՝ 11.10% անկումով ($27.95)։ 


Ամերիկյան ֆոնդային շուկաները նախորդ շաբաթն ավարտել են աննշան փոփոխություններով՝  հաղթահարելով կարճատեւ անկումը, որն ավելի վաղ գրանցվել էր Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերի կտրուկ բարձրացման մտադրության վերաբերյալ լուրերի ֆոնին։ Շաբաթվա արդյունքներով՝ S&P 500–ն աճել է 0.59%, Nasdaq–ը՝ 1.5%–ով, իսկ Dow Jones–ը աննշան՝ 0.07% անկում է գրանցել։ Անցած շաբաթ մեկնարկել է ընկերությունների՝ հաշվետվությունների ներկայացման շրջանը, որը պետք է ցույց տա, թե իրականում ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությունը խոշոր ձեռնարկությունների վրա։ S&P 500–ի՝ առաջինը զեկույցներ ներկայացրած՝ 59 ընկերությունների երկրորդ եռամսյակի եկամուտները գերազանցել են  կանխատեսումները, ինչը նշանակում է, որ ներդրողների կարծիքով նոր մաքսատուրքերն այնքան չեն վնասի տնտեսությանը, որքան ավելի վաղ կանխատեսվում էր։ Այդուհանդերձ, առեւտրային բանակցություններում անորոշությունն իր ազդեցությունն է ունեցել որոշ ընկերությունների վրա. Netflix–ն ու  American Express–ը, չնայած եկամուտների լավ հաշվետվություններին, նվազել են՝ համապատասխանաբար 5% եւ 2.3%–ով։


Երկուշաբթի օրը ոսկին թանկացել է։ Ոսկու շուկայական գինն աճել է 0.5%–ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց $3,364–ի։ Ոսկու ամերիկյան ֆյուչերսները աճել են 0.4%–ով՝ հասնելով $3,371–ի։ Տնտեսագետների կարծիքով՝ ոսկու գնի աճին նպաստել է դոլարի թուլացումը՝ ԱՄՆ դոլարի ինդեքսը նվազել է 0.2%–ով, ինչպես նաեւ առեւտրային բանակցություններում անորոշությունը. օգոստոսի 1–ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք Վաշինգտոնը համաձայնության կգա ԵՄ–ի հետ առեւտրային բանակցություններում, թե ուժի մեջ կմտնեն Թրամփի հայտարարած նոր՝ բարձր մաքսատուրքերը։


Կրիպտոարժույթների հատվածի ընդհանուր շուկայական արժեքն անցած շաբաթ հասել է $4 տրիլիոն–ի՝ ցույց տալով, որ թվային արժույթների շուկան այժմ համաշխարհային ֆինանսական շուկայի առանցքային հատվածներից մեկն է դարձել։ Անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց օրինագծին, որով կարգավորումների շրջանակ է սահմանվում այսպես  կոչված սթեյբլքոինների համար։ Սրանք այն թվային արժույթներն են, որոնք կցված են ԱՄՆ դոլարին, եւ ի տարբերություն, օրինակ բիթքոինի, դրանց գինը չի տատանվում եւ միշտ համարժեք է 1 ԱՄՆ դոլարի։ Մասնագետները սա բեկումնային պահ են համարում կրիպտո արդյունաբերության համար։ Կրիպտոաարժույթների շուկայի ամենախոշոր մասն այժմ բաժին է հասնում բիթքոինին։ Մեկ բիթքոինի արժեքն անցած շաբաթ անցավ $120,000–ը՝ սահմանելով ռեկորդ։

Ընդհանուր մտահոգությունների ֆոնին ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերը հուլիսի 16-ին ավարտված շաբաթվա ընթացքում  զգալի կորուստներ են ունեցել։ Ներդրողները դուրս են բերել 11.75 միլիարդ դոլար այս ֆոնդերից՝ վերջ դնելով նախորդ երկու շաբաթների աճին։ Պարտատոմսերի ֆոնդերը 13-րդ շաբաթն անընդմեջ շարունակել են ներգրավել ներդրումներ՝ գրանցելով 5.55 միլիարդ դոլարի ներհոսք։ Դրամական ֆոնդերը 9.79 միլիարդ դոլարի արտահոսք են ունեցել։


Talen Energy ընկերության բաժնետոմսերը հուլիսի 18-ին աճել են ավելի քան 23%–ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ Պատճառը ընկերության նոր՝ 3.5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքներն են, որոնք վերաբերում են գազով աշխատող երկու ջերմաէլեկտրակայանների ձեռքբերմանը։ Talen-ը հայտարարել է, որ գնում է Moxie Freedom կայանը Փենսիլվանիայում և Guernsey Power Station-ը Օհայոյում։


Հնդկական Wipro խոշոր ՏՏ ընկերությունն անցած ուրբաթ գրանցել է մինչև 4% բաժնետոմսերի աճ, քանի որ հրապարակված ֆինանսական արդյունքներն ավելի լավն էին, քան սպասվում էր։ Wipro-ի եռամսյակային հասույթն աճել է 0.8%-ով, իսկ զուտ շահույթը՝ 11%-ով։


Bitmine Immersion Technologies ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի օրն աճել են գրեթե 15%–ով, երբ տեխնոլոգիական միլիարդատեր Փիթեր Թիելը հայտարարել է, որ գնել է ընկերության 9.1% բաժնեմասը։ Թիելը հայտնի է նրանով, որ նախկինում աջակցել է բիթքոյնին․ նրա Founders Fund ներդրումային հիմնադրամը եղել է կրիպտոարժույթներում ամենավաղ ներդրողներից մեկը։ Bitmine-ը զբաղվում է բիթքոյնի սեփական մայնինգով և տրամադրում է հոսթինգ ծառայություններ՝ այլ ընկերությունների կրիպտո-համակարգչային սարքավորումների համար։


2025 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. մայիսի 4–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9.5 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.9994 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.0354 տոկոս:


Հունիսին ԱՄՆ-ում սպառողական գներն աճել են 0.3%-ով, ինչն ամենաբարձր աճն է վերջին 5 ամիսների ընթացքում։ Սա ցույց է տալիս, որ մաքսատուրքերից առաջացած հավելյալ ծախսերը սկսել են ազդել գնաճի վրա։ Սպառողական գների ինդեքսը, որը չի ներառում սննդամթերքն ու էներգակիրները (Core CPI), աճել է 0.2%–ով, իսկ վերջին 12 ամիսների կտրվածքով՝ 2.9%–ով։


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի վերջին՝ Beige Book հաշվետվությունը, որը հիմնված է 12 տարածաշրջանային բանկերի տվյալների և հարցումների վրա, ցույց է տվել, որ տնտեսական ակտիվությունը վերջին շաբաթներին աճել է, բայց կանխատեսումները փոքր ինչ վատատեսական են։ Բիզնեսները հայտնում են, որ բարձրացված մաքսատուրքերը գնաճի պատճառ են դառնում։ ԴՊՀ պաշտոնյաները սպասում են, որ մաքսատուրքերի ազդեցությունը գնաճի վրա ավելի հստակ կերևա աշնանը։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։