Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Regencell Bioscience Holdings Limited–ը։ Կենսաբժշկական հետազոտությունների և կենսատեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 142.71%–ով՝ հասնելով 38.01 դոլարի։ Հաջորդը բլոկչեյն տեխնոլոգիաների և թվային արժույթների ոլորտում գործող Circle Internet Group, Inc.–ն է՝ 79.90% աճով (մեկ բաժնետոմսերի գինը՝ 240.28 դոլար)։ Եռյակը եզրափակում է թվային արժույթների առևտրային հարթակ և կրիպտո ակտիվների կառավարում առաջարկող Coinbase Global–ը՝ 27.06% աճով (մեկ բաժնետոմսերի գինը՝ 308.38 դոլար)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է First Solar, Inc.–ը։ Արեւային վահանակների և վերականգնվող էներգիայի լուծումների առաջատար արտադրողի բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 17.24%–ով՝ հասնելով 145.00 դոլարի։ Հաջորդը Ֆինտեխ ծառայություններ և թվային բանկային հարթակ տրամադրող Chime Financial, Inc.–ն է՝ 15.12% անկումով (մեկ բաժնետոմսերի գինը՝ 29.53 դոլար)։ Եռյակը եզրափակում է բջջային խաղերի և մարքեթինգային տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող AppLovin Corporation–ը՝ 10.92% անկումով (մեկ բաժնետոմսերի գինը՝ 324.70 դոլար)։


Ամերիկյան ֆոնդային շուկան նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրն անկումով է փակել, իսկ ամբողջ շաբաթվա կտրվածքով՝ խառը արդյունքներ են գրանցվել։ S&P 500–ը շաբաթվա արդյունքում նվազել է 0,2 տոկոսով, Nasdaq-ը շաբաթվա սկզբին գրանցած աճի շնորհիվ կարողացել է շաբաթն ամփոփել 0,2 աճով։ Dow Jones-ը գրեթե անփոփոխ է մնացել։ Շուկաների անկումը գրանցվել է Մերձավոր Արեւելքում հակամարտության սրացման ֆոնին, ինչը զգուշավորություն է առաջացրել ներդրողների շրջանում։ 


Apricot Capital-ը հայտարարել է, որ ուժի մեջ են մտել իր նոր՝ ավելի մատչելի սակագները։  Apricot Capital-ի հավելվածով Ամերիկյան շուկայից բաժնետոմսեր և ETF-ներ գնելիս նվազագույն միջնորդավճարը $1 է, իսկ հավելվածով հասանելի Եվրոպական շուկաների դեպքում գործում է €1-ից սկսած միջնորդավճար։ Այս սակագինը կգործի Ամերիկյան շուկայում մեկ գործարքի շրջանակում մինչև 50 արժեթուղթ գնելիս, իսկ 50-ից ավելի արժեթուղթ գնելիս՝ յուրաքանչյուր արժեթղթի համար կգանձվի $0.02 միջնորդավճար։


 Իրանին ԱՄՆ–ի հասցրած հարվածներից հետո, երբ Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցը փակելու պլանների մասին, նավթի համաշխարհային գները սկսել են աճել։ Երկուշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 1,53%-ով՝հասնելով 78,19 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ն՝ 1,48%-ով՝մինչև 74,93 դոլար։ Վերլուծաբանները նշում են, որերկարաժամկետ լարվածության դեպքում սպասվում է նավթի գների հետագա աճ։ Երկուշաբթի ամերիկյան դոլարն ամրապնդվել է եվրոյի և մի շարք ասիական արժույթների նկատմամբ։


Իսրայելի և Իրանի միջև սրվող հակամարտության ֆոնին ներդրողները սկսել են դուրս բերել միջոցներն ամերիկյան ներդրումային ֆոնդերից։ Հունիսի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերից դուրս է բերվել 18.43 միլիարդ դոլար։ Ոլորտային ֆոնդերը, սակայն, գրանցել են ներդրումային հետաքրքրության աճ. ներհոսքը կազմել է 855 միլիոն դոլար։ Ամենապահանջվածը եղել են տեխնոլոգիական հատվածի ֆոնդերը՝ 1.85 միլիարդ դոլար, և արդյունաբերական հատվածը՝ 445 միլիոն դոլար ներհոսքով։ Միաժամանակ, ֆինանսական հատվածը կրել է զգալի կորուստ՝ 1.22 միլիարդ դոլարի արտահոսք։ ԱՄՆ պարտատոմսային ֆոնդերն արձանագրել են հետաքրքրության թուլացում․ ներհոսքը նվազել է՝ հասնելով 2.79 միլիարդ դոլարի, ինչը վերջին յոթ շաբաթների նվազագույնն է։ Սակայն հիփոթեքային ֆոնդերը գրանցել են հինգշաբաթյա առավելագույն ներհոսք՝ 566 միլիոն դոլար։ Դրամական շուկայի ֆոնդերն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ գրանցում են արտահոսք՝ այս անգամ 7.75 միլիարդ դոլարի։


Ընդհանուր անորոշության ֆոնին Bitcoin-ի գինը կտրուկ ընկել է՝ ավելի քան 4%-ով՝ կիրակի առավոտյան հասնելով 99,237 դոլարի։ Երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթը՝ Ethereum-ը, կրել է ավելի մեծ կորուստ՝ նվազելով մոտ 8.5%–ով՝ հասնելով 2,199 դոլարի։ Վերլուծաբանները այս անկումը կապում են Մերձավոր Արևելքում աճող լարվածության և ներդրողների՝ ռիսկային ակտիվներից դեպի ավելի ավանդական ակտիվներ անցնելու հետ։


2025 թվականի հունիսի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունիսի 19–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 95.7105 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.7198 տոկոս:


ԱՄՆ-ում կրկին ակտիվացել են հնարավոր ռեցեսիայի մասին խոսակցությունները։ Conference Board-ի զեկույցի համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը  մայիսին նվազել է 0.1%-ով՝ հասնելով 99.0 կետային մակարդակի։ Սա արդեն վեցերորդ անընդմեջ ամսական անկումն է, ինչը վկայում է տնտեսական ակտիվության թուլացման մասին։ Ըստ վերլուծության՝ հիմնական ճնշող գործոններն են  սպառողների շրջանում աճող հոռետեսությունը, արդյունաբերության մեջ նոր պատվերների կրճատումը,  գործազրկության նպաստի դիմումների աճը եւ  շինարարական թույլտվությունների նվազումը։ Միաժամանակ, ֆոնդային շուկայի աճը մայիսին, որը պայմանավորված էր Թրամփի վարչակազմի որոշ մաքսատուրքերի մասնակի չեղարկմամբ, որոշ չափով մեղմել է ընդհանուր անկումը։ Չնայած դրան՝ փորձագետները լիարժեք անկում չեն կանխատեսում, բայց ակնկալում են, որ 2025 թվականին տնտեսության աճը զգալիորեն կդանդաղի։ Ըստ գնահատականների՝ ԱՄՆ իրական ՀՆԱ-ն կաճի ընդամենը 1.6%–ով։ Իսկ մաքսատուրքերի ճնշումը կարող է 2026 թվականին բերել տնտեսական աճի հետագա թուլացման։


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 4.25-4.5%-ի միջակայքում, սակայն զգուշացրել է, որ 2025 թվականին տոկոսադրույթի նվազեցման հնարավորությունը մնում է անորոշ՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի սահմանած նոր մաքսատուրքերի հետ կապված ռիսկերն ու ազդեցությունը։ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին գնաճը կարող է զգալիորեն ավելանալ, քանի որ նոր մաքսատուրքերը ի վերջո կծանրաբեռնեն սպառողներին։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։