Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է արբանյակային լայնաշերտ ինտերնետ կապի ապահովմամբ զբաղվող AST SpaceMobile ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 35.20%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 31.19 դոլարի։ Հաջորդը Venture Global–ն է:  Հեղուկ բնական գազի արտադրությամբ և արտահանմամբ ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 31.55%–ով՝ հասնելով 15.22 դոլարի։ Եռյակը եզրափակում է Yandex-ից առանձնացած, ենթակառուցվածքային և ամպային ծառայություններ մատուցող Nebius Group N.V. ընկերությունը՝ 31.37% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 48.28 դոլար։ 

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Lululemon Athletica-ն։ Սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 16.23%–ով և այժմ կազմում է 265.27 դոլար։ Հաջորդը Brown-Forman Corporation–ն է։ Ալկոհոլային խմիչքների, օրինակ՝ Jack Daniel’s, արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 15.69%–ով և հասել 28.11 դոլարի։ Եռյակը եզրափակում է էլեկտրոնային ստորագրության և թվային գործարքների կառավարման լուծումներ առաջարկող DocuSign ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը նվազել է 15.04%–ով և կազմում է 75.28 դոլար։


ԱՄՆ ֆոնդային շուկան նախորդ շաբաթն ավարտել է աճով․ բոլոր երեք հիմնական ինդեքսները գրանցել են զգալի աճ։ S&P 500-ն աճել է 1.5%-ով, Dow Jones-ը՝ 1.17%-ով, իսկ տեխնոլոգիական բաժնետոմսերով հագեցած Nasdaq-ը՝  2.18%-ով։ Ներդրողներին տնտեսության նկատմամբ վստահություն են ներշնչել աշխատաշուկայի սպասվածից ավելի լավ տվյալները, որոնք նվազեցրել են ռեցեսիայի մտավախությունները, իսկ Դաշնային պահուստային համակարգի վրա թուլացել է ճնշումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը շուտափույթ նվազեցնելու հարցում։ Շուկայի աճին նպաստել է նաեւ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի աճը, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային նոր բանակցությունների հույսերը։


Ամերիկյան ֆոնդային շուկայի մասնակիցներն ավելի լավատես է դառնում։ Խոշոր բրոքերային ընկերությունները՝ Barclays-ը և Deutsche Bank-ը, բարձրացրել են S&P 500 ինդեքսի տարեվերջյան իրենց կանխատեսվող արժեքը։  Սա հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածության մեղմացմամբ։ Որոշ ընկերություններ նաև նվազեցրել են ռեցեսիայի հավանականությունը։ Goldman Sachs-ը այն գնահատում է 35%, իսկ Barclays-ն ընդհանրապես նման ռիսկ չի տեսնում։


 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի միջև լարվածությունը էական ազդեցություն է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի վրա։ Անցած շաբաթ դրանք նվազել են ավելի քան 14%-ով, ինչի հետեւանքով ընկերությունն իր շուկայական արժեքից 152 միլիարդ դոլար է կորցրել։ Ավելի ուշ Tesla-ի բաժնետոմսերը մի փոքր՝ մոտ 4 տոկոսով վերականգնվել են։ Լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Իլոն Մասկը քննադատել էր Թրամփի հարկային փոփոխությունները, որոնցով առաջարկվում էր դադարեցնել էլեկտրական մեքենաներին  պետական աջակցությունը մինչև 2025-ի վերջը։ Թրամփն էլ սպառնացել էր կրճատել պետական պայմանագրերը Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս հակասությունը կարող է լուրջ վնաս հասցնել Tesla-ի բրենդին, որի բաժնետոմսերն այս տարի արդեն նվազել են գրեթե 27%-ով։


Եվրոպական ֆոնդային շուկաները երկրորդ շաբաթն անընդմեջ աճ են ունեցել։ Համաեվրոպական STOXX 600 ինդեքսն անցած շաբաթ աճել է 0.6%-ով։ Գլխավոր խթանները նույնն են, ինչ ԱՄՆ ֆոնդային շուկաների դեպքում՝ ամերիկյան աշխատաշուկայի՝ սպասվածից ավելի լավ տվյալները, ինչպես նաև ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության որոշ թուլացումը։


ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից ներդրողները շարունակել են գումար դուրս բերել՝ արդեն երրորդ շաբաթ անընդմեջ։ Պատճառը՝ ԱՄՆ առևտրային քաղաքականության շուրջ անորոշությունն է։ Միայն այս շաբաթ այս ֆոնդերից դուրս է բերվել շուրջ 7.4 միլիարդ դոլար։ Եվրոպական բաժնետոմսերի ֆոնդերը, ընդհակառակը, մոտ 2.7 միլիարդ դոլարի ներհոսք են գրանցել։ Ներդրողներին լավատեսություն են ներշնչել ԵՄ տարածքում գնաճի նվազումը և ԵԿԲ–ի կողմից սպասվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը։Պարտատոմսերի ֆոնդերը շարունակել են գրավել ներդրումներ։ Պարտատոմսերի համաշխարհային ֆոնդերը գրանցել են 16.17 միլիարդ դոլարի ներհոսք:


 Հեջ-ֆոնդերը մայիս ամիսը փակել են շահույթով։ JPMorgan-ի տվյալներով՝ հեջ ֆոնդերի միջին շահույթը կազմել է 3%։ Խոշոր խաղացողներից Millennium-ի և Balyasny-ի շահույթն ամսվա ընթացքում աճել է ավելի քան 1%-ով,  իսկ AQR Capital-ի որոշ ուղղություններ՝ շուրջ 2.4%-ով։


Broadcom-ի բաժնետոմսերն անցած ուրբաթ նվազել են ավելի քան 3%-ով՝ չնայած ընկերության եկամտային կանխատեսումն ավելի բարձր էր, քան ենթադրում էին վերլուծաբանները։ Չիպ արտադրող հսկան, որն արհեստական բանականության համար նախատեսված չիպեր է մատակարարում Apple-ին և Samsung-ին, չնայած ԱԲ շուկայի բարձր պահանջարկին, խոցելի է դարձել նախագահ Թրամփի փոփոխական առևտրային քաղաքականության և արտահանման սահմանափակումների նկատմամբ։ Այս տարի Broadcom-ի բաժնետոմսերն աճել են մոտ 12%–ով, սակայն այժմ ընկնում են՝ սպասվածից ավելի համեստ աճի պատճառով։


ԱՄՆ–ում աշխատատեղերի աճը մայիսին դանդաղել է՝ պայմանավորված նախագահ Թրամփի մաքսատուրքային քաղաքականության շուրջ շարունակվող անորոշությամբ։ Մայիս ամսվա ընթացքում ստեղծվել է 139,000 նոր աշխատատեղ, ինչը զգալիորեն պակաս է մարտի և ապրիլի նախնական տվյալների համեմատ։ Գործազրկության մակարդակը մնացել է անփոփոխ՝ 4.2%։ Չնայած դրան՝ աշխատավարձերը մայիսին աճել են 0.4%–ով, ինչը վկայում է աշխատաշուկայի կայունության մասին։


Եվրոպական կենտրոնական բանկը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ութերորդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հաստատելով, որ եվրագոտու գնաճը վերահսկողության տակ է։ Բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.25%-ից հասցրել է 2%–ի՝ այն անվանելով «չեզոք մակարդակ, որը ոչ խթանում է, ոչ էլ խոչընդոտում տնտեսությունը»։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի հետ հնարավոր առևտրային պատերազմի վտանգի պայմաններում, որն արդեն բացասաբար է անդրադառնում բիզնես ներդրումների և արտահանման վրա։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։