Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է քվանտային հաշվարկների ծառայություններ մատուցող IonQ ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 30.58%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 45.69 դոլարի։ Հաջորդը United States Steel Corporation–ն է: Պողպատե շինանյութերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 28.90%–ով՝ հասնելով 52.01 դոլարի։ Եռյակը եզրափակում է ամպային հաշվարկման ծառայություններ մատուցող CoreWeave ընկերությունը՝ 27.95% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 102.74 դոլար։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Fair Isaac Corporation-ը։ Վերլուծական ծրագրային ապահովման ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 23.05%–ով և այժմ կազմում է 1,694.36 դոլար։ Հաջորդը Deckers Outdoor Corporation–ն է։ Հագուստի և կոշիկի մի շարք համաշխարհային բրենդերի մայր ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 21.00%–ով և հասել 101.05 դոլարի։ Եռյակը եզրափակում է Booz Allen Hamilton Holding–ը։ Կառավարման և տեխնոլոգիական խորհրդատվական ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 16.32%–ով և կազմում է 107.79 դոլար։


ԱՄՆ ֆոնդային շուկաները անցած շաբաթ զգալի անկում են ունեցել. S&P 500-ը, Dow Jones–ը և Nasdaq–ը գրանցել են շաբաթական ամենածանր կորուստները մարտից ի վեր: Շաբաթվա ընթացքում Dow-ը նվազել է է 2.47%-ով, S&P 500-ը՝ 2.61%-ով, իսկ Nasdaq-ը՝ 2.48%-ով: Անկումը պայմանավորված էր նախագահ Թրամփի առաջարկով՝ Եվրոպայից ներմուծման համար 50% և ԱՄՆ-ում չարտադրված iPhone-ների համար 25% մաքսատուրք սահմանելու մասին, ինչը հանգեցրել է առևտրային լարվածության վերսկսման: Դրանից հետո Apple-ի բաժնետոմսերը 3% անկում են գրանցել:


Թրամփի հայտարարությունից հետո եվրոպական ֆոնդային շուկաները շաբաթը փակել են անկումով: STOXX 600 ինդեքսը, որը հետևում է եվրոպական բաժնետոմսերին, ուրբաթ օրն ունեցել է իր ամենամեծ մեկօրյա անկումը վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 0.9%։ Ամենաշատը տուժել են ավտոարտադրողները՝  գրանցելով 3.1% անկում, ապա շքեղ ապրանքանիշերը և բանկերը: Գերմանիայի ֆոնդային շուկան անկում է ապրել 1.5%-ով, Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի այլ խոշոր շուկաները նույնպես կորցրել են ավելի քան 1%:


Մայիսի 21-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը գրանցել են 11 միլիարդ դոլարի զուտ արտահոսք՝ ի հակադրություն նախորդ շաբաթվա 13.6 միլիարդ դոլարի ներհոսքին: Մասսայականվաճառքը պայմանավորված էր ԱՄՆ պետական պարտքի աճի հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններով։


Անցած շաբաթ ԱՄՆ 30-ամյա գանձապետական պարտատոմսերիեկամտաբերությունը հասել է վերջին 19 ամիսների առավելագույնմակարդակին։ Չնայած դրան, ԱՄՆ դոլարը թուլացել է՝ շաբաթվա ընթացքում հիմնական արժույթների նկատմամբ գրանցելով 1.8% անկում։ Պարտատոմսերի աճող եկամտաբերության և դոլարի անկման միջև այս անսովոր տարբերությունը մտահոգություններ է առաջացրել ներդրողների շրջանում։


Միջուկային էներգիայի ոլորտի բաժնետոմսերը զգալի աճ են գրանցել այն տեղեկությունների ֆոնին, որ նախագահ Թրամփը պլանավորում է նոր թափ հաղորդել միջուկային էներգիայի արդյունաբերությանը։ Թրամփը, մասնավորապես, պատրաստվում է հեշտացնել նոր ռեակտորների թույլտվության ստացման գործընթացները և ամրապնդել վառելիքի մատակարարման շղթաները: Ուրանի արդյունահանման եւ միջուկային էներգետիկայի ընկերությունների բաժնետոմսերը զգալի աճ են գրանցել. Uranium Energy-ն աճել է 11.8%-ով, Energy Fuels-ը՝ 13.2%-ով, իսկ Centrus Energy-ն՝ 19.6%-ով:


Alphabet-ի բաժնետոմսերը հասել են գրեթե երեք ամսվա բարձրակետին, ինչը պայմանավորված էր արհեստական բանականության նոր թարմացումներով։ Ընկերության կողմից արհեստական բանականության նորարարության վրա կենտրոնացումը ամրապնդել է ներդրողների վստահությունը, ինչը հանգեցրել է բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկի աճի:


2025 թվականի մայիսի 26-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. սեպտեմբերի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 8․149 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 97.9539 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.7524 տոկոս:

ԱՄՆ-ում մայիսին գործարար ակտիվությունն աճել է, ինչը պայմանավորված է Չինաստանի հետ մաքսատուրքերի «պատերազմում» ժամանակավոր հրադադարով։ Արդյունաբերության և ծառայությունների ոլորտի PMI ինդեքսը բարձրացել է մինչև 52.1 նախորդ ամսվա 50.6-ից հետո։ Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ գնաճի տեմպն առաջիկայում հավանաբար կաճի, ինչը մտահոգություններ է առաջացնում Դաշնային պահուստային համակարգի համար:


 Մայիսին եվրագոտու բիզնես ակտիվությունը անսպասելիորեն նվազել է: PMI ինդեքսը նվազել է մինչև 49.5՝ իջնելով 50-ի նշագծից ցածր, ինչն արդեն անկման ցուցիչ է: Այս անկումը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների ոլորտի անսպասելի անկմամբ, մինչդեռ վերջին տարիներին այս ոլորտն էր խթանում աճը: Տնտեսագետները նշում են, որ ԱՄՆ-ԵՄ շարունակվող առևտրային պատերազմը ստեղծում է անորոշություն և բիզնեսներին դարձնում ավելի զգուշավոր:


Եվրոպական հանձնաժողովը նվազեցրել է եվրագոտու տնտեսական աճի իր կանխատեսվող ցուցանիշը՝ ԱՄՆ-ի հետ շարունակվող առևտրային պատերազմի և դրա ընթացքի վերաբերյալ անորոշության պատճառով: Եվրագոտու տնտեսությունը, ինչպես կանխատեսվում է, 2025 թվականին կաճի ընդամենը 0.9%-ով՝ նախապես կանխատեսված 1.3% աճի փոխարեն: 2026 թվականի աճը նույնպես վերանայվել է՝ 1.4% ՝ նախկին 1.6%-ի փոխարեն: ԵՄ-ն նշել է, որ այս նվազումը հիմնականում պայմանավորված է համաշխարհային առևտրի թուլացմամբ։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։