ԱՄՆ սպառողների վստահությունը նոյեմբերին աճել է՝ հասնելով 111,7 գործակցի։ Սա վերջին 16 ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է Conference Board վերլուծական կենտրոնը՝ նշելով, որ աճը պայմանավորված է աշխատատեղերի, ցածր գնաճի և բաժնետոմսերի բարձր գների վերաբերյալ դրական սպասումներով: Ռեկորդային թվով մարդիկ՝ հարցվածների 56,4%-ը, ակնկալում է, որ հաջորդ տարի բաժնետոմսերի գները կբարձրանան: Վստահության աճը հետևել է նոյեմբերի 5-ի ընտրություններին, որոնք Դոնալդ Թրամփին վերադարձրին Սպիտակ տուն և հանրապետականներին տվեցին Կոնգրեսի վերահսկողությունը: Թեև Conference Board–ը աճն ուղղակիորեն չի կապում ընտրությունների հետ, սակայն նշվում է, որ քաղաքական տրամադրությունները նույնպես դեր են խաղացել:
ԱՄՆ-ում նոր տների վաճառքը հոկտեմբերին նվազել է մինչև վերջին երկու տարվա ամենացածր մակարդակը: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են, իսկ փոթորիկները ուշացումների պատճառ են դարձել։ Առեւտրի դեպարտամենտի տվյալներով, վաճառքները նվազել են 17,3%-ով և կազմել 610,000 տուն, ինչը նվազագույնն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր: Սեպտեմբերին 738,000 նոր տան վաճառք էր գրանցվել:
Միաժամանակ, ԱՄՆ-ում տների գները սեպտեմբերին աճել են 0,7 տոկոսով։ Անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ գներն աճել են 4,4%-ով։ Թեև Դաշնային պահուստային համակարգը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն հիփոթեքային տոկոսադրույքները բարձրացան ուժեղ տնտեսական տվյալների և այն մտավախությունների պատճառով, որ նորընտիր նախագահ Թրամփի՝ ներմուծման սակագների բարձրացման եւ զանգվածային արտաքսումների քաղաքականությունը կարող է խթանել գնաճը: 30 տարեկան հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն այժմ 7%-ից մի փոքր ցածր է:
Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ ֆինանսական փորձագետների մտահոգությունները գնաճից տեղափոխվել են դեպի ԱՄՆ պարտքի աճ, հնարավոր ռեցեսիա և համաշխարհային առևտրի ռիսկեր՝ որպես ֆինանսական կայունությանը սպառնացող առաջնային վտանգներ, ցույց է տվել Դաշնային պահուստային համակարգի վերջին հարցումը: Ամենամեծ մտահոգությունը կապված է ԱՄՆ հարկաբյուջետային պարտքի հետ. մտավախություն կա, որ ավելի շատ պետական փոխառությունները կարող են վնասել մասնավոր ներդրումներին և սահմանափակել տնտեսական արձագանքները անկման ժամանակ: Աճել են նաև համաշխարհային առևտրային պատերազմի և ավելի թույլ տնտեսական աճի վերաբերյալ մտահոգությունները։ Այս մտահոգություններն արտացոլվում են պարտատոմսերի շուկայի վերջին փոփոխություններում. ԱՄՆ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել է, չնայած Դաշնային պահուստային համակարգը վերջերս երկու անգամ իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքները:
Եվրոգոտու գործարար ակտիվությունը նոյեմբերին կտրուկ անկում է ապրել, ինչի հետևանքով տարածաշրջանում հիմնական ծառայությունների ոլորտը կրճատվել է, իսկ արտադրությունն ավելի խորն է ընկղմվել ռեցեսիայի մեջ։ PMI ինդեքսը նվազել է մինչև 48,1, ինչն ամենացածրն է վերջին 10 ամսվա ընթացքում։ Այս անկումն արտացոլում է ավելի թույլ պահանջարկը, հատկապես արտերկրից։ Ե՛վ արտադրության, և՛ ծառայությունների ոլորտում գրանցվել է նոր բիզնեսի և արտահանման պատվերների կտրուկ անկում: Այս տվյալները եվրոգոտու պարտատոմսերի եկամտաբերության անկում են առաջացրել և եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասցրել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակի, քանի որ ներդրողները ակնկալում են, որ Եվրոպական կենտրոնական բանկն ավելի արագ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Նոյեմբերի 26–ին ֆոնդային բորսաներն աճել են՝ սահմանելով նոր ռեկորդներ։ S&P 500-ն աճել է 0,57%-ով՝ հասնելով 6021,63-ի, Dow Jones-ը աճել է 123,74 կետով՝ մինչև 44860,31։ Nasdaq-ը նույնպես աճել է 0,63%-ով՝ հասնելով 19174,30-ի: Սա նշանակում է, որ շուկաներն անտեսել են Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության սպառնալիքները։ Թրամփի սակագնային ծրագիրը, որը ենթադրում է 25% մաքսատուրք Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար և 10% մաքսատուրք չինական ապրանքների համար, սկզբում մտահոգություն էր առաջացրել: Այնուամենայնիվ, շատ ներդրողներ կարծում են, որ սակագներն ամբողջությամբ չեն կիրառվի՝ դրանք դիտարկելով ավելի շատ որպես բանակցային մարտավարություն, քան իրական քաղաքականություն:
OpenAI-ն իր աշխատակիցներին թույլ է տվել 1,5 միլիարդ դոլարի բաժնետոմսեր վաճառել ճապոնական SoftBank-ին: SoftBank-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Մասայոշի Սոն ցանկանում է ավելի մեծ մասնաբաժին գնել OpenAI-ում ֆինանսավորման վերջին փուլում ներդրումներ կատարելուց հետո: Աշխատակիցները մինչև դեկտեմբերի 24-ը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են վաճառել իրենց բաժնետոմսերը նույն գնով, ինչ վերջին ֆինանսավորման փուլում էր։ Հոկտեմբերին OpenAI-ը SoftBank-ից ներգրավեց $500 մլն՝ ընկերության արժեքը հասցնելով $157 մլրդ-ի։ SoftBank-ը ձգտում է ավելացնել իր ներդրումները Արհեստական բանականության ոլորտում, ներառյալ OpenAI-ում։ ChatGPT-ի գործարկումից ի վեր OpenAI-ն արագորեն աճել է և այժմ ունի շաբաթական 250 միլիոն ակտիվ օգտատեր:
Նոյեմբերի 27–ին Dell-ի և HP-ի բաժնետոմսերի գներն անկում են ապրել այն բանից հետո, երբ երկու ընկերություններն էլ հիասթափեցնող եռամսյակային կանխատեսումներ են արել, ինչը ներդրողների շրջանում կասկածներ է առաջացրել համակարգիչների շուկայի վերականգնման հետ կապված։ Dell-ի բաժնետոմսերի գինը նվազել է 13%-ով. ընկերությունը կորցրել է մոտ 13 մլրդ դոլար իր արժեքից։ HP-ի բաժնետոմսերը նվազել են 9%-ով, ինչի հետեւանքով ընկերությունը կորցրել է իր արժեքից ավելի քան 3 մլրդ դոլար։ Ավանդական համակարգիչների պահանջարկը համաճարակից հետո նվազել է, իսկ ԱԲ-ով աշխատող համակարգիչները դեռ այնքան էլ տարածում չունեն:
HP-ի գործադիր տնօրեն Էնրիկե Լորեսն ասել է, որ Windows 11-ի թարմացումից ակնկալվող վաճառքների աճը սպասվածից ավելի դանդաղ է եղել, ինչի ազդեցությունը նկատելի կլինի 2025 թվականին: Dell-ի սերվերների բիզնեսը լավ է ընթանում՝ եկամուտների 58%-ով աճով՝ շնորհիվ ԱԲ-ի հետ կապված սերվերների մեծ պահանջարկի: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ մտահոգված են, որ Nvidia-ի նոր ԱԲ չիպերի դանդաղ թողարկումը կարող է ազդել Dell-ի վաճառքների վրա:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





