Հոկտեմբերին ԱՄՆ ներմուծման գներն անսպասելիորեն բարձրացել են, ինչը նշանակում է, որ գնաճի խնդիրն ԱՄՆ–ում դեռևս պահպանվում է։ Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերին ներմուծման գներն աճել են 0,3 տոկոսով՝ սեպտեմբերին 0,4 տոկոս անկումից հետո: Ներմուծման գների աճը հիմնականում պայմանավորված է վառելիքի 1,5% թանկացմամբ, որը մինչեւ այդ երկու ամիս շարունակ նվազում էր։ Այդուհանդերձ, երրորդ ամիսն անընդմեջ պարենային ապրանքների գները նվազում են, հոկտեմբերին դրանք նվազել են 1,6%-ով։ Սննդամթերքն ու վառելիքը չհաշված՝ ներմուծվող ապրանքների հիմնական գներն աճել են 0,4 տոկոսով։ Սա ցույց է տալիս, որ գնաճը Դաշնային պահուստային համակարգի նպատակային՝ 2% մակարդակին հասցնելու ջանքերն առանձնապես առաջընթաց չեն գրանցում:
Հոկտեմբերին ԱՄՆ արտադրական գները աճել են, ինչը հիմնականում պամանավորված է այնպիսի ծառայությունների գների աճով, ինչպիսիք են ներդրումային պորտֆելների կառավարումը և ավիափոխադրումները։ Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով՝ հոկտեմբերին Արտադրական գների ինդեքսը (PPI) աճել է 0,2%-ով՝ սեպտեմբերին գրանցված աննշան աճից հետո։ Հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ինդեքսն աճել է 2,4%-ով։
Այս տվյալները հաշվի առնելով՝ տնտեսագետները կարծում են, որ Դաշնային պահուստային համակարգը 2025 թվականին ավելի քիչ կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները, քան նախկինում ենթադրվում էր: Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը նույնպես հայտարարել էր, որ տնտեսությունը նշաններ չի ցույց տալիս, որ այն վերաֆինանսավորման տոկոսադրույքների արագ նվազեցման կարիք ունի եւ դանդաղ նվազեցումն ավելի խելամիտ կլինի:
Առայժմ անորոշ է, թե մինչեւ որքան ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կշարունակի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թեև մինչեւ այս պահը կատարված նվազեցումները նշանակում են՝ կա վստահություն, որ գնաճը վերադառնում է իր 2% նպատակակետին, հայտարարել է դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաներից Ջեֆրի Շմիդը:
Այս վստահությունը, նրա խոսքով, հիմնված է աշխատանքի և արտադրանքի շուկաներում վերջին ամիսներին հաստատված հավասարակշռության վրա։ Շմիդը չի մեկնաբանել՝ ինքը կողմ է, թե դեմ, որ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 17-18-ին կայանալիք հանդիպմանը եւս քառորդ տոկոսային կետով նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Wall Street-ի փորձագետները կանխատեսում են, որ Թրամփի առաջարկած հարկերի կրճատումը առաջիկա տարիներին կհանգեցնի բաժնետոմսերի գների զգալի աճին։ Թրամփը ցանկանում է կորպորատիվ հարկի դրույքաչափը 21%-ից իջեցնել 15%-ի։ Goldman Sachs-ում կարծում են, որ հարկերի կրճատումը կարող է առաջիկա երկու տարում S&P 500-ի ընկերությունների շահույթը ավելացնել ավելի քան 20%-ով: Goldman Sachs-ը կանխատեսում է, որ S&P 500-ի մեկ բաժնետոմսի շահութաբերությունը 2025 թվականին կաճի 11 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 7 տոկոսով՝ հասնելով 288 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Նրանց գնահատմամբ՝ կորպորատիվ հարկի դրույքաչափի յուրաքանչյուր 1% նվազում կարող է մեկ բաժնետոմսի շահութաբերությունը ավելացնել մոտ 1%-ով։
Goldman Sachs-ը և Morgan Stanley-ն կանխատեսում են, որ S&P 500 ինդեքսը մինչև հաջորդ տարվա վերջ կարող է հասնել 6500-ի, ինչը 10% աճ է ներկայիս մակարդակի համեմատ: Ակնկալվում է, որ այս աճը տեղի կունենա ԱՄՆ տնտեսության ընդլայնման և կորպորատիվ եկամուտների աճի շնորհիվ: Goldman Sachs-ը ակնկալում է 11% եկամուտների աճ 2025 թվականին՝ 12% ընդհանուր եկամտաբերությամբ` ներառյալ շահաբաժինները: Նրանք նաև կանխատեսում են շարունակական հաջողություններ այնպիսի առաջատար ընկերությունների բաժնետոմսերի համար, ինչպիսիք են «Հրաշալի յոթնյակի» ընկերությունները։
Morgan Stanley-ում կարծում են, որ շահույթների աճը կշարունակվի, քանի որ տոկոսադրույքները նվազում են, իսկ բիզնեսի վստահությունը ընտրություններից հետո բարելավվում է:
Ամերիկյան ֆոնդային բորսաները նոյեմբերի 19–ին փակվել են ոչ միանշանակ արդյունքներով: Dow Jones-ը նվազել է 0.3%–ով, S&P 500-ն աճել է 0.4%–ով, իսկ Nasdaq-ն աճել է ավելի քան 1%-ով, ինչին նպաստել է Nvidia-ի բաժնետոմսերի գրեթե 5% աճը՝ ընկերության եկամուտների մասին սպասվող հաշվետվության վերաբերյալ վերլուծաբանների խիստ լավատեսական կանխատեսումների ֆոնին: Նոյեմբերի 19–ին ֆոնդային բորսաների առեւտուրը ցույց է տվել, որ ներդրողները հիմնականում անտեսել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի թեժացման հետ կապված:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





