Երեքշաբթի գործադուլ են հայտարարել ամերիկացի դոքերները:
Մեն նահանգից մինչև Տեխաս փակվել են բոլոր նավահանգիստները: Դոքերների միջազգային ասոցիացիան հայտարարել է իր առաջին գործադուլը 1977 թվականից ի վեր, ինչի հետևանքով ցույցի են դուրս եկել հազարավոր աշխատողներ եւ բեռնված նավերըկանգնած են մնացել են համաշխարհային տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող նավահանգիստներում: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ արհմիությունների կազմակերպած գործադուլը երկար չի տևի, և հնարավոր է, որ միջամտի Սպիտակ տունը, որովհետև երկարատև գործադուլը շատ ծանր հետևանքներ կունենա առևտրաշրջանառության համար:
ԱՄՆ-ում օգոստոսին անսպասելիորեն աճել է նոր աշխատատեղերի թիվը: Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով՝ յուրաքանչյուր գործազուրկ մարդու համար 1.13 նոր աշխատատեղ է ստեղծվել:
Նշենք, որ նախորդ երկու ամիսներին այս ցուցանիշի նվազում էր գրանցվել: Սա տնտեսագետներին հիմք է տվել ենթադրելու, որ աշխատանքի շուկան կայունանում է, և այս միտումը շարունակվելու դեպքում կհանգեցնի գործազրկության մակարդակի նվազման:
Սեպտեմբերին ԱՄՆ արտադրության ոլորտը մնացել է կայուն թույլ մակարդակի վրա, սակայն նոր պատվերների թիվն աճել է, իսկ արտադրական ռեսուրսների ծախսերը՝ նվազել՝ հասնելով վերջին 9 ամսվա նվազագույնին, ինչը վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հետ միասին դրական ազդակ է հաղորդում, որ առաջիկա ամիսներին ակտիվությունը կվերականգնվի:
Եվ այսպես, ըստ Մատակարարումների կառավարման ինստիտուտի՝ արտադրության ոլորտում գործարար ակտիվության ինդեքսն անցած ամիս մնացել է անփոփոխ և կազմել 47.2:
Այս ինդեքսի՝ 50-ից ցածր ցուցանիշը խոսում է արտադրության ոլորտում անկման մասին: Արդեն 6 ամիս է, ինչ այս ցուցանիշը 50-ի շեմից ցածր է:
ԱՄՆ-ում սպառողական ծախսերը օգոստոսին սպասվածից քիչ են աճել, սակայն դա մեծ ազդեցություն չի գործել այն կանխատեսման վրա, որ երրորդ եռամսյակում կայուն տնտեսական աճը կպահպանվի:
Անցած ամիս սպառողական ծախսերը աճել են 0.2 տոկոսով: Ավելի վաղ Reuters-ի տնտեսագետները 0.3 տոկոս աճ էին կանխատեսել:
Ընդ որում տարեկան աճը՝ 2.2% է, ինչն ամենացածրն է վերջին 3.5 տարվա ընթացքում:
Սեպտեմբերին Եվրագոտու գնաճը նվազել է և այժմ 2%-ից էլ ցածր է: Եվրոն որպես տարադրամ օգտագործող 20 երկրներում գնաճը սեպտեմբերին հասել է 1.8%-ի՝ օգոստոսի՝ 2.2%-ի համեմատ: Սա ամրապնդել է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ այս ամիս սպասվող նվազեցման առանց այն էլ ծանրակշիռ հիմքերը, քանի որ գնաճը զսպելու եռամյա պայքարը մոտենում է ավարտին:
Չորեքշաբթի Tesla-ն հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել երրորդ եռամսյակի մատակարարումները, ինչը կարող է խթանել ընկերության բաժնետոմսերի աճը բորսայում:
Wall Street-ում սպասում են, որ Tesla-ն երրորդ եռամսյակում մոտ 461,000 էլեկտրամոբիլ կմատակարարի աշխարհով մեկ, իսկ տարեկան մատակարարումների ծավալը, ըստ Bloomberg-ի, կկազմի 1,79 միլիոն:
Երրորդ եռամսյակի մատակարարումները գերազանցում են երկրորդ եռամսյակի ծավալներին, որի ընթացքում Tesla-ն 444 հազար մեքենա էր մատակարարել: Այդուհանդերձ, մատակարարումները 5000-ով պակաս կլինեն նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ:
Tesla-ի բաժնետոմսերն անցած ամիս աճել են 20%-ով, ինչի պատճառը հոկտեմբերի 10-ին կայանալիք Robotaxi միջոցառումն է, որի ընթացքում ընկերությունը ներկայացնելու է իր ամբողջովին ավտոնոմ կիբեռտաքսին, ինչպես նաև Չինաստանից ստացվող դրական տեղեկությունները էլեկտրամոբիլների վաճառքների աճի մասին:
ԱԲ չիպեր արտադրող Cerebras Systems ընկերությունը պատրաստվում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման և արդեն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով:
Cerebras-ը NVIDIA-ի մրցակիցներից է, և հաշվի առնելով ներկայում ներդրողների շրջանում աճող պահանջարկը միկրոսխեմաների նկատմամբ՝ որոշել է մոտ ապագայում սկսել բաժնետոմսերի թողարկումը և դիմել է Nasdaq-ում ցուցակվելու համար:
Շաբաթվա սկզբին NVIDIA-ի բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել է այն տեղեկությունների ֆոնին, որ Չինաստանը ԱԲ հավելվածների տեղական մշակողներին հրահանգել է իրենց արտադրանքում օգտագործել միայն չինական արտադրության չիպեր, իսկ Չինաստանը շատ կարևոր շուկա է NVIDIA-ի արտադրանքի համար:
Ընկերության այս տարվա առաջին եռամսյակի շահույթի 11%-ը ստացվել է Չինաստանին 6.1 միլիարդ չիպերի վաճառքի արդյունքում:
Չնայած ստեղծված լարվածության ֆոնին՝ NVIDIA-ն վերականգնել է իր կորուստները՝ ավարտելով սեպտեմբերը 1.7% աճով։ Առաջին եռամսյակը ընկերությունն ավարտել է 1.7% նվազումով, այդուհանդերձ հունիսին գրանցած ռեկորդային աճի շնորհիվ NVIDIA-ի բաժնետոմսերը տարվա սկզբից 145.2% աճ են գրանցել, ինչն այս տարի S&P500 ինդեքսում գրանցված երկրորդ ամենամեծ աճն է էլեկտրաէներգիա արտադրող Vistra ընկերությունից հետո:
Boeing ընկերությունը դիտարկում է նվազագույնը 10 մլրդ դոլարի միջոցներ ներգրավել՝ նոր բաժնետոմսեր վաճառելով:
Ենթադրվում է, որ այս կերպ ավիաշինական ընկերությունը ձգտում է լրացնել դրամական միջոցների պահուստները, որոնք Էականորեն նվազել են 33.000 աշխատողների՝ 3 շաբաթ շարունակվող գործադուլերի հետևանքով:
Այս տեղեկությունը հաղորդել են քաջատեղյակ աղբյուրները, իսկ ընկերությունը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել այն:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





