Օգոստոսին ԱՄՆ-ում զբաղվածության մակարդակը սպասվածից ավելի փոքր աճ է գրանցել։ Ոչ գյուղատնտեսական հատվածում օգոստոսին աշխատատեղերը ավելացել են 142 հազարով, մինչդեռ Ռոյթերսի հարցմանը մասնակցած տնտեսագետները կանխատեսել էին 160 000 նոր աշխատատեղ օգոստոսին։
Միեւնույն ժամանակ, գործազրկության մակարդակը նվազել է մինչեւ 4,2 տոկոսի։ ԱՄՆ կառավարության Աշխատանքի դեպարտամենտի՝ սեպտեմբերի 6–ին հրապարակված զեկույցը նաև օգոստոսին աշխատավարձերի կայուն աճ է ցույց տվել, ինչը պետք է որ խթանի սպառողական ծախսերը՝ տնտեսությունն առայժմ զերծ պահելով ռեցեսիայից։ Այնուամենայնիվ փաստ է, որ աշխատաշուկայի դինամիկան դանդաղել է․ զեկույցի համաձայն՝ հունիսին և հուլիսին ԱՄՆ–ում 86,000-ով ավելի քիչ նոր աշխատատեղ է բացվել, քան ավելի վաղ հաղորդվում էր։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի պատասխանատուները ակնարկել են, որ պատրաստ են երկու շաբաթից ԱՄՆ կենտրոնական բանկի նիստում տալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատումների շարքի մեկնարկը՝ վկայակոչելով աշխատաշուկայի թուլացումը, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների, եթե քաղաքականության փոփոխություն չլինի:
Նրանց դիտարկումները ընկալվել են որպես հավանություն Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսային կետով կրճատմանը՝ դուռը բաց թողնելով հետագա՝ գուցե ավելի մեծ քայլերի համար, եթե աշխատաշուկան շարունակի դանդաղել:
Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս՝ 5,25-5,5 տոկոսի միջակայքը պահպանում է անցած տարվա հուլիսից, ինչից առաջ մոտ մեկուկես տարի տոկոսադրույքը շարունակաբար բարձրացնում էր՝ գնաճին հակազդելու համար։
Wall Street-ի երեք հիմնական ինդեքսները երկուշաբթի՝ սեպտեմբերի 9–ին, աճել են ավելի քան 1 տոկոսով։ Dow Jones արդյունաբերական ինդեքսն օրը սկսել է 1,20% աճով, S&P 500–ը՝ 1.16%, իսկ Nasdaq Composite–ը՝ 1,16% աճով։ Սա բացատրվում է նրանով, որ արժեթղթերի նախորդ շաբաթվա զանգվածային վաճառքներից հետո ներդրողները շահավետ գործարքներ են փնտրում, ինչպես նաև սպասում են առաջիկա օրերին հրապարակվելիք՝ գնաճի մասին զեկույցներին և հաջորդ շաբաթ ակնկալվող՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման մասին՝ Դաշնային պահուստային համակարգի որոշմանը:
Նախորդ շաբաթ ներդրողները խուսափում էին բաժնետոմսեր ձեռք բերելուց, քանի որ օգոստոսին աշխատաշուկայի տվյալները սպասվածից ավելի վատն էին, ինչից առաջ էլ արտադրական ոլորտի ոչ այնքան լավատեսական տվյալներ էին հրապարակվել։ Սրա արդյունքում գրանցվել էր Nasdaq Composite (.IXIC) ինդեքսի ամենախոշոր շաբաթական անկումը 2022 թվականի հունվարից ի վեր և S&P 500 (.SPX) ինդեքսի ամենախոշոր շաբաթական անկումը 2023 թվականի մարտից ի վեր։
Apple-ի բաժնետոմսերն անկում են ապրել iPhone 16-ի, Apple Watch Series 10-ի և AirPods 4-ի շնորհանդեսից հետո։ Տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերի գինը նվազել է համարյա 1%-ով այն ժամանակ, երբ S&P 500 ինդեքսն աճել է մոտ 1%-ով։ Apple-ի բաժնետոմսերի գինը վերջին օրերին նվազել է այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ մեկտեղ, թեև այս տարի դրանք աճել են ավելի քան 10%-ով:
Պատմականորեն այնպես է ստացվել, որ iPhone-ի շնորհանդեսի օրը Apple-ի բաժնետոմսերը սովորաբար հետ են մնում արժեթղթերի շուկայից, գրում են Morgan Stanley-ի վերլուծաբանները։ Այդուհանդերձ, վերլուծաբանները վստահ են, որ Apple-ի բաժնետոմսերի գինը կաճի, «քանի որ iPhone 16-ի և Apple Intelligence-ի թողարկումը կօգնի խթանել ներկայումս զսպվող պահանջարկը»։
Արհեստական ինտելեկտի կիրառությամբ Apple-ի թարմացման ցիկլը կարող է ամենամեծը լինել ընկերության պատմության մեջ։ Բաժնետոմսերի գինը կարող է աճել, եթե առաջին iPhone-ը, որը հատուկ նախագծված է Apple Intelligence–ի պահանջներին համապատասխան, դառնա Կուպերտինոյի պատմության մեջ թարմացման ամենամեծ ցիկլը, ինչպես հանգստյան օրերին կանխատեսում էին Wedbush-ի վերլուծաբանները։
Ամբողջ աշխարհում մոտ 300 միլիոն iPhone չի թարմացվել ավելի քան չորս տարվա ընթացքում, ինչը Wedbush-ի կարծիքով կարող է նշանակել, որ 2025–ին աշխարհում կվաճառվի ավելի քան 240 միլիոն iPhone:
Palantir-ի բաժնետոմսերի գինն աճել է 13%-ով՝ հասնելով ռեկորդային առավելագույնի, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ընկերությունը շուտով կներառվի S&P 500–ում։ Սեպտեմբերի 9–ի առեւտրային օրվա ընթացքում Palantir-ի բաժնետոմսերի գինը հասել է 34.13 դոլարի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի փետրվարից ի վեր։ Մոտ 75 միլիարդ դոլար շուկայական արժեք ունեցող ծրագրային ապահովման ընկերությունը, որի ամենախոշոր հաճախորդը ԱՄՆ կառավարությունն է, S&P 500 ինդեքսում փոխարինելու է American Airlines Group-ին, որի շուկայական արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 22%-ով՝ հասնելով ընդամենը 7 միլիարդ դոլարի։ Ինդեքսում փոփոխությունները ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 23-ին։
Oracle-ի (ORCL) բաժնետոմսերի գինը երկուշաբթի ընդլայնված առևտրի ժամանակ աճել են 9%-ով՝ հասնելով 152,90 դոլարի այն բանից հետո, երբ ծրագրային ապահովման ոլորտի հսկան հրապարակել է ֆինանսական առաջին եռամսյակի արդյունքները, որոնք գերազանցել են վերլուծաբանների սպասումները, եւ հայտարարել Amazon-ի (AMZN) հետ նոր համագործակցության մասին:
Oracle-ը հայտնել է, որ առաջին եռամսյակում ընկերության շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով 13,3 մլրդ դոլարի, իսկ մեկ բաժնետոմսի շահույթն աճել է մինչև 1,03 դոլար՝ նախորդ տարվա 86 ցենտի համեմատ։
Ամպային ծառայությունները, որոնք Oracle-ի ամենամեծ բիզնեսն են, ապահովել են ընկերության շահույթի 21% աճը՝ հասցնելով այն 5,6 միլիարդ դոլարի, քանի որ ընկերությունը հայտարարել է, որ ամպում արհեստական բանականության մեծ լեզվական մոդելների ուսուցման պահանջարկն աճել է: Oracle-ի գործադիր տնօրեն Սաֆրա Կացը հայտարարել է, որ կնքված մեծ թվով պայմանագրերի իրականացման արդյունքում ընկերության եկամուտները կաճեն 2025 ֆինանսական տարում:
Oracle Cloud Infrastructure-ի (OCI) եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 45%-ով՝ հասնելով 2,2 միլիարդ դոլարի։ Ընկերությունը սկսել է նոր համագործակցություն Amazon Web Services-ի (AWS) հետ, ինչը, ինչպես ակնկալվում է, լրացուցիչ աճ կբերի:
ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հուլիսին աճել է՝ հասնելով վերջին երկու տարիների առավելագույն մակարդակին։ ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի հրապարակած զեկույցի համաձայն՝ ապրանքների և ծառայությունների առևտրի դեֆիցիտը հունիսի համեմատ աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 78.8 մրլդ դոլար:
Սա պայմանավորված է ապրանքների ներմուծման աճով, նաեւ դոքերների հնարավոր գործադուլին ընդառաջ բավարար պաշարներ ապահովելու՝ ընկերությունների ջանքերով։
Ապրանքների և ծառայությունների ներմուծման արժեքն աճել է 2,1%-ով՝ հասնելով 2022 թվականի մարտից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Արտահանումն աճել է 0,5%-ով։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





