Nvidia-ի բաժնետոմսերի գինը սեպտեմբերի 3–ին ընկել է 9%-ով՝ հասնելով օգոստոսի կեսերից ի վեր գրանցված ամենացածր մակարդակին՝ 108 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Թեեւ սեպտեմբերի առաջին առեւտրային օրը ընդհանուր ֆոնդային շուկան է անկում ապրել, սակայն արհեստական բանականությամբ չիպերի արտադրության առաջատար Nvidia–ն վատագույն արդյունքներն է ցույց տվել Հրաշալի յոթնյակի ընկերություններից։ Բորսաներում անկումը սկսվել է տեխնոլոգիական ընկերություններից, ապա նվազել են էներգետիկ եւ արդյունաբերական ընկերությունների արժեթղթերի գները։ Վերլուծաբանները կարծում են, որ Nvidia–ի բաժնետոմսերի գինը կբարաձրանա այս տարվա 4–րդ եռամսյակում, երբ ընկերությունը կմեկնարկի իր վերջին սերնդի Blackwell չիպերի արտադրությունը։


Սեպտեմբերի 3–ին Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները նվազել են՝ S&P 500–ը (.SPX) օրը սկսեց ավելի քան 2%, իսկ Nasdaq Composite-ը (IXIC)՝ ավելի քան 3% անկումով, ինչը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտի նկատմամբ ներդրողների լավատեսության նվազմամբ՝ համեմատաբար թույլ տնտեսական ցուցանիշներից հետո արժեթղթերի շուկայում մասսայական վաճառքների ֆոնին։ Երեքշաբթի S&P 500, Nasdaq-ը և Dow Jones-ը գրանցել են օրվա կտրվածքով ամենախոշոր անկումը օգոստոսի սկզբից ի վեր: Վերլուծաբանների կարծիքով՝  նման անկման պատճառը նախ արհեստական բանականությամբ արտադրանքի նկատմամբ նվազող լավատեսության պայմաններում չիպեր արտադրողների բաժնետոմսերի անկումն է, ինչպես նաեւ սեզոնայնությունը. սեպտեմբերը որպես կանոն համարվում է ամենաթույլ ամիսներից մեկը՝  ֆոնդային բորսաների ցուցանիշների տեսանկյունից։


Անցած եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 3%, ինչը պայմանավորված է սպառողական ծախսերի և բիզնես ներդրումների աճով, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ կառավարությունը՝ վերանայելով իր նախնական գնահատականը։ Ավելի վաղ Առևտրի դեպարտամենտը գնահատել էր, որ երկրի համախառն ներքին արդյունքը` ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտադրանքը, ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում աճել է 2,8 տոկոսով: Երկրորդ եռամսյակի աճը կտրուկ արագացել է այս տարվա առաջին երեք ամիսների աճի թույլ տեմպերի՝ 1,4%–ի համեմատ։ Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ-ի տնտեսական ակտիվության մոտ 70%-ը, երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել են 2,9%–ով՝ գերազանցելով կառավարության կանխատեսած 2,3%-ը։ Բիզնես ներդրումների աճի տեմպն էլ կազմել է 7,5%, սարքավորումների մեջ ներդրումների 10,8% աճի շնորհիվ: Կառավարության զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ տնտեսությունը, չնայած շարունակվող բարձր տոկոսադրույքների ճնշմանը, պահպանում է կայունությունը:


Եվրագոտու երկրներում գնաճը օգոստոսին նվազել է՝ կազմելով 2,2%, ինչը վերջին երեք տարվա նվազագույն ցուցանիշն է։ Եվրոստատի հրապարակած տվյալները ուժեղացրել են սպասումները, որ Եվրոպական կենտրոնական բանկը սեպտեմբերին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Զեկույցից հետո եվրոյի փոխարժեքը ֆունտ ստերլինգի նկատմամբ շարունակել է նվազել։ ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոն աճել է,  քանի որ ներդրողները պատրաստվում են Դաշնային պահուստային համակարգի կողմից սեպտեմբերին սպասվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմանը, որն ընթացիկ ցիկլում ԱՄՆ դրամավարկային քաղաքականության մեղմացմանն ուղղված առաջին քայլն է լինելու։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրագոտու ամենախոշոր տնտեսությունն ունեցող Գերմանիայում գնաճը ամսվա կտրվածքով նվազել է 2 տոկոսով՝ ավելի շատ, քան սպասվում էր։ ING ֆինանսական հաստատության տնտեսագետները կանխատեսում են, որ եվրագոտու երկրներում գնաճը մինչեւ տարվա վերջ կպահպանվի 2.5%–ից բարձր մակարդակում՝ հաշվի առնելով ապրանքների եւ ծառայությունների գների կայունությունը։ Շուկաներն ամբողջությամբ պատրաստված են  նրան, որ ԵԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցնի 25 բազային կետով՝ սեպտեմբերին, եւ եւս 25 կետով՝ մինչեւ տարվա վերջ։


ԱՄՆ–ում տների սպասվող վաճառքները նոր՝ ռեկորդային ցածր մակարդակ են գրանցել հուլիսին։ Ռիելթորների ազգային ասոցիացիայի տվյալներով՝ հուլիսին տների սպասվող վաճառքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5,5%-ով: Այս ցուցանիշի նվազումն անակնկալ է եղել։ Wall Street Journal–ի հարցմանը մասնակցած տնտեսագետները կանխատեսել էին, որ տների սպասվող վաճառքները հուլիսին կավելանան 0.1 տոկոսով։ Տների առուվաճառքի գործարքների թիվը նույնպես հասել է պատմական նվազագույնի։ Անցած տարվա համեմատ՝ գործարքների թիվը նվազել է 8,5%–ով։ Փաստորեն, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների սպասվող նվազեցումը ակտիվության աճի չի հանգեցրել։ Ռիելթորների ազգային ասոցիացիայի գլխավոր տնտեսագետ Լոուրենս Յունը սա բացատրել է հիմնականում տների գների մատչելիության խնդրով եւ ԱՄՆ–ում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ անորոշությամբ։ Նա միաժամանակ կարծիք է հայտնել, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցումը առաջիկա ամիսներին գնորդներին կգրավի դեպի շուկա։


ԱՄՆ-ում գնաճը, որը չափվում է Անձնական սպառողական ծախսերի  գների ինդեքսի փոփոխությամբ, հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 2,5%, հայտնել է ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոն։ Սա վերլուծաբանների կանխատեսումներից 0.1 տոկոսով ցածր է։ Ամսական կտրվածքով Անձնական սպառողական ծախսերի  գների ինդեքսն աճել է 0,2%-ով, ինչը համապատասխանում է վերլուծաբանների գնահատականներին:

Անձնական սպառողական ծախսերի  գների բազային ինդեքսը, որը չի ներառում սննդամթերքի և էներգիայի անկայուն գները, նույն ժամանակահատվածում աճել է 2,6%-ով, ինչը ցածր է կանխատեսվող՝ 2,7%-ից։ Բազային գների ինդեքսը ամսական կտրվածքով աճել է 0,2%–ով, ինչպես և սպասվում էր:

Այս տվյալները նկատելի արձագանք չեն առաջացրել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Զեկույցի հրապարակման պահին ԱՄՆ դոլարի ինդեքսը մնացել է անփոփոխ՝ 101.37:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։