Lոնդոնյան ETFGI անկախ հետազոտական և խորհրդատվական ընկերության տվյալների համաձայն՝ համաշխարհային ցուցակված կրիպտո ETF-ների և ETP-ների զուտ ներհոսքերը հուլիսի վերջի դրությամբ հասել են ռեկորդային $59,3 միլիարդի: Սա անհամեմատ բարձր է նախորդ առավելագույն ցուցանիշից՝ 4,1 միլիարդ ԱՄՆ դոլարից, որը գրանցվել էր 2021 թվականին։ Այս ապրանքների ակտիվներն աճել են՝ հասնելով 91,7 ԱՄՆ միլիարդ դոլարի, ինչը 506 տոկոսով (506,4) ավելի է նախորդ տարեվերջին գրանցված 15,1 միլիարդ դոլարից՝ ասվում է զեկույցում: Կրիպտոարժութային ETF-ների և ETP-ների զուտ ներհոսքը հուլիսին կազմել է 13,7 միլիարդ դոլար, նշվում է զեկույցում։
Խորհրդատվական ընկերության զեկույցն ընդգծում է կրիպտոյի վրա հիմնված միջոցների նկատմամբ ներդրողների աճող պահանջարկը և ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հունվարի 10-ի որոշման ազդեցությունը սփոթ բիթքոինի` ETF-ների ցուցակումը հաստատելու գործում: Սփոթ բիթքոինի ETF-ները սովորական ներդրողներին հնարավորություն են տալիս կանոնակարգված եղանակով ներդրում անել Բիթքոինում իրենց բրոկերային հաշիվների միջոցով։
Կրիպտոյի վրա հիմնված առաջին ETP–ների թրեյդինգը սկսվել է 2015–ին։ Հուլիսի դրությամբ ամբողջ աշխարհում ցուցակված է 235 կրիպտո ETF և ETP։
Կրիպտոակտիվների ETF–ների աճը տեղի է ունենում ընդհանուր ETF արդյունաբերության ընդլայնմանը զուգահեռ։ Ըստ՝ ETFGI-ի, աշխարհում ցուցակված ETF-ներում և ETP-ներում ներդրված ակտիվները հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 11,4 տրիլիոն դոլար՝ հուլիսի վերջի դրությամբ:
Նշենք, որ ETF–ը տարբեր բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ այլ ակտիվների ընդհանուր փաթեթ է, որը դիվերսիֆիկացնում է արժեթղթերում ներդրումները, հետեւաբար՝ նվազեցնում ռիսկերը։ Այսպիսի փաթեթների կառավարումը անհատ ներդրողները սովորաբար վստահում են մասնագիտացված բրոքերներին կամ բրոքերային ընկերություններին։
ԱՄՆ-ում սպառողների վստահության ինդեքսը օգոստոսին բարձրացել է՝ գրանցելով կիսամյակային ամենաբարձր ցուցանիշը՝ 103.3 (հուլիսին՝ 101.9)` ավելի վաղ կանխատեսվող՝ 100,3-ի համեմատ:
Վստահությունն ավելի բարձր է եղել 35 և ավելի տարիքի սպառողների և 100,000 դոլարից ավելի տարեկան եկամուտ ունեցողների շրջանում:
Սա տեղի է ունեցել ԱՄՆ տնտեսական հեռանկարների վերաբերյալ լավատեսության ֆոնին, սակայն ամերիկացիներին ավելի ու ավելի է անհանգստացնում աշխատաշուկան. անցյալ ամիս գործազրկության մակարդակը հասել էր երեք տարվա առավելագույնին՝ 4,3%:
Սպառողների վստահության սպասվածից ավելի լավ ցուցանիշը, որը երեքշաբթի հաղորդել էր Conference Board-ը, արտացոլում է բիզնես պայմանների բարելավված ընկալումները հաջորդ վեց ամիսների համար։ Բիզնես միջավայրի հետազոտությամբ զբաղվող հեղինակավոր կազմակերպության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռեցեսիայի հավանականությունը շարունակել է նվազել: Սպառողների անհանգստությունն աշխատաշուկայի վերաբերյալ արտացոլված է Դաշնային պահուստային համակարգի մտահոգություններում. համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը անցյալ ուրբաթ հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման անխուսափելիության մասին։
Փորձագետները չեն բացառում, որ սպառողների վստահության աճը կարող է պայմանավորված լինել Ջո Բայդենի՝ նախագահական ընտրարշավից դուրս գալով եւ Դեմոկրատական կուսակցության կողմից Քամալա Հարիսի թեկնածության առաջադրմամբ։
Ճապոնական Sony–ն երեքշաբթի ներդրողներին հրաշալի նորություն հաղորդեց՝ հայտարարելով, որ իրենք լուծել են միաձուլման հետ կապված բոլոր վեճերը Zee Entertainment Enterprises-ի հետ: Sony-ի հնդկական դուստր ձեռնարկությունը նախատեսում էր միաձուլվել հնդկական մեդիա կոնգլոմերատի հետ 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով, սակայն հրաժարվեց գործարքից այս տարվա սկզբին, ինչը հանգեցրեց դատական գործընթացի երկու ընկերությունների միջև:
Sony-ն և Zee-ն որոշեցին հարթել իրենց տարաձայնությունները և առաջ շարժվել առանց որևէ պարտավորության մյուսի հանդեպ: Դրանից անմիջապես հետո Zee-ի բաժնետոմսերը աճեցին 12%-ով, թեև դրանք դեռևս ցածր են միաձուլման դադարեցման մասին հայտարարությանը նախորդող ժամանակահատվածի համեմատ:
Մինչ գրեթե յուրաքանչյուր մեդիա ընկերություն այժմ փորձում է գործարկել սթրիմինգային ծառայություն՝ այդ գործընթացում գումարներ ծախսելով, Sony-ն այն միակն ընկերությունն է, որը բովանդակություն է վաճառում ամենաբարձր գին առաջարկողին: Սա հաջող ռազմավարություն էր, որի շնորհիվ Sony-ի շահույթը կայուն էր մնում մինչև համաճարակը:
Սակայն Sony–ի բիզնեսի բազմազանությունն այժմ իր դեմ է աշխատում։ Sony–ի բաժնետոմսերը վաճառվում են ընկերության շահույթից ընդամենը 17 անգամ ավելի թանկ, իսկ վերլուծաբաններն ակնկալում են ընկերության եկամուտների մի փոքր անկում առաջիկա երկու տարիների ընթացքում:
ԱՄՆ-ի ամենապոպուլյար՝ բնակարանային վարկերի տոկոսադրույքները իջել են՝ հասնելով վերջին 16 ամսվա ամենացածր ցուցանիշին՝ այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ազդարարեց, որ Կենտրոնական բանկը պատրաստ է հաջորդ ամիս նվազեցնել փոխառությունների ծախսերը՝ աշխատաշուկան հետագա թուլացումից զերծ պահելու համար:
30-ամյա ֆիքսված տոկոսադրույքով հիփոթեքի միջին պայմանագրային տոկոսադրույքը օգոստոսի 23-ին ավարտված շաբաթում նվազել է 6 բազիսային կետով՝ մինչև 6,44%, չորեքշաբթի հայտնել է Հիփոթեքային բանկիրների ասոցիացիան: Սա ամենացածր ցուցանիշն է 2023 թվականի ապրիլից ի վեր։
Թեև Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին առաջիկա որոշումը կկայացնի միայն մի քանի շաբաթ անց, հիփոթեքային տոկոսադրույքներն արդեն նվազում են, քանի որ բնակարանային վարկերի վրա մասամբ ազդում են տնտեսական գործոնները, ինչպիսին, օրինակ, աշխատաշուկայի հզորությունն է: Վերջին թույլ տնտեսական տվյալները, այդ թվում՝ աշխատատեղերի մասին հուլիսյան հիասթափեցնող զեկույցը, մտավախություն են առաջացրել, որ ԱՄՆ տնտեսությունը ճեղքեր է տալիս վերջին 23 տարվա ընթացքում դաշնային պահուստային համակարգի ամենաբարձր տոկոսադրույքի ճնշման տակ:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





