Հայաստանը յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի և պետք է սկսի օգտագործել այն իր շահերի համար՝ զարգացնելով առևտուրը և այլ կարևոր ոլորտներ։ Նյու Յորքում տեղի ունեցած Orion Summit 2023-ի ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ (լուսանկարներ)

Ելույթ ունենալով «Ջուղայի թվային ցանց» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Նյու Յորքի Հարվարդ ակումբում (Harvard Club)՝ փոխնախարարը նշեց, որ մանկության տարիներին հաճախ է նայել աշխարհի քարտեզին և տարակուսել՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը գտնվում է նման վայրում՝ երկու թշնամի հարևանների միջև։ Մեկ այլ հարևան Իրանն է, որի հետ Հայաստանը նույնպես սահման ունի, բայց ստացվում է, որ պատժամիջոցների պատճառով այն կիսափակ է։ Հայաստանի միակ «ելքը» դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է, բայց այնտեղ էլ այլ խնդիրներ կան։ Իսկ ծովային ենթակառուցվածքներ և նավահանգիստներ Հայաստանը չունի։   

«Ես միշտ մտածել եմ, որ մեր բախտը չի բերել, որ ծնվել ենք նման աշխարհագրություն ունեցող երկրում։ Բայց ժամանակ է անցել, և հիմա կարծում եմ, որ մեր աշխարհագրական դիրքն իսկապես յուրահատուկ է, սակայն մենք չենք օգտագործում դրա ներուժը։ Երկար տարիներ մենք բավականաչափ ներդրումներ չենք կատարել կարևոր ենթակառուցվածքներում, որպեսզի օգտագործենք մեր տեղադիրքի ներուժը»,- ասաց Գեւորգյանը։

orion-summit-2023-day4-2.JPG (147 KB)

Նրա խոսքով, երկրում աշխատանքներ են տարվում, որոնք կօգնեն օգտագործել հենց այս ներուժը։ Այսպես․ ավելի քան 10 տարի առաջ սկսվեցին «Հյուսիս-Հարավ» նախագծի աշխատանքները, և ակնկալվում է, որ մինչև 2026-ի վերջ այս ոլորտում արդեն նկատելի ձեռքբերումներ կլինեն։ Նախարարությունն աշխատում է նաև մեկ այլ կարևոր նախագծի՝ այսպես կոչված ցամաքային (միջմոդալ) նավահանգիտի վրա։

«Նմանատիպ բոլոր նախագծերն ուղղված են նրան, որ սկսենք օգտագործել մեր առևտրային ուղիների ներուժը։ Մենք հիմա շատ ենք մտածում Հնդկաստանից Եվրոպա առևտրային ուղու մասին։ Մեր նպատակն է արդիականացնել ներքին մուլտիմոդալ առևտրային ուղիները Մումբայի և եվրոպական նավահանգիստների միջև: Եվ երբ մենք հասնենք դրան, մեր գտնվելու վայրն այլևս խնդիր չի լինի, և դա մեծ օգուտ կբերի Հայաստանում բոլորին»,- նշեց փոխնախարարը։

orion-summit-2023-day4-3.JPG (164 KB)

Հեռավոր անցյալում հայերը, որոնք դարեր շարունակ հաղորդակցության մեծ հնարավորություններ չունեին, կարողացել են մեծ ցանց ստեղծել տնտեսագիտության, իրավունքի, առևտրի և նորարարության ոլորտներում։ Այս ցանցը գոյություն է ունեցել 300 տարի։ Այժմ հայ մասնագետներն իրենց առաջ խնդիր են դրել վերստեղծել նման ցանց, բայց, իհարկե, կիրառելով նորարարական լուծումներ։ Խոսքը, իհարկե, «Ջուղայի թվային ցանց»-ի մասին է, որը պաշտոնապես ներկայացվել է անցյալ տարվա գագաթնաժողովի ժամանակ, այն նաև եղել է հունիսի 19-23-ը Նյու Յորքում անցկացված Orion Summit 2023-ի (ինֆորմացիոն գործընկերը NEWS.am Tech-ն է) վերջին պանելային նիստի թեման։

Իրադարձություններով հագեցած չորս օրերի ընթացքում գագաթնաժողովի ավելի քան 100 մասնակիցներ քննարկեցին մի շարք հարցեր, թե ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել համաշխարհային ներդրումների համար, ինչպես նպաստել երկրի և դրա տնտեսության զարգացմանը և ինչ դեր կարող են խաղալ այս ամենում ժամանակակից տեխնոլոգիաները։

orion-summit-2023-day4-1.JPG (97 KB)

Գագաթնաժողովի ընթացքում Orion Worldwide Innovations Armenia-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Դիանա Արզումանյանը ներկայացրեց նաև նոր պրոդուկտ՝ Orion Score-ը։ Այն համապարփակ համակարգ է, որն օգտակար է ինչպես ներդրողների, այնպես էլ ստարտափների համար: Orion Score-ը կարող է օգտագործվել ստարտափների աճը չափելու համար՝ հիմնված հավաստի տեղեկությունների վրա՝ առանց գուշակությունների անհրաժեշտության։ Այս համակարգը ստարտափներին կօգնի արագ տեմպերով զարգանալ՝ ներդրումներ ներգրավելով և մուտք ունենալով դեպի գլոբալ ցանցեր և կապիտալ, իսկ ներդրողները կկարողանան արագ և տեղեկացված որոշումներ կայացնել իրենց ներդրումների վերաբերյալ: