Հայաստան է գալիս միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող և մոտ 50 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա ունեցող ամերիկյան Microchip Technology ընկերությունը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ երկու տարի առաջ Microchip Technology ընկերությունը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել Instigate ընկերությունների խմբի հետ, որպեսզի իրենք Հայաստանում համատեղ թիմ ստեղծեն, և Instigate-ը հաջողությամբ կատարել է աշխատանքը՝ ընկերության ներսում ստեղծված դպրոցի, իրենց ընկերությունում ձևավորված նոու-հաուի շնորհիվ։
«Եվ այսօր Microchip Technology-ն, Instigate Semiconductor ընկերություն ձեռք բերելով՝ մտնում է Հայաստան և պլանավորում է ընդլայնել իր թիմը նաև հենց նույն համատեղ դպրոցի հետ համագործակցության շնորհիվ»,- ասել է նա։
Microchip Technology ընկերությունը հիմնադրվել է 1989-ին։ 2021-ի տվյալներով ընկերությունն ունի 19,500 աշխատող, հասույթը կազմել է 8 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 349.4 մլն դոլար։ Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Արիզոնա նահանգի Չանդլեր քաղաքում։
Վահան Քերոբյանը հիշեցրել է, որ անցած տարի Հայաստան է եկել միկրոչիպերի արտադրության ոլորտի խոշարագույն խաղացողներից NVIDIA ընկերությունը, որը Հայաստանում արդեն 100-ից ավելի աշխատող ունի։ Հայաստան է եկել նաև միկրոչիպերի աշխարհի առաջատար ընկերություններից AMD-ն, որը INTEL-ի ուղիղ մրցակիցներից է։
«Նաև շատ այլ ընկերություններ, որոնք ոչ միայն Հայաստանում գրասենյակներ են հիմնում, այլ բավականին արագ զարգանում են, ստեղծում են իրանց համալսարանական ծրագրերը, իրենց շուրջը հավաքում են այն էկոհամակարգը, որը թույլ է տալու իրենց զարգանալ»,- ասել է նա;
Վահան Քերոբյանը նաև հաստատել է տեղեկությունները, որ Հայաստան է գալիս նաև հայտնի Shell ընկերությունը, որն այս տարվա մարտին Հայաստանում կբացի երեք ժամանակակից բենզալցակայան։
Նախարարը նշել է, որ բավական բարդ է եղել ընկերությանը Հայաստանը բերելը, սակայն Հայաստանի համար կարևոր է, որպեսզի երկիր գան աշխարհի թոփ 500 ընկերությունները՝ իրենց հետ գիտելիքներով, իրենց նոու-հաուով, ինչը կօգնի Հայաստանում պատրաստել բարձրակարգ մասնագետներ, կատարել աշխարհի համար կարևոր գիտահետազոտական աշխատանքներ, ինչը կբերի մեր տնտեսության արտադրողականության, նորարարությունների աճին։






