Mercedes-Benz-ը հայտարարել է, որ համագործակցություն է սկսում Google-ի հետ նավիգացիայի ոլորտում և մտադիր է «սուպերհամակարգչի մակարդակի կատարողականություն» ապահովել յուրաքանչյուր մեքենայի համար․ մեքենաները կունենան սենսորներ, որոնք անհրաժեշտ են ինքնավար երթևեկության համար, ինչը ընկերությանը կօգնի Tesla-ի և չինական նոր բրենդների հետ մրցակցությունում, տեղեկացնում է Reuters-ը։
Համագործակցություն Google-ի հետ
«Սա լիցենզավորման պայմանագիր է, որը «ձեռնտու է երկու կողմերի համար»,- Կալիֆոռնիայի Սաննիվեյլ քաղաքում ընկերության հետազոտական և զարգացման կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է Mercedes-Benz-ի գործադիր տնօրեն Օլա Կելենիուսը։
Համագործակցության շրջանակում Mercedes-Benz-ը հնարավորություն կստանա Google Maps, Cloud-ը և YouTube ծառայությունները ներդնել ապագայում արտադրվելիք ավտոմեքենաներում, որոնք հագեցած կլինեն ավտոարտադրողի հաջորդ սերնդի MB.OS օպերացիոն համակարգով: Mercedes-ին նաև հասանելի կլինեն Google-ի առաջարկած աշխարհատարածական տվյալները, ներառյալ վայրերի մասին մանրամասն տեղեկությունները, իրական ժամանակի և կանխատեսելի երթևեկության մասին տեղեկություններն ու երթուղու ավտոմատ փոփոխման հնարավորությունը:
Mercedes-Benz-ը կօգտագործի Google Maps-ի տվյալները մեքենան վարելու ավտոմատ աջակցության գործառույթն իրագործելու նպատակով, ինչպիսիք են արագության ավտոմատ կարգավորումները խաչմերուկներից, շրջանաձև երթևեկություններից կամ ոլորաններից առաջ: Սակայն, ինչպես նշել է Google-ի և Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, համագործակցությունը սրանով չի սահմանափակվի։
«Ի հավելումն նրան, որ Mercedes-Benz-ին անհատականացված նավիգացիոն ինտերֆեյս նախագծելու հնարավորություն ենք տալիս, մենք կտրամադրենք նաև մեր արհեստական բանականության և տվյալների հնարավորությունները, որպեսզի արագացնենք կայուն զարգացման նրանց ջանքերը, առաջ տանենք ինքնավար երթևեկությունը, ինչպես նաև ստեղծենք հաճախորդների բարելավված փորձառություն»,- ասել է Սունդար Պիչայը։
Google Maps Platform-ի վրա հիմնված սեփական նավիգացիա
Mercedes-Benz-ն արդեն մի քանի տարի աշխատում է սեփական MB.OS օպերացիոն համակարգի վրա, որը կգործարկվի հաջորդ սերնդի ավտոմեքենաներում, որոնք նախատեսվում է արտադրել 2024 թ․ վերջին: Ընկերությունն արդեն ստեղծել է Linux-ի վրա հիմնված համակարգ և այն նախագծել է այնպես, որ ունենա երրորդ կողմի հավելվածների ու ծառայությունների աջակցություն, ինչպիսիք են Google-ի կողմից տրամադրվածները: Օրինակ՝ Mercedes-ը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել իր սեփական նավիգացիան՝ օգտագործելով Google Maps Platform-ից ավտոմեքենայում ներդրված աշխարհատարածական նոր տվյալները և նավիգացիոն հնարավորությունները:
Այնուամենայնիվ, հաճախորդները ստիպված չեն լինի տարիներով սպասել այս գործընկերության առաջին պտուղներին: Mercedes-ը հայտարարել է, որ փետրվարի 23-ից հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել Google-ի Place Details ծառայությունից, որը կտրամադրվի ծրագրային ապահովման թարմացման միջոցով:
Բազմամիլիարդանոց գործարք սենսորներ արտադրողի հետ
Ինքնավար ընթացքի սենսորներ արտադրող Luminar Technologies Inc.-ը, որում Mercedes-ը փոքր մասնաբաժին ունի, իր հերթին հայտարարել է, որ մի քանի միլիարդ դոլարի գործարք է կնքել ավտոարտադրողի հետ, որպեսզի մինչև տասնամյակի կեսերը իր սենսորներն ինտեգրի ընկերության մի շարք նոր ավտոմեքենաներում։
Աղբյուրը նշում է, որ ավտոարտադրողները հիմա թեժ մրցակցության մեջ են, որպեսզի իրենք ևս ունենան ծրագրային ապահովման վրա հիմնված հնարավորություններ, ինչպիսիք ունի էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla-ն։
Mercedes-Benz-ի գործադիր տնօրեն Օլա Կաելլենյուսն ասել է, որ գերմանական ավտոարտադրողը 2020-ին համաձայնել է կիսել հասույթը կիսահաղորդիչներ արտադրող Nvidia Corp-ի հետ (2020-ից ի վեր իր գործընկերն է ավտոմատ վարման ծրագրային ապահովման ոլորտում), որպեսզի նվազեցնի բարձր հզորությամբ թանկարժեք կիսահաղորդիչներ ձեռք բերելու ծախսերը։






