Եվս երեք խոշոր ընկերություն հայտարարել է աշխատողներին կրճատելու մասին։ Այս անգամ անձնակազմը կրճատելու մտադրությունների մասին են հայտնել ՏՏ ոլորտում գործող Twilio-ն և LinkedIn-ը, ինչպես նաև մեքենաշինությամբ զբաղվող Ford-ը, որոնք կկրճատեն ընդհանուր ավելի քան 5300 աշխատակից։
Կրճատումներ՝ Twilio-ում
Հեռահաղորդակցության ոլորտի ծրագրային ապահովմամբ զբաղվող ամերիկյան Twilio ընկերությունը հայտարարել է, որ մտադիր կրճատել 1500 աշխատողի կամ աշխատողների ընդհանուր թվի 17%-ը։ 2022 թ․ սեպտեմբերի դրությամբ ընկերությունն ունեցել է մոտ 9000 աշխատող։
Ինչպես տեղեկացնում է Cnbc.com-ը, երկուշաբթի աշխատակիցներին ուղղված նամակում ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Լոսոնը նշել է, որ հավելյալ կրճատումները պայմանավորված են հաջողության հասնելու համար Twilio-ի վերակազմակերպման անհրաժեշտությամբ: «Այս փոփոխությունները ցավալի են,- գրել է նա,- Առաջիկա շաբաթները լինելու են այս ամբողջ փոփոխության մշակման և մեր նոր կառուցվածքին հարմարվելու համար միասին աշխատելու մասին»:
Լոսոնը նաև ասել է, որ Twilio-ն «չափազանց մեծ» է դարձել և նախատեսում է ձևավորել երկու բիզնես միավոր՝ օգնելու ընկերությանը ծախսել ավելի քիչ և դառնալ ավելի արդյունավետ: Ընկերություններից մեկը կկոչվի Twilio Data & Applications, իսկ մյուսը՝ Twilio Communications։
Նամակում ընկերության գործադիր տնօրենը նաև նշել է, թե ակնհայտ էր, որ Twilio-ին անհրաժեշտ էր իրականացնել «կառուցվածքային էական փոփոխություններ» իր ռազմավարությունն ավելի լավ իրականացնելու համար: «Ցավալի է բաժանվել այդքան տաղանդավոր մարդկանցից, բայց դա անհրաժեշտ է մեր երկու բիզնեսները ճիշտ կազմակերպելու և հաջողության հասնելու համար»,- նշել է նա։
Կրճատումներ՝ LinkedIn-ում
Microsoft-ին պատկանող LinkedIn սկսել է աշխատանքից ազատել HR բաժնի աշխատակիցներին, ընդորում ամիսներ անց այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել էր, որ չի նախատեսում կրճատումներ և բավարարվելու է միայն որոշ բաժիններում աշխատանքի ընդունման գործընթացը սառեցնելով։
Ինչպես տեղեկացնում է Тhe Information-ը, ընկերությունից, սակայն ասել են, թե այս կրճատումները Microsoft-ի հայտարարած 10,000 կրճատումների շրջանակում են արվում։ Microsoft-ից հաստատել են կրճատումները, սակայն չեն նշել, թե կոնկրետ քանի աշխատողի մասին է խոսքը։
Կրճատումներ՝ Ford-ում
Ամերիկյան մեքենաշինական 790ընկերությունը նախատեսում է Եվրոպայում առաջիկա երեք տարում կրճատել 3800 աշխատատեղ՝ արտադրանքի մշակման և կառավարման ոլորտում։ Ընկերությունը պարզաբանել է, որ կրճատումների պատճառը ծախսերի աճն է, ինչպես նաև ընկերությունն ավելի կոմպակտ կառուցվածքի բերելու անհրաժեշտությունը, քանի որ Ford-ը մտադիր է ավելի շատ կենտրոնանալ էլեկտրական մեքենաների արտադրության վրա:
Ըստ Economictimes-ի՝ շուրջ 2300 աշխատատեղ կկրճատվի ընկերության Գերմանիայում տեղակայված արտադրամասերում, 1300-ը՝ Մեծ Բրիտանիայիում և 200-ը՝ մնացած Եվրոպայում։ Այդուհանդերձ, ընկերությունը դեռ 3400 աշխատատեղ կունենա եվրոպական տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ 2022-ի վերջից սկսած ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ սկսել զանգվածային կերպով կրճատել իրենց աշխատակազմ։ Վերջերս կրճատումների մասին հայտնել են Microsoft-ը, Amazon-ը, Pinterest-ը, IBM-ը, Lam Research-ը, Xiaomi-ն, HP-ն, Vimeo-ն, Micron Technology-ն, PayPal-ը, Miro-ն, Splunk-ը, eBay-ը, NetApp-ը, Unity Software-ը և շատ ընկերություններ:






