Երկիրը և Վեներան շատ հատկանիշներով նման են․ երկու մոլորակներն էլ գրեթե նույն չափսն ու զանգվածն ունեն, հիմնականում կազմված են ապարային նյութերից և ունեն մետաղական միջուկներ։ Սակայն այսօր դրանք երկու բոլորովին տարբեր աշխարհներ են։ Երկիրն ունի հզոր գլոբալ մագնիսական դաշտ, որը պաշտպանում է նրան արևային քամուց, մինչդեռ Վեներան գրեթե չունի նման դաշտ։ Ինչո՞ւ երկու նման մոլորակներ հանգեցին այսքան տարբեր արդյունքների։

Հնարավոր պատասխաններից մեկը կապված է մի իրադարձության հետ, որը տեղի է ունեցել Երկրի վրա նրա ձևավորման ամենավաղ փուլերում։ Խոսքը մոտավորապես Մարսի չափսեր ունեցող մարմնի հետ հսկայական բախման մասին է, որը, ըստ տարածված հիպոթեզի, հանգեցրեց Լուսնի առաջացմանը։ Հետազոտողները ենթադրել են, որ այս հարվածը կարող էր Երկրի համար անել ևս մի բան․ խառնել նրա միջուկը և դրանով իսկ պայմաններ ստեղծել մոլորակային «դինամոյի» աշխատանքի համար, որը գեներացնում է մագնիսական դաշտը։

Ինչու Վեներան մնաց առանց մագնիսական դաշտի

Մոլորակի մագնիսական դաշտը ինքնստինքյան չի առաջանում։ Դրա գեներացման համար անհրաժեշտ է հաղորդիչ հեղուկի շարժում միջուկի ներսում։ Երկրի վրա այդպիսի «շարժիչ» է ծառայում երկաթով հարուստ հեղուկ արտաքին միջուկը։ Նրա մեջ նյութի շարժումը ստեղծում է էլեկտրական հոսանքներ, իսկ դրանք, իրենց հերթին, պահպանում են գլոբալ մագնիսական դաշտը։

Վեներայի դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Ըստ նրա խտության՝ գիտնականները ենթադրում են, որ մոլորակը, Երկրի նման, ունի երկաթով հարուստ միջուկ, ընդ որում՝ դրա զգալի մասը պետք է լինի հալված վիճակում։ Հետևաբար, մագնիսական դաշտի բացակայությունը չի կարելի պարզապես բացատրել նրանով, որ Վեներայի ներսում հեղուկ մետաղ չկա։

Երկար ժամանակ հնարավոր պատճառներից մեկն էր համարվում Վեներայի արտասովոր դանդաղ պտույտը․ իր առանցքի շուրջ մեկ լրիվ պտույտը տևում է մոտ 243 երկրային օր։ Սակայն ավելի ուշ հետազոտողների ուշադրությունը տեղափոխվեց մեկ այլ խնդրի վրա՝ որքանով է Վեներան արդյունավետ հեռացնում ջերմությունը իր ընդերքից։

Որպեսզի հեղուկ միջուկը շարունակի ակտիվորեն խառնվել, ջերմությունը դրանից պետք է հեռանա դեպի դուրս։ Երկրի վրա այս գործընթացին նպաստում է սալերի տեկտոնիկան․ սալերի շարժումն օգնում է ջերմությունը մոլորակի խորքերից տեղափոխել մակերևույթ։

Վեներան չունի գլոբալ սալերի տեկտոնիկա։ Հետևաբար, նրա մանթիան կարող է միջուկից ջերմությունը հեռացնել զգալիորեն պակաս արդյունավետությամբ։ Եթե միջուկից բավարար չափով ջերմություն դուրս չի գալիս, չի առաջանում նաև անհրաժեշտ կոնվեկցիան՝ հալված մետաղի լայնամասշտաբ շարժումը։ Իսկ առանց դրա մոլորակային դինամոն չի աշխատում։

Ճիշտ այսպիսին կարող էր տեսք ունենալ Վեներայի ճակատագիրը․ հեղուկ միջուկը կա, սակայն նրա շարժումն անբավարար եղավ գլոբալ մագնիսական դաշտ ստեղծելու համար։

Սակայն գոյություն ունի ևս մեկ հնարավորություն․ խնդիրը կարող էր առաջանալ ավելի վաղ՝ հենց մոլորակի ձևավորման փուլում։

«Սոխուկը» երիտասարդ մոլորակի ներսում

Երբ Երկիրն ու Վեներան նոր էին ձևավորվում, դրանք աճում էին ավելի փոքր մարմինների հսկայական քանակությամբ բախումների հաշվին։ Նյութի կուտակմանը զուգընթաց՝ ծանր մետաղները, նախևառաջ երկաթը, սուզվում էին դեպի հալված մոլորակի կենտրոնը և ձևավորում միջուկը։

Սակայն երիտասարդ մոլորակի միջուկը կարող էր բոլորովին էլ այնքան համասեռ չլինել, որքան ընդունված է պատկերացնել այսօր։ Երկաթի հետ միասին այնտեղ էին ընկնում այլ տարրեր՝ այդ թվում թթվածին, սիլիցիում և ծծումբ։ Դրանք կարող էին անջատվել ըստ խտության և քիմիական կազմի՝ միջուկի ներսում ձևավորելով մի քանի կայուն շերտեր։

Սեթ Ջեյկոբսոնի գլխավորած հետազոտողները ենթադրել են, որ այդ դեպքում միջուկը կարող էր ձեռք բերել յուրահատուկ շերտավոր կառուցվածք՝ փոխաբերաբար ասած, «սոխուկի» կառուցվածք։ Յուրաքանչյուր առանձին շերտի ներսում նյութը կարող էր խառնվել, սակայն շերտերիմիջև եղած սահմանները խոչընդոտում էին ամբողջ միջուկի լիարժեք խառնմանը։ Արդյունքում ջերմությունը դեպի դուրս կփոխանցվեր համեմատաբար դանդաղ, և հալված մետաղի լայնամասշտաբ շրջանառություն չէր առաջանա։ Հետևաբար, չէր առաջանա նաև մագնիսական դինամո։

Եթե այս մոդելը ճիշտ է, Վեներան ի սկզբանե կարող էր հայտնվել առանց գլոբալ մագնիսական դաշտի մոլորակ դառնալու ճանապարհին։

Այդ դեպքում ի՞նչ պատահեց Երկրի հետ

Այստեղ պատմության մեջ է վերադառնում Լուսինը։ Ըստ Ջեյկոբսոնի և նրա գործընկերների հիպոթեզի՝ Երկիրն իր ձևավորման ուշ փուլում ենթարկեվեց մեծ բախման մոտավորապես Մարսի չափսեր ունեցող մարմնի հետ։ Հենց այս իրադարձության հետ են կապում Լուսնի առաջացումը։

Սակայն բուն Երկրի համար հետևանքները կարող էին շատ ավելի խորն են, քան արբանյակի հայտնվելը։ Հարվածն այնքան հզոր էր, որ կարող էր խախտել միջուկում գոյություն ունեցող շերտավոր կառուցվածքը և խառնել տարբեր նյութերը։ Մի քանի հարաբերականորեն մեկուսացված շերտերի փոխարեն ձևավորվեց ավելի համասեռ միջուկ։

Դրանից հետո այլևս ոչինչ չէր խոչընդոտում լայնամասշտաբ կոնվեկցիային։ Հալված երկաթը հնարավորություն ստացավ ակտիվորեն շարժվելու, ջերմությունն սկսեց ավելի արդյունավետորեն փոխանցվել միջուկից մանթիա, իսկ ջերմության հետագա տեղափոխումը դեպի դուրս արդեն ապահովվում էր երկրաբանական գործընթացներով, ներառյալ սալերի տեկտոնիկան։ Այսպես կարող էր գործարկվել այն մեխանիզմը, որն այսօր պահպանում է Երկրի մագնիսական դաշտը։