Այսօրվա արագ փոփոխվող թվային աշխարհում մեր ինքնությունը դարձել է այն հիմնասյունը, որի վրա կառուցվում են ժամանակակից էկոհամակարգերը, իրականացվում են գործարքներն ու ձևավորվում է վստահությունը։ Սակայն, ինչպե՞ս հավասարակշռել բացարձակ անվտանգությունն օգտատիրոջ հարմարավետության հետ, և ինչպե՞ս հաղթահարել թվային տիրույթի մասնատվածությունը։ Այս հարցերի շուրջ իր տեսլականն է ներկայացնում Doing Digital Forum 2026-ի հիմնական խոսնակ, imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։
-Պարոն Մկոյան, ինչպե՞ս է փոխվում ինքնության դերը պլատֆորմների վրա հինված աշխարհում:
-Ինքնությունը նույնականացման պարզ գործիքից վերածվում է թվային փոխազդեցության առանցքային ենթակառուցվածքի: Ժամանակակից աշխարհում օգտատերերն այլևս ոչ թե մեկ էկոհամակարգում են գործում, այլ տեղաշարժվում են բազմաթիվ պլատֆորմների միջև: Սա պահանջում է, որ ինքնությունը լինի շարժական, բազմակի օգտագործման ենթակա և վստահելի՝ տարբեր պլատֆորմների համար:
Մասնատված, հարթակներին պատկանող ինքնություններից անցում ենք կատարում դեպի օգտատերակենտրոն ինքնության շերտերի, որոնք ապահովում են անխափան հասանելիություն, գործարքներ և մասնակցություն թվային տնտեսությանը: Այս իմաստով՝ ինքնությունն այլևս պարզապես գործառույթ չէ․ այն հիմքն է, որի վրա կառուցվում են թվային էկոհամակարգերը։
-Որո՞նք են ներկայիս անվտանգ և անխափան թվային ինքնության հիմնական մարտահրավերները։
-Թվային ինքնության ոլորտում հիմնական մարտահրավերը երեք առանցքային գործոնների միաժամանակ ապահովումն է՝ անվտանգություն, օգտատերերի փորձ և համակարգերի փոխգործունակություն: Այսօր շատ համակարգեր լավ են աշխատում այս ուղղություններից մեկում կամ երկուսում, բայց հազվադեպ են համադրում երեքն էլ։
Միևնույն ժամանակ, ստանդարտների, կարգավորումների և տեխնոլոգիաների մասնատվածությունը խոչընդոտներ է ստեղծում ինչպես համակարգերի միջև, այնպես էլ տարբեր երկրների։ Սա սահմանափակում է մասշտաբայնությունը և դանդաղեցնում կիրառումը։
Այսօր անհրաժեշտ է միասնական վստահության շերտ, որը թույլ կտա տարբեր պլատֆորմներին և տնտեսություններին ճանաչել և օգտագործել միմյանց ինքնության համակարգերը։ imID-ի մոտեցման հիմքում eIDAS կարգավորումն է, ինչը թույլ է տալիս ստեղծել անվտանգ և փոխգործունակ լուծումներ, որոնք կիրառելի են նաև երկրի սահմաններից դուրս։
-Ինչպե՞ս է imID-ն դիրքավորվում այս միջավայրում։
-imID-ն դիրքավորվում է որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն, որը միավորում է պլատֆորմները, հաստատությունները և տնտեսությունները։ Մենք առաջարկում ենք վստահության ծառայություններ՝ թվային ինքնություն և էլեկտրոնային ստորագրություն, որոնք սկզբունքորեն նախագծված են որպես անվտանգ, կարգավորումներին համապատասխան և փոխգործունակ լուծումներ։
Մեր նպատակն է ապահովել վստահություն տարբեր էկոհամակարգերի միջև՝ լինի մասնավոր պլատֆորմների, պետական հաստատությունների կամ միջսահմանային ծառայությունների մակարդակում։
Doing Digital Forum-ի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի շրջանակում imID-ն կառուցում է այն վստահության շերտը, որը հնարավորություն է տալիս թվային էկոհամակարգերին կապվել և գործել անխափան։
-Ի՞նչն է լինելու Ձեր ելույթի առանցքում։
-Ելույթի ընթացքում կանդրադառնանք ինքնության վերափոխմանը՝ ֆիզիկական քարտից դեպի ամբողջությամբ թվային, անվտանգ և մշտապես հասանելի լուծում։ Ելույթը կդիտարկի ինքնությունը օգտատիրոջ տեսանկյունից՝ բարդից դեպի պարզ անցումը որպես հիմնական ուղղություն։ Կներկայացնենք երկու նոր արտադրանք․ imID հավելվածը, որն ինքնության հաստատման և ստորագրման անվտանգ, շարժական լուծում է, և imidsign.am հարթակը, որը նախատեսված է թվային ստորագրումը պարզ և լայնորեն հասանելի դարձնելու համար:
Ֆորումի մասնակիցները կտեսնեն, թե ինչպես է թվային ինքնությունը դառնում անտեսանելի, ինտուիտիվ և ակնթարթային՝ հնարավորություն տալով առանց խոչընդոտների իրականացնել առօրյա գործողություններ՝ ստորագրել փաստաթղթեր կամ օգտվել ծառայություններից։
Այս փոփոխությունը կարևոր է, քանի որ թվային փոխազդեցությունները պետք է լինեն բնական և պարզ, ոչ թե տեխնիկական։
-Ինչպե՞ս է զարգանալու թվային ինքնությունը և ինչ դեր ունի imID-ն այդ գործում։
-Թվային ինքնությունը դառնալու է հաջորդ սերնդի թվային տնտեսության հիմքը։ Այն կստեղծի հնարավորություն անխափան նույնականացման, անվտանգ գործարքների և միջսահմանային ծառայությունների համար՝ փոխելով մարդկանց և բիզնեսների փոխգործակցության ձևը թվային միջավայրում։
imID-ն նպատակ ունի ունենալ մեծ դեր այս փոփոխության մեջ՝ դառնալով որպես վստահելի ինքնության շերտ նոր ձևավորվող թվային էկոհամակարգերում։
Doing Digital Forum-ը, որն այս տարի կրում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը, կանցկացվի ապրիլի 8-ին Երևանում՝ Դվին հոլում։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։






