Եթե ունեք կամ պատրաստվում եք գնել PlayStation 5, ապա ճիշտ ժամանակն է մտածել նաև համապատասխան հեռուստացույցի մասին։ PS5-ը պարզապես խաղային կոնսոլ չէ, այն նախատեսված է ցուցադրելու ժամանակակից խաղերի ամբողջ գրաֆիկական ներուժը՝ բարձր կադրերի հաճախականությամբ, խոր գույներով և գրեթե իրական լուսավորությամբ։
Սակայն, PS5-ի ամբողջական հնարավորությունը ոչ բոլոր հեռուստացույցները կարող են ներկայացնել։ Խաղերը լիարժեք վայելելու համար ձեզ անհրաժեշտ է որոշակի տեխնիկական բնութագրերով սմարթ հեռուստացույց: 

Լուծաչափ

PlayStation 5-ը ստեղծվել է՝ ներկայանալու հենց 4K (3840×2160) լուծաչափով, և այդ պատճառով, հեռուստացույց ընտրելիս, նվազագույն պահանջը պետք է լինի 4K Ultra HD էկրանի առկայությունը։ Միայն այդ դեպքում է կոնսոլը կարողանում ցույց տալ իր իրական գրաֆիկական հնարավորությունները։ 4K պատկերի դեպքում էկրանին հայտնվում են շատ ավելի մանրամասն կադրեր, կերպարները դառնում են հստակ ու ավելի իրական, իսկ հեռավոր օբյեկտները այլևս չեն կորում մշուշի մեջ։ Խոտը, ջուրը, ստվերներն ու լուսավորությունը սկսում են ավելի բնական տեսք ունենալ, և խաղային միջավայրը գրեթե իրական է թվում։ Full HD հեռուստացույցի վրա հեռավոր շենքերը, սարերը կամ ճանապարհները հաճախ անորոշ են և աղոտ, մինչդեռ 4K էկրանին նույն տեսարաններում կարելի է տարբերել նույնիսկ ամենափոքր մանրուքները։ Արդյունքում, ոչ թե պարզապես խաղում եք, այլ կարծես գտնվում եք հենց այդ աշխարհում։

Էկրանի չափս

30 դյույմ էկրանը կարող է բավարար թվալ առաջին հայացքից, սակայն PlayStation 5-ի նման հզոր կոնսոլի դեպքում այն պարզապես չի փոխանցի խաղի ամբողջ հմայքը։ Փոքր էկրանին ընդհանուր պատկերը թվում է սեղմված, իսկ մանր դետալները հաճախ կորչում են տեսադաշտում։ Արդյունքում ստիպված եք լինում ավելի մոտ նստել կամ լարված նայել էկրանին, ինչը ժամանակի ընթացքում հոգնեցնող է դառնում։ Մեծ էկրան ընտրելիս, սակայն, կարևոր է հաշվի առնել սենյակի չափսը և դիտման հեռավորությունը։ Օրինակ՝ 70 դյույմ հեռուստացույցի առջև հարմարավետ խաղալու համար ցանկալի է ունենալ առնվազն 2–2.5 մետր հեռավորություն։ Եթե նստեք չափազանց մոտ, պատկերը կդառնա չափից մեծ, տեսադաշտը կսահմանափակվի, և ստիպված կլինեք անընդհատ շարժել գլուխը՝ ամբողջ էկրանը վերահսկելու համար։ Եթե սիրում եք խաղալ օրիգինալ ձայնագրություններով և ենթագրերով կամ նախընտրում եք RPG ժանրի խաղեր՝ երկար երկխոսություններով ու ընտրության տարբերակներով, ապա խորհուրդ է տրվում ընտրել առնվազն 55 դյույմ էկրանով հեռուստացույց, հատկապես եթե նստում եք մեկ մետրից ավելի հեռավորության վրա։ Ցավոք, ոչ բոլոր խաղերում է հնարավոր կարգավորել տառատեսակի չափը, և փոքր էկրանների դեպքում ենթագրերը կարդալը կամ պատասխանների տարբերակները տարբերակելը կարող է դժվարություն առաջացնել։ Մեծ էկրանը ոչ միայն ապահովում է ավելի հարմար ընթերցում, այլև օգնում է ամբողջությամբ ընկղմվել խաղային աշխարհում։

Թարմացման հաճախականություն

Էկրանի թարմացման հաճախականությունը չափվում է հերցերով (Hz) և ցույց է տալիս, թե վայրկյանում քանի կադր կարող է ցուցադրել էկրանը։ Եթե հեռուստացույցը աշխատում է 60 Հց հաճախականությամբ, այն առավելագույնը ցույց է տալիս 60 կադր վայրկյանում, իսկ 120 Հց էկրանը կարող է ցուցադրել 120 կադր։ Թվերը կարող են պարզապես տեխնիկական թվալ, բայց խաղերի ընթացքում տարբերությունը շատ նկատելի է․ 60 FPS-ից բարձր պատկերը դառնում է զգալիորեն ավելի հարթ, շարժումները՝ բնական, իսկ կառավարումը՝ շատ ավելի արագ արձագանքող։ Հատկապես ավելի դինամիկ խաղերում դա անմիջապես զգացվում է։ Նոր խաղային համակարգրեը, այդ թվում՝ PlayStation 5-ը, արդեն աջակցում են 120 կադր վայրկյանում ռեժիմին։ Թեև այս հնարավորությունը դեռ հասանելի է ոչ բոլոր խաղերում, այն արդեն կիրառվում է մի շարք հայտնի նախագծերում, և օրինակ God of War: Ragnarok-ում կարելի է զգալ, թե որքան սահուն ու կենդանի է դառնում խաղը 120Hz էկրանին։

HDMI 2.1 ․ ամենակարևոր և հաճախ անտեսվող պարամետրը

Շատ գնորդներ հեռուստացույց ընտրելիս ուշադրություն են դարձնում միայն 4K լուծաչափին և էկրանի չափսին՝ կարծելով, թե դրանով հարցը փակվում է։ Սակայն PlayStation 5-ի դեպքում ամենակարևոր տեխնիկական կետերից մեկը հենց HDMI 2.1 միացումն է։ Առանց դրա դուք պարզապես չեք կարող օգտագործել կոնսոլի ամբողջ ներուժը, որքան էլ որ էկրանը մեծ կամ բարձր որակի լինի։ HDMI 2.1-ը զգալիորեն բարձր թողունակություն ունի HDMI 2.0-ի համեմատ, ինչը հնարավորություն է տալիս փոխանցել ավելի շատ տվյալներ մեկ վայրկյանում։ Սա նշանակում է, որ հեռուստացույցը կարող է միաժամանակ աջակցել բարձր լուծաչափին, բարձր կադրերի հաճախականությանը և առաջադեմ խաղային տեխնոլոգիաներին։ Օրինակ՝ HDMI 2.1-ի շնորհիվ հնարավոր է իրական 4K պատկերը համադրել 120Hz թարմացման հաճախականության հետ։ Եթե հեռուստացույցը ունի միայն HDMI 2.0, ապա 4K պատկերը կսահմանափակվի 60Hz-ով, և դուք չեք կարողանա օգտվել PS5-ի 120FPS ռեժիմից այն խաղերում, որտեղ այն աջակցվում է։ Այլ կերպ ասած՝ կոնսոլը կարող է ավելին, բայց հեռուստացույցը պարզապես չի փոխանցի այդ հնարավորությունը։ 

Բացի դրանից, HDMI 2.1-ը աջակցում է VRR (Variable Refresh Rate) տեխնոլոգիային, որը համաժամեցնում է խաղի կադրերի քանակը էկրանի թարմացման հաճախականության հետ։ Սա օգնում է վերացնել պատկերի «կտրվելը» և ապահովել առավել հարթ խաղային փորձ, հատկապես ծանր գրաֆիկայով խաղերում։ Այն նաև ներառում է ALLM (Auto Low Latency Mode) աջակցություն, որի շնորհիվ հեռուստացույցը ավտոմատ կերպով միացնում է Game Mode-ը, երբ հայտնաբերում է կոնսոլի ազդանշանը։ Արդյունքում նվազում է մուտքային ազդանշանի ուշացումը, և կառավարումը դառնում է ակնթարթային։ Մեկ այլ կարևոր առավելություն է eARC-ն (enhanced Audio Return Channel), որը հնարավորություն է տալիս բարձր որակի, անկորուստ ձայնային ազդանշանը փոխանցել սաունդբարի կամ տնային կինոթատրոնի համակարգին։ Սա կարևոր է, եթե ցանկանում եք լիարժեք օգտվել PS5-ի 3D Audio հնարավորություններից և ստանալ ավելի խորքային, տարածական ձայնային փորձ։ Եթե հեռուստացույցը ունի միայն HDMI 2.0, ապա դուք փաստացի սահմանափակում եք ձեր PlayStation 5-ը։ Կոնսոլը նախագծված է ապագայի ստանդարտների համար, և HDMI 2.1-ը հենց այն «կամուրջն» է, որը բացում է այդ հնարավորությունները։

OLED, QLED և LED ․ ո՞ր էկրանն է լավագույնը PS5-ի համար

PlayStation 5-ի համար հեռուստացույց ընտրելիս կարևորը է նաև էկրանի տեխնոլոգիան, քանի որ հենց դա է որոշում, թե ինչպիսին կլինի խաղային փորձը։ Այսօր, հիմնականում, օգտագործվում է երեք տեսակի վահանակ՝ OLED, QLED/VA և IPS LED։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ ու թույլ կողմերը։

OLED էկրանները համարվում են լավագույն ընտրությունը PS5-ի համար։ Հիմնական պատճառները պարզ են՝ OLED-ը ապահովում է կատարյալ սև գույն, ինչը նշանակում է, որ մութ հատվածներում մանրամասները տեսանելի են, ստվերները բնական են, և նույնիսկ ամենամութ տեսարաններում պատկերը չի աղավաղվում։ Բացի դրանից, OLED-ի արձագանքման ժամանակը գրեթե 0 միլիվայրկյան է։ PS խաղերը, որոնք ցուցադրվում են OLED էկրանին, տեսողականորեն մոտ են կինեմատոգրաֆիկ փորձին․ շարժումները սահուն են, գույները՝ հստակ։

QLED կամ VA վահանակները նույնպես ունեն իրենց առավելությունները․ առանձնանում են բարձր պայծառությամբ, ինչը շատ կարևոր է լուսավոր սենյակներում խաղալիս։ Վահանակները ապահովում են լավ կոնտրաստ և պատկերները կենդանի են երևում։ Դրանց գլխավոր առավելությունն այն է, որ QLED/VA հեռուստացույցները սովորաբար ավելի մատչելի են՝ համեմատած OLED-ի հետ, և առաջարկում են հուսալի որակ՝ ավելի ցածր գներով։

IPS LED վահանակները առանձնանում են լայն դիտման անկյուններով։ Սա նշանակում է, որ եթե սենյակում միաժամանակ մի քանի մարդ է դիտում էկրանը կամ խաղում, բոլորն էլ կարող են վայելել պատկերը առանց գույնի խեղաթյուրման։ Սակայն IPS վահանակները չունեն նույն խորը սև գույնը, ինչ OLED-ը, և հակադրությունը թույլ է, ինչը կարող է նվազեցնել պատկերների կենդանությունը մութ կամ բարդ տեսարաններում։

Եթե ցանկանում եք առավել ընկղմող, թեթևակի կինեմատոգրաֆիկ և բարձր կատարողականությամբ խաղային փորձ՝ OLED տարբերակը լավագույն ընտրությունն է։ Եթե կարևոր է պայծառությունը և մատչելի գինը, QLED/VA վահանակները լավ լուծում են։ IPS-ը հարմար է այն դեպքերում, երբ դիտման անկյունները կարևոր են, բայց լիարժեք HDR և խորը սև գույնի փորձը ցանկալի չէ։ PlayStation 5-ի ամբողջ հնարավորությունները լավագույնս բացահայտվում են OLED էկրանների վրա, հատկապես God of War: Ragnarok կամ Horizon Forbidden West տեսակի խաղերում, որտեղ գրաֆիկան, գույները և ստվերները էական նշանակություն ունեն։ 

Հեռուստացույց՝ լավագույն ձայնի համար

Խաղային լավագույն փորձի համար ձայնըի որակը նույնքան կարևոր է։ Ճիշտ ընտրված հեռուստացույցը պետք է ապահովի հետևյալ պայմանները․

3D Audio աջակցություն
Հեռուստացույցը պետք է կարողանա փոխանցել PS5-ի Tempest Engine-ի 3D Audio-ն, որպեսզի ձայնը շրջապատող և իրական լինի, դուք զգաք յուրաքանչյուր շնչառություն, քայլ ու ձայնի աղբյուր։

eARC HDMI կոնֆիգուրացիա
Փնտրեք հեռուստացույց, որն աջակցում է eARC HDMI տեխնոլոգիային. սա ապահովում է բարձրորակ, անխափան աուդիո փոխանցում դեպի սաունդբար կամ տնային կինոթատրոն, առանց ձայնի կորուստների։

Dolby Atmos աջակցություն
Եթե հեռուստացույցը կամ ձեր սաունդբար/տնային կինոթատրոնը աջակցում է Dolby Atmos տեխնոլոգիային, դուք կլսեք այնպիսի խորությամբ և հստակությամբ, որը լրացնում է պատկերն ու դարձնում խաղը լիարժեք ընկղմող։

Ինտերֆեյս և միացումներ

Խաղային փորձը լավ հեռուստացույցի դեպքում որոշվում է նաև այն հանգամանքով, թե ինչպես է սարքը միացվում բոլոր գաջեթներին և ինչ հզորություն է ապահովում: Ահա հիմնական գործոնները, որոնց պետք է ուշադրություն դարձնել.

HDMI պորտեր
Հեռուստացույցը պետք է ունենա նվազագույնը 3 HDMI պորտ, որից մեկը աջակցի HDMI 2.1 ստանդարտին։ Սա կարևոր է բարձր FPS, 4K 120Hz և 3D Audio-ի համար՝ ապահովելով լիարժեք PS5 խաղային փորձ:

Wi-Fi աջակցություն
Ընտրեք հեռուստացույց՝ Wi-Fi 5 կամ Wi-Fi 6 կապով, որպեսզի ապահովվի կայուն և արագ ինտերնետ՝ օնլայն խաղերի և ստրիմինգի համար:

Bluetooth
Հեռուստացույցի Bluetooth աջակցությունը կարևոր է, եթե ցանկանում եք միացնել ականջակալներ, խաղային վահանակներ կամ այլ անլար սարքեր՝ առանց լրացուցիչ լարերի:

LAN պորտ
Ճիշտ և կայուն ինտերնետի համար LAN պորտը պարտադիր է, հատկապես եթե խաղում եք դիամիկ խաղեր, որտեղ ամեն մի միլիվայրկյան կարևոր է:

eARC աուդիո ելք
Ձայնի որակի և ընկղմող փորձի համար հեռուստացույցը պետք է ապահովի eARC կամ օպտիկական աուդիո ելք, որը միանում է տնային կինոթատրոնին՝ Dolby Atmos և 3D Audio օգտագործելու համար:

Կարճ ասած՝ ճիշտ ինտերֆեյսներն ու միացումները դարձնում են հեռուստացույցը ոչ միայն տեսողական, այլ նաև աուդիո-ստրատեգիական կենտրոն՝ լիարժեք PS5 խաղային փորձի համար։

Եզրակացություն

Եթե ճիշտ ընտրեք հեռուստացույցը, PS5-ը կդառնա ոչ միայն խաղային սարք, այլ իրական տնային կինոթատրոն և լավագույն ժամանցի տարբերակ։ Այցելեք առցանց խանութ և ընտրեք PlayStation 5-ի համար լավագույն հեռուստացույցները։