Ամերիկյան Plug and Play ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ Plug and Play Yerevan-ի հետ կիրականացվեն երկու ինկուբացիոն, երկու նախաաքսելերացիոն և երկու աքսելերացիոն նախագծեր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ամփոփելով անցյալ տարվա արդյունքները, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը:
Plug and Play — հաջողված համագործակցության պատմություն
Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին, համագործակցելով միջազգային հեղինակավոր Plug and Play աքսելերատորի հետ (որը դասվում է աշխարհի հինգ խոշորագույնների շարքին), մեկնարկել էր 26-շաբաթյա աքսելերացիոն նախագիծ։ Այն ժամանակ ծրագրին մասնակցելու համար ընտրվել էր 20 ստարտափ։ Հաշվի առնելով ծրագրի իրականացման առաջին փուլում գրանցված հաջողությունները, մասնակիցների բացառապես դրական արձագանքները և տեխնոլոգիական համայնքի ընդհանուր դրական գնահատականը՝ 2025 թվականի որոշմամբ Plug and Play-ի հետ համագործակցությունը երկարաձգվել է եռամյա գործընկերության ձևաչափով։
Նախարարը հավելել է, որ 2025 թվականի վերջին՝ նոյեմբերին, ընկերությունը Հայաստանում գրանցել է «Plug and Play Yerevan» իրավաբանական անձը, իսկ դեկտեմբերի 12-ին նրա հետ ստորագրվել է համապատասխան պայմանագիր։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն երկու ինկուբացիոն, երկու նախաաքսելերացիոն և երկու աքսելերացիոն նախագծեր։ Դրանցից յուրաքանչյուրին կմասնակցեն 15-ից 20 ստարտափներ։
«Գաղափարից մինչև բիզնես»
Նա նաև նշել է, որ նախարարությունն իրականացրել է ծրագիր՝ նախատեսված սփյուռքի բարձր ներուժ ունեցող տեխնոլոգիական ստարտափների համար։ Ծրագրի շրջանակներում հայտեր են ստացվել աշխարհի 18 երկրներից, հրավիրվել է 32 ստարտափ, որոնցից վեցը ճանաչվել են հաղթող։
Բացի այդ, 2025 թվականին իրականացվել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը։ Գաղափարի փուլի բաղադրիչով ստացվել է 66 հայտ. առաջին փուլն անցած 53 ընկերություններից հաղթող են ճանաչվել 19-ը, որոնցից յուրաքանչյուրը ստացել է մինչև 5 միլիոն դրամի դրամաշնորհ։ Ինկուբացիոն կրթական դասընթացի շրջանակներում գաղափարի փուլի առաջին մակարդակը հաղթահարած ընկերությունները հնարավորություն են ստացել մասնակցել ինկուբացիոն ծրագրին՝ իրենց գաղափարները կոմերցիոնալացնելու և տնտեսության մեջ նոր հավելյալ արժեք ստեղծելու նպատակով։
Ինժեներական քաղաքում արդեն կա 16 «քաղաքացի»
Ամփոփելով անցած տարին՝ նախարարն անդրադարձել է նաև Ինժեներական քաղաքի հարցին։ Նա նշել է, որ ավարտվել են բիզնես-աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները։ «Ցանկանում եմ հիշեցնել, որ 2024 թվականից Ինժեներական քաղաքի տարածքում արդեն գործում է «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնը։ Ներկայումս Ինժեներական քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ունեն 16 ինժեներական ընկերություններ։ Գործունեության հիմնական ուղղություններն են՝ ավտոմոբիլաշինություն, հինգերորդ սերնդի շարժական կապ (5G), միկրոսխեմաների մշակում, միկրոէլեկտրոնիկա, արդյունաբերական իրերի ինտերնետ (IIoT), ռադիոէլեկտրոնային համակարգեր և համալիրներ, կենսաբժշկական ինժեներիա և այլն»,- տեղեկացրել է նախարարը։
65 մասնագետ և 100 ուսանող. ովքեր են պայքարելու կիբերսպառնալիքների դեմ
Նախարարը տեղեկացրել է, որ գործնական հմտությունների կատարելագործման բաղադրիչի շրջանակներում կազմակերպվել է կիբերանվտանգության հաքաթոն՝ ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկի մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 65 մասնագետներ, ովքեր աշխատում են Հայաստանի պետական հատվածում և կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտում։ Կազմակերպվել են նաև ուսանողական հաքաթոններ, որոնց մասնակցել են շուրջ 100 ուսանողներ տասնյակ կրթական հաստատություններից։
Sevan Startup Summit-ը՝ պետության աջակցությամբ
Նախարարը հայտնել է, որ 2025 թվականին Sevan Startup Summit-ն առաջին անգամ անցկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ և համաֆինանսավորմամբ։ Sevan Summit 2025-ի շրջանակներում աշխարհի 40 երկրներից ժամանած ավելի քան 250 ստարտափ թիմեր ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները տարբեր ուղղություններով, զեկուցել է նախարարը։






