Տոնական և նախատոնական զբոսաշրջությունը վերջին տարիներին ձևավորվել է որպես զբոսաշրջության ոլորտի առանձին ուղղություն՝ իր տրամաբանությամբ, սեզոնային առանձնահատկություններով և ճանապարհորդների հատուկ պահանջներով: Շատերի համար տոներին զուգակցված ուղևորությունը ոչ միայն միջավայրի փոփոխություն է, այլև հանգիստը, մշակութային ավանդույթներն ու նախապես պլանավորված տպավորությունները համատեղելու միջոց:

Ինչո՞վ է տոնական զբոսաշրջությունը տարբերվում «սովորական» զբոսաշրջային ուղևորություններից: Ո՞ր ուղղություններն են առավել մեծ պահանջարկ վայելում այս շրջանում: Ի՞նչ խնդիրների են բախվում զբոսաշրջային ընկերությունները «պիկ» սեզոնին, և շուկայական ի՞նչ միտումներ են ձևավորվում վերջին տարիներին: Այս և շատ այլ հարցերի մասին «Economix» հաղորդման եթերում պատմել է «Dubai Tour» զբոսաշրջային ընկերության տնօրեն Հերմինե Ալավերդյանը:

Տոնական ուղևորությունները որպես ավանդույթ և աճող հետաքրքրությունը զբոսաշրջության նկատմամբ

Ըստ Ալավերդյանի՝ տոնական զբոսաշրջությունը շարունակում է մնալ հայ զբոսաշրջիկների համար ամենասպասված ժամանակահատվածներից մեկը: Շատ ընտանիքներ նախապես են պլանավորում ամանորյա ուղևորությունները և դրանք ընկալում են որպես կայացած ավանդույթ:

«Կան մարդիկ, ովքեր ողջ տարին սպասում են հենց Ամանորին՝ հանգստանալու մեկնելու համար, հիմնականում՝ ընտանիքներով: Չնայած այն հանգամանքին, որ այս շրջանում գները կարող են կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել, մարդիկ միևնույն է պատրաստվում են և սպասումով են մոտենում այս տոներին: Կան ընտանիքներ, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում Ամանորն առանց արտերկիր մեկնելու», — նշել է նա:

Ինչպես ընդգծել է «Dubai Tour»-ի տնօրենը, տոնական ուղևորությունների պահանջարկը տարեցտարի շարունակում է աճել: Ընդ որում, բարձր հետաքրքրություն է նկատվում ոչ միայն հայ զբոսաշրջիկների, այլև օտարերկրյա հյուրերի շրջանում, ովքեր Հայաստանն են ընտրում որպես ամանորյա հանգստի ուղղություն:

Եգիպտոսն ու ԱՄԷ-ն՝ տոնական զբոսաշրջության առաջատարներ. պահանջարկի ազդեցությունը գների վրա

Խոսելով ամանորյա տոների ընթացքում ՀՀ քաղաքացիների շրջանում ամենապահանջված ուղղությունների մասին՝ Ալավերդյանն առաջին տեղում դասել է Եգիպտոսը, որն արդեն երկար տարիներ շարունակում է մնալ առաջատար՝ զբոսաշրջիկների թվով:

Նրա խոսքով՝ այս ուղղության հանրաճանաչությունը բացատրվում է մատչելի գնով, ուղիղ չվերթների առկայությամբ, թռիչքի կարճ տևողությամբ և վիզայի պահանջի բացակայությամբ: «Սա ամանորյա հանգստի ամենապարզ և ամենամատչելի տարբերակն է, որը եղել և մնում է պահանջված», — շեշտել է նա:

Երկրորդ տեղում կայուն կերպով գտնվում են Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք տարիներ շարունակ չեն զիջում իրենց դիրքերը այլ երկրների:

Որոշիչ գործոնը հիմնականում գինն է

Պատասխանելով տոնական տուրփաթեթների գների կտրուկ աճի մասին հարցին՝ Ալավերդյանը նշել է, որ առանցքային գործոնը հենց բարձր պահանջարկն է, այլ ոչ թե ծառայությունների ցանկի ընդլայնումը: Նրա խոսքով՝ եթե նախկինում վաղ ամրագրումը թույլ էր տալիս զգալիորեն խնայել, ապա այսօր նույնիսկ Ամանորից ամիսներ առաջ տուրեր փնտրելիս գները մնում են բարձր:

Նա նաև նշել է, որ այս պահին դեպի ԱՄԷ-ի էմիրությունների մեծ մասը, ուր Հայաստանից իրականացվում են ուղիղ չվերթներ, ավիատոմսերը գրեթե ամբողջությամբ սպառված են, իսկ դրանց արժեքը գերազանցում է 1000 դոլարը, ընդ որում՝ վաճառքում մնացել են միայն եզակի տեղեր:

Խոսելով արտերկրյա ուղևորություններ ընտրելիս հայ զբոսաշրջիկների նախապատվությունների մասին՝ Ալավերդյանն ընդգծել է, որ որոշիչ գործոնը հիմնականում մնում է գինը: Միևնույն ժամանակ, ընտանիքները ուշադրություն են դարձնում նաև հյուրանոցների հարմարավետությանը, ծովի առկայությանը, սպասարկման մակարդակին, վիզայի պահանջի բացակայությանը և, ինչը հատկապես կարևոր է, ուղիղ ու կարճ թռիչքին: Հենց այդ պատճառով Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, ըստ նրա, շարունակում են հաղթել տոնական ուղղությունների մրցակցային պայքարում: