Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է շվեյցարական սպորտային կոշիկների և հագուստի արտադրությամբ հայտնի On Holding AG–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 21.14%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $42.40)։ Հաջորդը լիթիումի և ոչ մետաղական քիմիական նյութերի արտադրությամբ զբաղվող Albemarle Corporation–ն է՝ 18.48% աճով ($115.14)։ Եռյակը եզրափակում է կիսահաղորդչային չիպերի արտադրությամբ զբաղվող Tower Semiconductor Ltd.–ը՝ 18.07% աճով ($99.26)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է բիթքոինի մայնինգովև տվյալների մշակման ենթակառուցվածքներով զբաղվող IREN Limited–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 25.67%–ով ($46.37)։ Հաջորդը արհեստական բանականության հաշվարկային հզորություն տրամադրող CoreWeave, Inc.–ն է՝ 25.62% անկումով ($77.36)։ Եռյակը եզրափակում է ամպային տեխնոլոգիական լուծումներ մշակող Nebius Group N.V.–ն է՝ 24.93% անկումով ($83.54)։


ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են խառը ցուցանիշներով․ S&P 500-ը շաբաթը փակել է 0.1% աճով, Dow Jones-ը՝ 0.3% աճով, իսկ Nasdaq-ը՝ 0.5% անկումով։ Nasdaq-ի անկումը գլխավորապես պայմանավորված է նրանով, որ ներդրողներն առայժմ զգուշավորություն են ցուցաբերում՝ սպասելով ԱԲ ոլորտի առաջատար Nvidia-ի ֆինանսական արդյունքների հրապարակմանը։ Դրանք կհաստատեն, կամ կփարատեն ներդրողների մտավախությունները՝ կապված ԱԲ ոլորտի ընկերությունների գերագնահատված լինելու հետ։ 


Գլոբալ շուկաներն ուրբաթ օրն անկում են գրանցել․ MSCI-ի համաշխարհային բաժնետոմսերի ինդեքսը նվազել է 0.44%-ով, Եվրոպայի STOXX 600 և FTSEurofirst 300 ինդեքսները՝ շուրջ 1%-ով, իսկ Ճապոնիայից դուրս ասիական բաժնետոմսերը փակվել են 1.5% անկումով, քանի որ Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների հայտարարությունները նվազեցրել են սպասումները, որ դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցվի։


Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway-ը հայտնել է, որ եւս 4.3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Google-ի մայր ընկերություն Alphabet-ում։ Միաժամանակ, ընկերությունը շարունակում է կրճատել իր բաժնետոմսերի փաթեթը Apple-ում։ Այս հայտարարությունից հետո Alphabet–ի բաժնետոմսերն աճել են 1.7%–ով։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում գնել է առնվազն 82 միլիոն դոլարի կորպորատիվ և մունիցիպալ պարտատոմսեր։ ԱՄՆ կառավարության էթիկայի գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ Թրամփը ներդրումներ է կատարել հատկապես այն ոլորտներում, որոնք շահում են իր քաղաքականության շնորհիվ՝ տեխնոլոգիաներ, բանկեր, չիպերի արտադրություն։


Բիթքոինը ուրբաթ օրը հասել է վերջին վեց ամսվա նվազագույն մակարդակին՝ կազմելով մոտ 95,885 դոլար։ Վերլուծաբանները նշում են, որ բիթքոինը մտել է նվազման փուլ՝ մեկ ամսում կորցնելով ավելի քան 20%։ 


ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերի նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն թուլացել է նոյեմբերի 12-ին ավարտված շաբաթվա ընթացքում։ Պատճառը արհեստական բանականության ոլորտի գերագնահատված լինելու վերաբերյալ կասկածներն են եւ  աշխատաշուկայի թուլացման ազդակները։ Շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը ներգրավել են 1.15 միլիարդ դոլար, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին մեկ ամսում։ Միջին և փոքր կապիտալիզացիայով ֆոնդերից տեղի ունեցած արտահոսքերը միլիարդավոր դոլարների են հասել։ Միաժամանակ, մեծացել է ներհոսքը պարտատոմսային ֆոնդեր՝ 8.96 միլիարդ դոլար, մինչդեռ դրամական շուկայի ֆոնդերից դուրս է բերվել 4.8 միլիարդ դոլար։


Cisco-ի բաժնետոմսերը մոտ 6%–ով աճել են, երբ ընկերությունը բարձրացրել է իր տարեկան եկամուտների և շահույթի կանխատեսումները՝ իր ամպային ծառայությունների և ԱԲ ենթակառուցվածքների մեծ պահանջարկի շնորհիվ։ Գլխավոր գործադիր տնօրեն Չակ Ռոբինսը հայտնել է, որ 2025 ֆինանսական տարվա համար արդեն ստացվել է ավելի քան 2 միլիարդ դոլարի պատվեր ԱԲ ոլորտում։ 


AMD-ի բաժնետոմսերը 7% աճ են գրանցել, երբ ընկերությունը հայտարարել է, որ տարեկան 100 միլիարդ դոլարի եկամուտ է ակնկալում ստանալ տվյալների կենտրոնների բիզնեսից և մեծացնել իր ներկայությունը արհեստական բանականության շուկայում։


SoftBank-ի բաժնետոմսերը 10%–ով նվազել են այն բանից հետո, երբ ընկերությունը վաճառել է իր 5.8 միլիարդ դոլար արժողությամբ Nvidia–ի բաժնետոմսերը՝ ազատված միջոցներն ուղղելով OpenAI-ում, չիպ արտադրող Ampere–ում և ABB-ի ռոբոտատեխնիկայի բիզնեսում խոշոր ներդրումներ կատարելու համար։ Վերլուծաբանների գնահատմամբ SoftBank-ը մոտ 41 միլիարդ դոլարի նոր ֆինանսական պարտավորություններ է վերցրել, մինչդեռ ընկերության դրամական պաշարները կազմում են շուրջ 27.9 միլիարդ դոլար։


2025 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. օգոստոսի 31–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 19.7 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.2779 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.6 տոկոս:


Եվրագոտու տնտեսությունը, ինչպես եւ կանխատեսվում էր, երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.2%–ով, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 1.4%։ Եվրագոտու այս «դիմացկունությունը» համաշխարհային առեւտրի լարվածության պայմաններում հիմնականում բացատրվում է Իսպանիայի եւ Ֆրանսիայի կայունցուցանիշներով, որոնք փոխհատուցել են Գերմանիայի՝ երեք տարի շարունակվող ստագնացիան։


Reuters-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների 80%-ը կանխատեսում է, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը դեկտեմբերի 10-ին կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։ Սակայն եթե տվյալները ցույց տան, որ աշխատաշուկայի ռիսկերն այնքան էլ մեծ չեն, ապա դեկտեմբերյան նվազեցումը կարող է կասկածի տակ դրվել։Հարցվածների կարծիքով՝ գործազրկությունը հաջորդ տարի կհասնի 4.5%–ի։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։