lԱռնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է ԴՆԹ և ՌՆԹ–թերապիաների մշակմամբ զբաղվող Avidity Biosciences, Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 42.12%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $69.85)։ Հաջորդը էներգետիկ և նավթարդյունահանման ոլորտում գործող արգենտինական YPF Sociedad Anónima–ն է՝ 35.18% աճով ($36.43)։ Եռյակը եզրափակում է ուռուցքաբանության ոլորտում արյան թեստերի և գենետիկական հետազոտությունների առաջատար Guardant Health, Inc.–ը՝ 28.93% աճով ($93.02)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ֆինանսական տեխնոլոգիաների և վճարային լուծումների մատակարար Fiserv, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 46.72%–ով ($66.69)։ Հաջորդը կենսատեխնոլոգիական և գիտահետազոտական հաստատությունների անշարժ գույքի ոլորտում գործող Alexandria Real Estate Equities, Inc.–ն է՝ 24.79% անկումով ($58.22)։ Եռյակը եզրափակում է ամերիկյան ռեստորանային ցանց Chipotle Mexican Grill, Inc.–ը՝ 23.06% անկումով ($31.69)։


ԱՄՆ ֆոնդային շուկաները երրորդ անընդմեջ շաբաթն ավարտել են աճով։ S&P 500-ը աճել է 0.26%-ով, Dow Jones-ը 0.09%-ով՝, իսկ Nasdaq-ը՝ 0.61%-ով։ Շուկաների դրական դինամիկան պայմանավորված է եղել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ Amazon-ի և Apple-ի ֆինանսական արդյունքներով։


Բիթքոինը հոկտեմբերին մոտ 5% անկում է գրանցել՝ ընդհատելով յոթ տարվա անընդմեջ աճի միտումը։ Գնանկումը պայմանավորված է շուկայի անորոշությամբ, ներդրողների զգուշավորությամբ և ԱՄՆ նախագահի՝ Չինաստանից ներմուծման վրա 100% մաքսատուրք սահմանելու մասին հայտարարությամբ, ինչը կրիպտո շուկայի պատմության ամենամեծ լիկվիդացիայի պատճառ էր դարձել։ Չնայած անկմանը՝ բիթքոինը այս տարվա ընթացքում աճել է ավելի քան 16%-ով։


Apple-ի բաժնետոմսերը շաբաթվա վերջին աճել են մոտ 2%-ով՝ դրական կանխատեսումների ֆոնին, որոնք հուշում են, որ iPhone 17 մոդելների բարձր պահանջարկը խթանում է վաճառքի տեմպի վերականգնումը՝ չնայած դեպի Չինաստան մատակարարումների ուշացումներին։ Սեպտեմբերյան թողարկումից հետո ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 4 տրիլիոն դոլարը։ Նոր կանխատեսումները նաև մեղմել են ներդրողների մտահոգությունները՝ կապված Apple-ի կողմից արհեստական բանականության հնարավորությունների ինտեգրման դանդաղ տեմպերի հետ։


Amazon-ի բաժնետոմսերը ուրբաթ օրն աճել են ավելի քան 11%-ով՝ ամպային ծառայությունների և վաճառքների լավ ցուցանիշների շնորհիվ, որոնք ցրել են մտահոգությունները ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում մրցակիցներից հետ մնալու վերաբերյալ։ Amazon Web Services-ի եկամուտները երրորդ եռամսյակում աճել են 20%-ով՝ հասնելով 33 միլիարդ դոլարի՝ գրեթե կրկնակի գերազանցելով Google Cloud-ի ցուցանիշը։


Հոկտեմբերի 29-ին ավարտված շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի համաշխարհային ֆոնդերը ներդրումների կտրուկ աճ են գրանցվել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $10.58 միլիարդ։ Պարտատոմսերի ֆոնդերը ներդրումների աճ են արձանագրել  արդեն 28-րդ շաբաթն անընդմեջ՝ $11.84 միլիարդ։ Դրամական շուկայի ֆոնդերում  ներդրումները, սակայն, նվազել են՝ կազմելով $3.26 միլիարդ։ Ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը վերջին տասը շաբաթների ընթացքում առաջին անգամ գրանցել են $4.17 միլիարդ արտահոսք։


Mastercard-ը երրորդ եռամսյակում գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները՝ գրանցելով $3.96 միլիարդ շահույթ։ Ընկերության եկամուտը աճել է 17%-ով՝ հասնելով $8.6 միլիարդի, իսկ միջազգային գործարքներն աճել են 15%-ով։ Mastercard-ի գործադիր տնօրեն Մայքլ Միբահը ընդգծել է ընկերության ակտիվ ներգրավվածությունը «agentic commerce»-ի և ստեյբլքոյնների ոլորտներում՝ նշելով, որ դրանք կփոխակերպեն վճարային համակարգը և կնվազեցնեն գործարքների արժեքը։


Microsoft-ը հայտնել է ռեկորդային՝ գրեթե $35 միլիարդ կապիտալ ծախսերի մասին՝ կապված արհեստական բանականության և ամպային ծառայությունների աճող պահանջարկի հետ։ Ընկերությունը նախազգուշացրել է, որ ծախսերը շարունակելու են աճել։ Microsoft-ի բաժնետոմսերը երկարաձգված առևտրի ընթացքում նվազել են մոտ 4%-ով։ Այնուամենայնիվ, ծախսերն արդեն արդյունք են տալիս․ Azure ամպային բիզնեսը աճել է 40%-ով՝ գերազանցելով կանխատեսումները, իսկ հասույթը հասել է $77.7 միլիարդի, ինչը նախորդ տարվա համեմատ 18%-ով ավելի է։


2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. նոյեմբերի 2–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 25 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.6308 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.9 տոկոս:


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն անցած չորեքշաբթի նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։ Նախագահ Ջերոմ Փաուելը ակնարկել է, որ սա կարող է լինել 2025 թվականի վերջին նվազեցումը՝ հաշվի առնելով, որ Կենտրոնական բանկի ներսում տարաձայնություններ կան, իսկ կառավարության «shutdown»-ի պատճառով տնտեսական հիմնական ցուցանիշերն առկա չեն։


Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հոկտեմբերի 30-ին երրորդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ պատճառաբանելով, որ տնտեսական ռիսկերը նվազում են, իսկ գնաճը շարունակում է մոտ մնալ թիրախային ցուցանիշին։ ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մաքսատուրքերի նվազեցման, Գազայում հրադադարի և ԵՄ–ԱՄՆ առևտրային համաձայնության շնորհիվ աճին սպառնացող ռիսկերը մեղմվել են։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։