Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Advanced Micro Devices–ը։ Արհեստական բանականության և բարձր արտադրողականությամբ չիպերի մշակմամբ զբաղվող տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 30.50%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $214.90)։ Հաջորդը արբանյակային բջջային կապի ոլորտում գործող AST SpaceMobile, Inc.–ն է՝ 21.06% աճով ($82.03)։ Եռյակը եզրափակում է բիթքոին մայնինգով և տվյալների կենտրոնների կառավարմամբ զբաղվող IREN Limited–ը՝ 18.45% աճով ($59.77)։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է հեղուկ բնական գազի արտահանմամբ զբաղվող Venture Global, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 32.26%–ով ($9.45)։ Հաջորդը շքեղ ավտոմեքենաների արտադրող Ferrari N.V.–ն է՝ 21.04% անկումով ($395.72)։ Եռյակը եզրափակում է ներդրումային և ֆինանսական ծառայություններ մատուցող Jefferies Financial Group Inc.–ը՝ 18.48% անկումով ($50.89)։


Նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ ֆոնդային շուկան փակվեց կտրուկ անկումով։ Շաբաթական արդյունքներով S&P 500-ը նվազեց մոտ 3.4%-ով՝ գրանցելով իր ամենամեծ շաբաթական անկումը մայիսից ի վեր, Nasdaq-ը՝ շուրջ 4.2%-ով՝ առավելագույն մեկշաբաթյա անկումը ապրիլից ի վեր, իսկ Dow Jones-ը՝ մոտ 2.6%-ով։ Զանգվածային վաճառքի այս ալիքը պայմանավորված էր նախագահ Թրամփի անակնկալ որոշմամբ՝ Չինաստանից ներկրվող ապրանքների վրա 100% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ։ Ներդրողները սկսեցին զանգվածաբար վաճառել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Nvidia-ի, Tesla–ի և Amazon-ի բաժնետոմսերը՝ վախենալով առևտրային պատերազմի խորացումից և մատակարարման շղթաների խափանումներից, հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանը խստացրեց հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողությունը։


Արդեն երկուշաբթի բորսաները վերականգնման նշաններ ցույց տվեցին, քանի որ Դոնալդ Թրամփն իր շոկային հայտարարությունից երկու օր անց մեղմել էր հռետորաբանությունը Չինաստանի հարցում՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «վնասել» Պեկինին։ ԱՄՆ ֆյուչերսների ինդեքսները և եվրոպական բորսաները աճ գրանցեցին, նավթի գները վերականգնվեցին, իսկ ոսկու գինը հասավ նոր ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 4000 դոլար 1 ունցիայի դիմաց, ինչը ցույց է տալիս, որ շուկայում դեռ պահպանվում է անորոշությունը։ Դոլարը նույնպես կայունացավ երկուշաբթի։ Նախորդ շաբաթվա կորուստներից հետո ամերիկյան արժույթի ինդեքսը բարձրացավ 0.2%-ով՝ հասնելով 99.2-ի։


Անցած շաբաթ եվրոպական բաժնետոմսերը նույնպես փակվեցին անկումով՝ ուրբաթ օրը գրանցված  մեծ կորուստների պատճառով։ STOXX 600 ինդեքսը նվազեց 1.2%-ով՝ գլխավորապես ավտոարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի թուլացման հետեւանքով։


Խոշոր չիպարտադրող TSMC ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում դրական արդյունքներ է գրանցել։ Ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 30%-ով՝ հասնելով 32.5 միլիարդ դոլարի, գերազանցելով վերլուծաբանների սպասումները։ Այս աճը պայմանավորված է արհեստական բանականության մեջ օգտագործվող չիպերի բարձր պահանջարկով։ Այս տարվա ընթացքում TSMC-ի բաժնետոմսերն աճել են 34%-ով։


Հոկտեմբերի 8-ին ավարտված շաբաթվա ընթացքում համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերի մուտքերը հասել են վերջին երեք շաբաթների նվազագույն մակարդակին՝ 2.03 մլրդ դոլար, ինչը գրեթե 96% պակաս է նախորդ շաբաթվա 48.8 մլրդ դոլարից։ Նվազման պատճառ են դարձել ԱՄՆ կառավարության «shutdown»-ի և Ֆրանսիայի կառավարությունում տիրող ճգնաժամային իրավիճակի հետ կապված ռիսկերը։ Միաժամանակ, պարտատոմսերի ֆոնդերը հասել են հնգամյա առավելագույնին՝ 25.8 մլրդ դոլարի մուտքեր, իսկ դրամական շուկայի ֆոնդերն աճել են մինչև 64.45 մլրդ դոլար՝ ամենաբարձր ցուցանիշը օգոստոսից ի վեր։


ԱՄՆ տնտեսությունը NABE կազմակերպության կողմից իրականացված հարցման արդյունքներով 2025-ին կպահպանի աճի նույն միջին տեմպը՝ չնայած սպառման և գլոբալ առևտրի դանդաղմանը։ Սակայն անկայունաշխատաշուկան, գործազրկության աճը և համառ գնաճը կմնան հիմնական խնդիրները։ Հարցված տնտեսագետների ավելի քան 60%-ը նշել է, որ Թրամփի վարչակազմի ներմուծման նոր մաքսատուրքերը կկրճատեն տնտեսության աճը մինչև 0.5 տոկոսային կետով։ Գնաճը տարեվերջին կկազմի 3%՝ 2026-ին դանդաղելով մինչև 2.5%։ Կանխատեսվում է, որ գործազրկությունը կբարձրանա մինչև 4.5%, ինչը փոքր-ինչ ավելի լավ ցուցանիշ է, քան հունիսյան 4.7%-ը։ Դաշնային պահուստային համակարգը, ըստ տնտեսագետների, կշարունակի տոկոսադրույքների նվազեցումը, սակայն ավելի դանդաղ տեմպով, քան շուկան էր ակնկալում։


Չնայած ԱՄՆ կառավարության՝ երկրորդ շաբաթը շարունակվող «shutdown»-ին՝ սպառողների վստահության հոկտեմբերյան ինդեքսը հոկտեմբերին գրեթե անփոփոխ է մնացել՝ կազմելով 55.0՝ սեպտեմբերի 55.1-ի համեմատությամբ։ Հարցվածների արձագանքներից երևում է, որ բարձր գների և աշխատանքի հնարավորությունների սահմանափակման խնդիրները շարունակում են մտահոգել մարդկանց, սակայն կառավարության  «shutdown»-ը դեռևս զգալի ազդեցություն չի թողել նրանց տնտեսական ընկալումների վրա։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։