Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է AST SpaceMobile, Inc.–ը։ Արբանյակային բջջային կապի տեխնոլոգիաներ մշակող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 38.03%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $67.76)։ Հաջորդը տվյալների պահպանման և հիշողության սարքերի արտադրությամբ զբաղվող Sandisk Corporation–ն է՝ 32.22% աճով ($128.41)։ Եռյակը եզրափակում է քվանտային հաշվարկների ոլորտում գործող Rigetti Computing, Inc.–ը՝ 28.48%աճով ($40.06)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է սպորտային խաղադրույքների հարթակ DraftKings Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 16.42%–ով ($35.37)։ Հաջորդը էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման ծառայություն մատուցող DocuSign, Inc.–ն է՝ 14.46% անկումով ($69.73)։ Եռյակը եզրափակում է սոցիալական հարթակ Reddit, Inc.–ը՝ 13.71%անկումով ($207.20)։


ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթը փակել են հիմնականում աճով․ Dow Jones-ը և S&P 500-ը հասել են ռեկորդային նոր մակարդակների, մինչդեռ Nasdaq-ը փոքր-ինչ նվազել է տեխնոլոգիական բաժնետոմսերի անկման պատճառով։ Շաբաթվա ընթացքում Dow Jones –ն աճել է մոտ 1.2%-ով, S&P 500-ը՝ շուրջ 0.7%-ով, իսկ Nasdaq-ը նվազել է մոտ 0.4%-ով։ Ներդրողները սպասում են, որ Դաշնային պահուստային համակարգը շուտով կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ տնտեսությունը անկման նշաններ է ցույց տալիս, իսկ ԱՄՆ կառավարությունը շարունակում է մնալ «shutdown» –ի վիճակում։


ԱՄՆ դոլարը շաբաթը փակել է անկումով՝ գրանցելով վերջին մի քանի ամսվա ամենամեծ կորուստները, քանի որ աճել են կառավարության «shutdown»-ի երկարաձգման վերաբերյալ  մտահոգությունները, ինչը կնվազեցնի վստահությունը ԱՄՆ տնտեսության նկատմամբ։ Դոլարի ինդեքսը նվազել է 0.1%-ով՝ հասնելով 97.69-ի, մինչդեռ եվրոն աճել է 0.2%-ով։ Բիթքոինը նույնպես աճել է 2%–ով՝ հասնելով  ռեկորդային մակարդակի՝ ավելի քան $122.000։


Ոսկու գները բարձրացել են 3%–ով՝  աճ գրանցելով 7–րդ շաբաթն անընդմեջ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներդրողները փնտրում են ապահով ակտիվներ ԱՄՆ կառավարության «shutdown»—ի պայմաններում։ Վերլուծաբանները նշում են, որ որքան երկար շարունակվի «shutdown»–ը, այնքան ավելի կամրապնդվի ոսկին։ UBS բանկը կանխատեսում է, որ առաջիկա ամիսներին ոսկու գները կարող են հասնել մինչև $4,200-ի։


Եվրոպական ֆոնդային շուկաներն ամենահաջող շաբաթն են գրանցել ապրիլից ի վեր՝  հիմնականում առողջապահական, բանկային և հանքարդյունաբերական ոլորտների բաժնետոմսերի աճի ֆոնին, քանի որ մեծացել է լավատեսությունը ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման շուրջ։ STOXX 600 ինդեքսը շաբաթվա ընթացքում աճել է 2.8%-ով։  Եվրագոտու ծառայությունների ոլորտի ակտիվության աճը նույնպես նպաստել է շուկայի վերելքին։


Հազվագյուտ հանքանյութեր արդյունահանող ամերիկյան Rare Earth ընկերության բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 18%–ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի, այն բանից հետո, երբ ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Սպիտակ Տան հետ համագործակցության շուրջ։ Ընկերությունն այս պահին էապես շահում է ԱՄՆ քաղաքականությունից, որի նպատակն է բարձր տեխնոլոգիաներում օգտագործվող հազվագյուտ հանքանյութերի ոլորտում նվազեցնել կախվածությունը Չինաստանից։


Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը շաբաթվա ընթացքում գրանցել են կապիտալի ամենամեծ ներհոսքը վերջին 11 ամսում՝ $49.2 միլիարդ։ Պարտատոմսերի ֆոնդերը նույնպես ներհոսք են գրանցել 24-րդ շաբաթն անընդմեջ։ Դրամային շուկայի ֆոնդերն այս շաբաթ ներգրավել են $8.84 միլիարդ՝ գրանցելով առաջին ներհոսքը երեք շաբաթվա ընթացքում։


2025 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հոկտեմբերի 5–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 15.3 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4269 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1259 տոկոս:


ԱՄՆ կառավարության «shutdown»-ը հետաձգել է աշխատաշուկայի ամսական զեկույցի հրապարակումը, ինչի արդյունքում Wall Street-ն այս շաբաթ մնացել է առանց կարևորագույն տնտեսական տվյալների, որոնք սովորաբար ներդրողներին կարևոր պատկերացում են տալիս տնտեսության և Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության մասին։ Վերլուծաբանները կարծում են, որ տվյալների երկար բացակայությունը կարող է շուկան դարձնել ավելի անկայուն եւ  ռիսկային։


Սեպտեմբերին ԱՄՆ սպառողների վստահությունը նվազել է ավելի շատ, քան սպասվում էր։ Սպառողների վստահության ինդեքսը նվազել է 3.6 կետով՝ հասնելով 94.2-ի, ինչը ցածր է կանխատեսված 96.0-ից։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։